«Սևանը էքսպերիմենտի տեղ չէ»․ ահազանգում է ջրի մաքրման կայանների հիմնադիրը

https://eco.am/%d5%bd%d6%87%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%a7%d6%84%d5%bd%d5%ba%d5%a5%d6%80%d5%ab%d5%b4%d5%a5%d5%b6%d5%bf%d5%ab-%d5%bf%d5%a5%d5%b2-%d5%b9%d5%a7%e2%80%a4-%d5%a1%d5%b0%d5%a1%d5%a6%d5%a1%d5%b6%d5%a3/

Վերջին տարիներին բնապահպանները մշտապես են ահազանգում Սևանի ծաղկման խնդրին ու մանրամասնում, թե ինչ անփութության հետևանքով ենք կանգնած այդ աղետի առաջ։ Սակայն, ինչպես ասում են՝ ասողին լսող է պետք։

Ջրի մաքրման կայանների հիմնադիր Մանվել Գաբրիելյանն ասում է, որ վերջերս տեղի ունեցած մրցույթում, որին մի քանի կազմակերպություն է մասնակցել, առաջարկվել է Սևանի մաքրման և ինքնամաքրման մի քանի տարբերակներ։ Բայց, մասնագետը շեշտում է, որ ինքն անձամբ Սևանի դեպքում չի ողջունում փորձարկումները․ «Առաջարկում են կեղտաջրերի մաքրման տեխնոլոգիա, որն իրենից ներկայացնում է դաշտ, որտեղ բաց են թողնում կեղտաջրերը, այդտեղ եղեգ է աճում, ու այդ ճանապարհով, իբր թե ինքնամաքրվում է»,- պատմում է Մ․Գաբրիելյանն ու շեշտում, որ դրա համար Սևանում բավականին բարդ պայմաններ են․ «Մինչև մինուս 30 աստիճան ցուրտ է լինում, սառեցման շերտը մինչև 1.5 մետր կարող է հասնել, դա արդեն խնդիր կարող է առաջացնել, և երկրորդ՝ դա մասսայական տարածում չունի աշխարհում, մի քանի փորձ է արվել, իսկ Սևանն էքսպերիմենտի տեղ չէ»,- անհանգստացած ասում է բանախոսն ու չի բացառում, որ գուցե առաջարկվող ճանապարհը մատչելի կարժենա, սակայն շատ խնդիրներ կարող են առաջանալ։ Նրա պնդմամբ, պետք է խորը ուսումնասիրություն կատարել, ապա տեղեկացրեց․ «Եվրամիությունը 5.7 մլն եվրո է հատկացրել Սևանի համար»:

Ջրի մաքրման կայանների հիմնադիրը տեղեկացրեց, որ իրենք էլ հանդես եկել երկու առաջարկով՝ Հայաստանում կառուցել կլասիկ մաքրման կայան, որն ավելի էժան կլինի և օգտագործել Գեղամասարում բիոգազի սարքավորման կայանը․ «Գեղամասարում ունենք բիոգազի սարքավորման կայան, առաջարկեցինք, որ գյուղացիները գոմաղբը բերեին, հանձնեին, այնտեղ բիոգազ ստանային, ջերմատներին գազ մատակարարեին, ցանցին հոսանք տար, սակայն գյուղացիները գոմաղբը չտվեցին: Մեր հայ քիմիկոսներից Սերգեյ Հայրապետյանը ստեղծել է ֆլոկուլիանտ, որի նստեցման արագությունը շատ բարձր է՝ 1 վայրկյանում 1 սմ կեղտաջուր է նստում, և այս դեպքում մեծ ավազաններ պետք չեն: Լաբորատոր պայմաններում մենք նստեցրել ենք ջուրը, վերևի ջրի անալիզ ենք արել, պարզվել է, որ թույլատրելի նորմայի մեջ է, որպեսզի կարողանանք Սևան բաց թողնել: Տակը մնում է 15 տոկոսի չափ կեղտաջուր, մեկ անգամ ևս ջրազրկում ենք, թողնում ենք մոտ 70 տոկոս խոնավությամբ կիսապինդ վիճակ, տեղափոխում ենք բիոգազի սարքավորման մեջ, ստանում ենք բիոգազ: Սա գեղեցիկ լուծում է, ընդ որում, այն եկամտաբեր է»,- ընդգծեց Ջրի մաքրման կայանների հիմնադիրը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով