«10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում ապրիլի 25-ին նախատեսվում է տնկել շուրջ 300.000 տնկի

https://eco.am/10-%d5%b4%d5%ac%d5%b6-%d5%ae%d5%a1%d5%bc-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%b1%d5%a5%d5%bc%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%b8%d6%82%d5%b4/

Ապրիլի 25-ին նախատեսված համապետական ծառատունկին ընդառաջ, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ կայացել է աշխատանքային հանդիպում-քննարկում, որին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Արթուր Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պավել Ցուգունյանը և նախարարի խորհրդականները։
Քննարկվել են ծառատունկը հավուր պատշաճի իրականացնելու համար անհրաժեշտ քայլերն ու գործիքակազմերը։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պավել Ցուգունյանը նախարարին  զեկուցել է, որ համապետական ծառատունկի ընթացքում նախատեսվում է.
100.000 տնկի, այդ թվում՝ վայրի խնձորենի, տանձենի և ընկուզենի հատկացնել Երևանի քաղաքապետարանին և հանրապետության խոշոր քաղաքներին ու համայնքներին՝ պուրակներում ու զբոսայգիներում ծառատունկ իրականացնելու համար,
200.000 տնկի տրամադրել մարզպետարաններին՝ տեղական ինքնակառավարման մարմինների և պետական գերատեսչությունների հետ համատեղ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնկարկներում նախանշված տարծքներում տնկելու համար։
Նախարարը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել ծառատունկի համար հատկացված համապատասխան բնութագրեր ունեցող անտառային տարածքների քարտեզագրմանը՝ հողի որակ, տեղումներ և այլն, ինչպես նաև հետևողական լինել տնկանյութի մատակարարումը ճշգրիտ կազմակերպելուն։
«Սա իր մասշտաբներով աննախադեպ ծառատունկ է, մեր համատեղ ջանքերն էլ ավելի եռանդուն պետք է լինեն։ «10 մլն ծառ» նախաձեռնությամբ  Հայաստանն ուրվագծում է իր կանաչ ապագան, և մենք պետք է պատվով հաղթահարենք այս մարտահրավերը»,- աշխատանքային հանդիպումը եզրափակել է նախարարը։
«10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում իրականացվող համապետական ծառատունկի կազմակակերպչական աշխատանքների համար նախատեսված են նաև միջգերատեսչական հանդիպումներ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով