Օդի աղտոտվածության 70%-ը տրանսպորտային միջոցների արտանետումներն են․ Գայանե Շահնազարյան

https://eco.am/%d6%85%d5%a4%d5%ab-%d5%a1%d5%b2%d5%bf%d5%b8%d5%bf%d5%be%d5%a1%d5%ae%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-70-%d5%a8-%d5%bf%d6%80%d5%a1%d5%b6%d5%bd%d5%ba%d5%b8%d6%80%d5%bf%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b4/

«Հայաստանում օդի աղտոտվածության հիմնական պատճառը շարժական աղբյուրներն են։ Աղտոտվածության 70%-ը տրանսպորտային միջոցների արտանետումներն են»,- լրագրողների հետ հանդիպմանը Eco.am սոցիալական հարթակին ասաց «Հիդրոօդերեւութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը։

«2017 թվականի համեմատ աղտոտվածության մակարդակն աճել է 35-40% ով։ Պատճառը տրանսպորտային միջոցների քանակի ավելացումն է, որի հետևանքով էլ մթնոլորտային օդում ավելացել են՝

1․ ածխածնի օքսիդի կոնցենտրացիան,

2․ ցնդելի օրգանական միացությունների կոնցենտրացիան,

3․ ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան»,- թվարկեց մասնագետն ու պնդեց, որ անշարժ աղբյուրներն էլ դերակատարություն ունեն օդի աղտոտվածության մեջ, սակայն՝ համեմատաբար քիչ։

Անդրադառանալով այն դիտարկմանը, թե Երևանում ընթացող ակտիվ շինարարությունն էլ մեծ դերակատարություն ունի, Շահնազարյանը չբացառեց, բայց շեշտեց․ «Երեւանում օդի գրեթե բոլոր աղտոտիչների մասով աճ է գրանցվել, ինչը համարժեք է արտանետումների աճին։ Ընդ որում, ըստ կարգի, շինհրապարակներում կառուցապատողները պետք է անթափանց ցանցեր կիրառեն, ջրցաններ օգտագործեն, շինաղբը ծածկված տեղափոխեն։ Բայց օդի աղտոտվածության հիմնական պատճառը միայն շինարարությունը չէ, պարզապես շինարարության հետևանքով առաջացած փոշին տեսանելի է, իսկ ածխածնի մոնօքսիդի ու ազոտի երկօքսիդի դեպքում մենք շնչում ենք անտեսանելի, անգույն գազեր»։

Ըստ Գ․ Շահնազարյանի եթե նախկինում ամենաղտոտված քաղաք համարվում էր Ալավերդին, ապա այսօր այնտեղ իրավիճակը բարելավվել է՝ պղնձամոլիբդենային կոմբինատի փակման արդյունքում։

«Եթե 2017-ին Ալավերդիում արձանագրվել էր 38 հազար տոննա ծծմբի արտանետում, ինչն էլ իր հետ բերում էր ծծմբի երկօքսիդի բարձր գերնորմատիվային աղտոտվածության, հիմա նման բան չկա»,- տեղեկացրեց Շահնազարյանն ու արձանագրեց, որ այսօր իրավիճակը ծայրահեղ է Երևանում։

«Մշտադիտարկումն իրականացնում ենք Կենտրոն, Արաբկիր, Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջաններում, որոնցից փոշով ամենաաղտոտվածը Կենտրոն ու Շենգավիթ վարչական շրջաններն են։ Որոշ ժամանակահատվածներում նաև Նոր Նորքը, քանի որ օդի աղտոտվածությունը տեղային չէ։ Այն գլոբալ խնդիր է, քամու միջոցով է տարածվում։ Օրինակ, սեպտեմբերի 21-ին, երբ Երևանում փոշու կոնցենտրացիան 12 անգամ գերազանցեց նորման ՝ անապատներից փոշին օդային հոսանքների միջոցով հասել էր Հայաստան։ Օդային բարձր աղտոտվածություն այդ օրը դիտվել է նաև Արարատում եւ Գյումրիում»,- եզրափակեց «Հիդրոօդերեւութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը։  

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով