Շուրջ 15. 577 հատ Ամառային իշխանի և 150. 000 հատ Գեղարքունի իշխանի մանրաձուկ բաց թողնվեց Սևանա լիճ, որով ազդարարվեց այս տարվա Սևանի իշխանի 1-ին խմբաքանակի բացթողումը։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը՝ գերատեսչության մասնագիտական ստորաբաժանումների և «Սևան» ազգային պարկի ներկայացուցիչների հետ նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Գեղարքունիքի մարզում մասնակցել է Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի շրջանակում 5.8 գրամ միջին քաշով շուրջ 15577 հատ Ամառային իշխանի և 1.1 գրամ միջին չափով 150.000 հատ Գեղարքունի իշխանի մանրաձկան հերթական խմբաքանակի՝ բացթողնման աշխատանքներին:

Մանրաձկան բացթողումն իրականացվել է Ծակքար և Գավառագետ գետերում: Մանրաձկան բացթողնման աշխատանքներից առաջ նախարարի տեղակալը շրջել է Կարճաղբյուրի մանրաձկան գործարանի տարածքում, ծանոթացել առկա հզորություններին և հիմնադրամի ներկայացուցիչների ու ոլորտի մասնագետների հետ քննարկել ձկնապաշարների վերականգնմանը վերաբերող հարցեր։
Նախարարի տեղակալը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել, որ բացթողնված մանրաձուկը չհայտնվի որսագողերի ցանցերում։
Մանրաձկան բացթողումը կրում է պարբերական բնույթ։ Այս ամենի նպատակն է վերականգնել Սևանա լճում տարիներ շարունակ կրճատվող՝ Սևանի իշխանի ձկնապաշարներն ու այդ ճանապարհով խթանել լճի խախտված էկոհամակարգի վերականգնումը։





Թողնել մեկնաբանություն