Գարնան գալուն պես մայրաքաղաքի փողոցներում վաճառքի են հանվում դեղին ձնծաղիկը՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված Շտերնբերգիա ֆիշերի անվամբ ծաղիկը։
Eco.am սոցիալական հարթակը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ Կարմիր գրքում գրանցված բույսերի ոչնչացման կամ հավաքի համար ՀՀ օրենքով սահմանվում է տուգանք։
Մասնավորապես՝ կրիտիկական վիճակում գտնվող Շտերնբերգիա ֆիշերի բույսի հավաքի յուրաքանչյուր միավորի (հատի) համար տուգանքը կազմում է 25000 դրամ, իսկ 200000 դրամը գերազանցելու դեպքում՝ հնարավոր է քրեական պատասխանատվություն սահմանել։
Շտերնբերգիա ֆիշերը համարվում է կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։ Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանի մեկ աճելավայրից՝ Ներքին Վաչագան գյուղի շրջակայքում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Աճում է ստորին լեռնային գոտում, ծովի մակերևույթից 600-800 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ, խոտածածկ, անտառային լանջերին, շիբլյակում: Ծաղկում է փետրվար-մարտ ամիսներին, պտղաբերում` մայիսին: Ծաղիկները հայտնվում են վաղ գարնանը տերևների հետ միասին:
Բազմամյա սոխուկավոր բույս՝10-15 սմ բարձր.: Սոխուկները կլոր 2,5-3,5 սմ տրամագծով, ծածկված դարչնագույն կամ սևավուն թեփուկներով: Տերևները՝ գոտիանման, տափակ, փայլուն, մուգ-կանաչ, բութ գագաթով, հիմքում` հազիվ ողնուցավոր, մինչ 20 սմ երկարությամբ: Ծաղիկները վառ-դեղին, նստադիր կամ կարճ, մինչև 5 մմ երկարությամբ կոթունով: Տուփիկը՝ 10-15 մմ տրամագծով, երկարավուն-էլիպսաձև: Սերմը՝ սերմնաթիկնոցով:
Ի դեպ
1․Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 0 կարգավիճակով` անհետացած տեսակ:
2․ Ընդգրկված է CITES-ի կոնվենցիայի 2-րդ հավելվածում:
3․Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:






Թողնել մեկնաբանություն