2009 թվականից Արգենտինական Կապիովի քաղաքում պլաստիկ իրերը դեն չեն նետում։ Շշերը, պոլիէթիլենային տոպրակները, չօգտագործված լամպերը վերամշակման ենթարկվելով վերածվում են զարդարանքի իրերի։ Արդեն տասը տարուց ավելի այս քաղաքում հատուկ արկղեր են տեղադրված, որտեղ բնակիչները կլոր տարին, մեկ մարդու նման, պլաստիկ տարաներն ու իրերը նետում են, լավ գիտակցելով, որ այն վերամշակվում ու տարեվերջին դառնում են քաղաքի տոնական զարդարանքների պարագաներ՝ Սանտա կլաուսից մինչև տոնածառ ու զարդարանքի դեկորացիաներ։
Այս տարի ևս նախաձեռնության հեղինակ երիտասարդները Արգենտինական Կապիովի քաղաքը, իրենց զարդարանքի շնորհիվ, Ամանօրյա տոնական օրերին ընդառաջ դարձրել են զբոսաշրջային կենտրոն։ Զբոսաշրջիկներին հետաքրքրում է, թե այս տարի աղբից ի՞նչ նոր պատկերներ են մշակել Կապիովիում։ Գալիս են, տեսնում ու շրջակա միջավայրը պլաստիկից պահպանելու ևս մեկ գեղեցիկ նախաձեռնություն համարելով՝ լուսանկարվում որպես հուշ։
Զարդարանքի իրերը գեղեցիկ ստացվելու համար արգենտինացի երիտասարդները ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի առաջին հայացքից չզգացվի, թե զարդարաքններն աղբից են։
Ի դեպ, տարիներ առաջ Հայաստանում էլ կար նման նախաձեռնություն․ տոնական օրերին մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում տեղադրվում էր հյութերի կամ ջրի վերամշակված պլաստիկ շշերից պատրաստված տոնածառ կամ ձնեմարդ։ Սակայն, վերջին տարիներին, ցավոք, մեր երկրում հազվադեպ ենք հանդիպում նման բնապահպանական քայլի, որի արդյունքում պահպանում ենք շրջակա միջավայրն ու գեղագիտական հաճույք պատճառում մեր համաքաղաքացիներին ու զբոսաշրջիկներին։





Թողնել մեկնաբանություն