Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում այսօր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության միջև համագործակցության հուշագիր կնքվեց։ Հուշագրով կողմերը նախատեսում են համագործակցել իրենց հնարավորությունների, միջոցների և փորձի կիրառմամբ:
«Արտակարգ իրավիճակների նախարարության հետ մեր աշխատանքը շատ կարևոր է, համագործակցում ենք վայրի կենդանիների փրկության, ինչպես նաև հրդեհների արագ արձագանքման ոլորտներում։ Մենք տևական ժամանակ է՝ շատ լավ համագործակցում ենք, և վստահ եմ՝ շարունակությունն էլ ավելի արգասաբեր է լինելու»,- հանդիպման ժամանակ ասաց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։
Իսկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն էլ ընդգծեց․ «Այս փոխօգնության հուշագրով պետությունն ու հասարակական կազմակերպությունը մեկտեղում են իրենց ուժերը՝ վայրի բնության պահպանության ոլորտներում»։
Հուշագրի ստորագրման ընթացքում Խաչատրյանը հավելեց, որ ԱԻՆ տարեկան 10 աշխատակիցների համար հիմնադրամի ռեսուրսներով կազմակերպելու են թրեյնինգներ։
Կողմերը համաձայնեցին համագործակցել արտակարգ իրավիճակների դեպքում և նպաստել առկա խնդիրների հրատապ լուծմանը, համադրել ուժերը ՀՀ ողջ տարածքում՝
1․ փորձելով հնարավորինս անվնաս կերպով բռնել, տեղափոխել, մեկուսացնել և/կամ բնություն վերադարձնել խնդրահարույց կենդանիներին,
2․ հրդեհավտանգ ամիսներին վայրի բնության և/կամ անտառային հրդեհների դեպքում համատեղ ջանքերով իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում և հարակից տարածքներում։






Թողնել մեկնաբանություն