Գավառագետի հունի մաքրման աշխատանքները, Արծվաքար թաղամասի եւ Նորատուս գյուղի հատվածներում, 4,2 կիլոմետր ընդհանուր երկարությամբ արդեն ավարտին են հասցվել։ Այդ մասին Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ Գավառի համայնքապետարանից, Գավառագետի հունի մաքրման աշխատանքներն իրականացվել են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի կողմից հատկացված՝ շուրջ 50 միլիոն դրամի շրջանակներում:
Գավառագետի այս հատվածներում վերջին 15 տարիների ընթացքում մաքրում չէր իրականացվել: Մաքրման աշխատանքներ իրականացնող Ներսես Օվչյանի հավաստմամբ՝ 4,2 կիլոմետրանոց հատվածում գետի հունը տիղմից մաքրվել է 1 մետր հաստությամբ, ինչի արդյունքում ոչ միայն հունն է խորացել եւ ջրի հոսքը կարգավորվել, այլ նաեւ գետի ափամերձ հատվածների բնակարանների նկուղային հարկերը եւ տնամերձ հողամասերն են ազատվել խոնավությունից կամ ճահճացման վտանգից։
Ի դեպ, բոլորովին վերջերս, Սևանի ջրհավաք ավազանում «Պոնտոս» ծրագրի շրջանակներում, իրականացված մեդիա տուրի ժամանակ Eco.am սոցիալական հարթակն արձանագրել էր, որ Գավառի և Մարտունու հատվածում Սևանա լճի պատկերն անմխիթար է՝ գետերի չափից շատ աղտոտված լինելու պատճառով։
«Լճի այն հատվածներում, որտեղ կան եղեգներ ու չկան հարակից բնակավայրեր, ջուրը զուլալ է, իսկ եթե կան բնակավայրեր՝ պատկերն այսպիսինն է։ Արդյունքում՝ այստեղից էլ սկսվում է լճի ծաղկումը»,- Գավառա գետի մոտ մեզ հետ զրույցում ցավալով արձանագրել էր «Պոնտոս» ծրագրի հետազոտող, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Գարաբեդ Կազանչյանը։
Ըստ Գավառի համայնքապետարանի, Գավառագետից դուրս բերված Տիղմը եւ կենցաղային աղբը հիմնականում բեռնվել եւ տեղափոխվել են գործող աղբավայր, մեկ անգամ ևս բնակչությանը կոչ անելով Գավառագետը չաղտոտել կենցաղային աղբով:





Թողնել մեկնաբանություն