Հայաստանի պատմության թանգարանում պահվող շուրջ 400 000 առարկայից բաղկացած ազգային հավաքածուի 35 տոկոսը հնագիտական իրեր են` պեղված Հայաստանի տարածքից: Դրանց թվում բրոնզեդարյան փայտյա կառքեր են, ցեղային առաջնորդների դամբարաններից պեղված ծիսական օջախներ և պատվանդաններ, կավանոթներ, թրծակավե և բրոնզե քանդակներ, զենքեր, զարդեր, սպասք, բազմաֆիգուր սյուժետային տեսարաններով դրվագված գավաթներ ու գոտիներ, որոնցից յուրաքանչյուրը խոսուն վկայություններ են պարունակում նախնիների պաշտամունքի, տիեզերական պատկերացումների, արևի, ջրի և պտղաբերության գաղափարը խորհրդանշող հավատալիքների մասին:
Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ Eco.am–ը ներկայացնում է Հայաստանի պատմության թանգարանում պահվող Քարաշամբի քառասունդարյա գավաթը, որի վրա մի ամբողջ առասպել կա պատկերված։ Գավաթը թվագրվում է Ք․ա․ 22-21-րդ դարերով:
Ինչպես է հայտնաբերվել գավաթը
1987 թվականին, Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղում պեղումների ժամանակ, հնագետ Վահան Հովհաննիսյանը հայտնաբերում է ավելի քան քառասունդարյա հնության մի գավաթ, որն իր ուրույն տեղն ունի Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական հավաքածուի մեջ։
Արծաթե դրվագազարդ գավաթը, բազմաթիվ այլ թանկարժեք իրերի հետ հայտնաբերվել է «արքայական» դամբարանում: Այն հին արևելյան պատկերագրության անկրկնելի նմուշ է և բացառիկ նշանակություն ունի միջին բրոնզեդարյան Հայաստանի հոգևոր և նյութական մշակույթի մասին պատկերացում կազմելու հարցում:
Ինչ վկայություն ունի գավաթը
Քարաշամբի գավաթը վկայում է տեղաբնիկների մետաղի մշակման և կիրառական արվեստում ունեցած բացառիկ առաջընթացի մասին: Գավաթի առկայությունն ապացուցում է, որ տարածաշրջանը լուրջ արտադրական և մշակութային կենտրոն է եղել և սերտ կապեր է ունեցել խեթական աշխարհի և Միջագետքի կենտրոնների հետ։
Առասպելական սյուժե՝ քառասունդարյա գավաթին
Գավաթի իրանին արված վեց հորիզոնական դրվագազարդ գոտիների վրա ներկայացված է հնագույն հնդեվրոպական առասպելական սյուժե. պատկերված է վարազի որսի, երկու ցեղերի միջև ծագած գժտության, մարտի և պարտված կողմի առաջնորդների մահապատժի պատմությունը: Այդ սյուժեն կապվում է հնդեվրոպական դիցաբանական պատկերացումների հետ և խոսում է միջին բրոնզի դարում Հայաստանի և Հարավային Կովկասի տարածքում բնակվող ժողովրդի հնդեվրոպական ծագման մասին: Քարաշամբի գավաթը համարվում է ամենահին հուշարձանը, որը պատկերագրության լեզվով վերոհիշյալ պատումը մեզ է հասցրել ամբողջական տեսքով:
Հնագիտական արժեքի հետ մեկտեղ ոչ սովարական գավաթը կիրառական արվեստի եզակի նմուշ է: Ընդամենը 13 սմ բարձրությամբ գավաթի վրա հմուտ վարպետը կարողացել է առասպելը ներկայացնել բոլոր մանրամասներով և իր ժամանակի համար բացառիկ վարպետությամբ՝ համաչափ, արտահայտիչ և կենդանի պատկերներով: Գավաթի վրա ամենայն մանրամասնությամբ պատկերված են 25 մարդկային, 36 կենդանու և 60-ից ավելի տարբեր առարկաների պատկերներ՝ միջինում 3 սմ բարձրությամբ։
Եզակի գավաթը՝ աշխարհի թանգարաններում
Քարաշամբի գավաթը ցուցադրվել է աշխարհի տարբեր թանգարաններում, մասնավորապես Նյու Յորքի Մետրոպոլիտեն Արվեստի թանգարանում, Մոսկվայի Ռուսաստանի պատմության թանգարանում, Ֆրանսիայում՝ Նանտի Դոբրե թանգարանում, Լիոնի Գալլո-ռոմանական քաղաքակրթության, Առլի Արվեստի թանգարաններում, Բուդապեշտում՝ Կարոլի Միհալի պալատում, Թեհրանում՝ Իրանի ազգային թանգարանում և այլուր:
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թվականի դրամաշնորհային ծրագրի շրջանակում պատրաստվել է «Քարաշամբի գավաթը․ պատմության քառասունդարյա վկան» անիմացիոն հոլովակ, որում ներկայացված է աշխարհում եզակի նմուշ համարվող գավաթը։ Այդ յուրօրինակ նմուշի վրա դրվագված են հնագույն ծիսական-խորհրդանշական տեսարաններ։
Մանրամասները՝ տեսանյութում․






Թողնել մեկնաբանություն