Սևանա լճից առգրավվել են 75 ապօրինի խեցգետնաորսիչ

https://eco.am/%d5%bd%d6%87%d5%a1%d5%b6%d5%a1-%d5%ac%d5%b3%d5%ab%d6%81-%d5%a1%d5%bc%d5%a3%d6%80%d5%a1%d5%be%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a5%d5%b6-75-%d5%a1%d5%ba%d6%85%d6%80%d5%ab%d5%b6%d5%ab-%d5%ad%d5%a5%d6%81%d5%a3%d5%a5/

Վերահսկողության միջոցառումների շրջանակում Սևանա լճից դուրս է բերվել 75 ապօրինի խեցգետնաորսիչ:  Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

Ըստ տեղեկատվության, այսօր «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված վերահսկողության միջոցառումների արդյունքում լճից դուրս է բերվել և առգրավվել 75 ապօրինի խեցգետնաորսիչ։

Կառավարության որոշմամբ Սևանա լճում թույլատրվում է միայն սիգի արդյունագործական որս և խեցգետնի որսի  թույլատրելի չափաքանակները սահմանված չեն։

Լճից դուրս բերված որսագործիքները արգելված որսագործիքների ցանկում են։

Հիշեցնենք, որ համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի  88-րդ հոդվածի կենդանական, այդ թվում`

1․ ձկան պաշարների պահպանության, որսի և ձկնորսության, ինչպես նաև կենդանական աշխարհից օգտվելու մյուս տեսակների որսի իրականացման կանոնները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրքառասունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով` խախտողի անձնական սեփականություն հանդիսացող հրացանների ու որսորդական միջոցների, ինչպես նաև հիշյալ խախտումները կատարելու գործիք համարվող մյուս առարկաների և կենդանիների բռնագրավմամբ:

2․ Որսի կանոնները կոպիտ խախտելը (որսը առանց դրա թույլտվության կամ արգելված վայրերում, կամ արգելված ժամանակ, կամ արգելված գործիքներով կամ եղանակներով), ինչպես նաև որսի մյուս կանոնները պարբերաբար խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրյոթանասունապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով` խախտողի անձնական սեփականություն համարվող հրացանների ու որսորդական միջոցների, ինչպես նաև հիշյալ խախտումները կատարելու միջոց համարվող մյուս առարկաների և կենդանիների բռնագրավմամբ և որսորդության իրավունքի զրկմամբ մինչև 3 տարի ժամանակով:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՇՄ նախարարությունից, վերահսկողության միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով