Օրեր առաջ, Ֆրանսիայի Մոնպելիեի քաղաքապետարանին հարող ընդարձակ զբոսայգին անվանակոչվել է Հայաստանի անունով՝ ի նշան հայ-ֆրանսիական բարեկամության։
Այգու բացմանը Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանն իր երախտիքի խոսքն է հայտնել Մոնպելիեի քաղաքային խորհուրդին և քաղաքապետ Դըլաֆոսին՝ քաղաքի կենտրոնական զբոսայգիներից մեկը Հայաստանի անունով անվանակոչելու որոշման համար․ «Այն հարգանքի տուրք է Հայաստանի և Մոնպելիեի միջև ամուր բարեկամությանը, որը սկիզբ է առնում դեռևս միջնադարից, երբ ակտիվ շփումներ էին հաստատվել Ֆրանսիայի պատմական Լանգըդոկ շրջանի և Կիլիկյայի հայկական թագավորության միջև»,- ընդգծել է դեսպանն ու հիշատակել հայոց վերջին արքայի՝ Լևոն 5-րդ Լուսինյանի հանդիսավոր հյուրընկալումը Մոնպելիե քաղաքում։
Ելույթներին հաջորդել է մշակութային ծրագիր, որի ընթացքում հնչել են Եղիշե Չարենցի բանաստեղծությունները, Շառլ Ազնավուրի և մի շարք այլ հայ հեղինակների երգեր՝ Մոնպելիեի Հայկական ընկերակցության դպրոցի երեխաների կատարմամբ, ինչպես նաև դուդուկով կատարումներ ու հայկական ազգագրական պարեր՝ Ֆրանսահայ Երիտասարդաց Միության (JAF) ներկայացուցիչների մատուցմամբ։






Թողնել մեկնաբանություն