«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունը ազդել է մայրաքաղաքի մթնոլորտային օդի որակի վրա

https://eco.am/%d5%bd%d5%b8%d6%82%d6%80%d5%b4%d5%a1%d5%ac%d5%b8%d6%82-%d5%a1%d5%bc%d6%87%d5%bf%d6%80%d5%ab-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bf%d6%80%d5%b8%d5%b6%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%b5%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82/

Կիրակի օրը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած աղետալի պայթյունը, որը խլեց մեկ տասնյակից ավելի մարդկային կյանքեր, մթնոլորտային օդի համար նույնպես անհետևանք չմնաց։ Պայթյունի հետևանքով մթնոլորտային օդի աղտոտվածությունը հիմնականում տարածվել է Երևանի Կենտրոն, Շենգավիթ և Նոր Նորք համայնքներում։

Ինչպես տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, պայթյունի ազդեցության գնահատման համար օգոստոսի 14-15-ին մոտակա տարածքից լրացուցիչ նմուշառում է իրականացվել, որոշվել են մթնոլորտային օդում ծծմբի և ազոտի երկօքսիդների պարունակությունները։ Ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) 4.6 անգամ, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 2.6 անգամ։

Շենգավիթ համայնքի մթնոլորտային օդում գետնամերձ օզոնի, ազոտի և ծծմբի երկօքսիդի պարունակությունները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները:  Փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 4.2 անգամ՝ կազմելով 0.628 մգ/մ³:

 Կենտրոն համայնքի մթնոլորտային օդում որոշված գետնամերձ օզոնի և ծծմբի երկօքսիդի պարունակությունները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները:  Փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 1.4 անգամ՝ կազմելով 0.215 մգ/մ³, ազոտի երկօպքսիդի կոնցենտրացիան՝ 1.1 անգամ՝ կազմելով 0.043 մգ/մ³:

Ըստ մոնիթորինգի կենտրոնի, օգոստոսի 15-16-ին, մայրաքաղաքի մթնոլորտային օդի որակն ըստ ստացիոնար կայանների տվյալների կազմել է․

Կենտրոն համայնքի մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 1.4 անգամ, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 1.6-1․8 անգամ, ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 1.1-1․3 անգամ։

Նոր Նորքում համայնքի մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 1․4 անգամ, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ աննշան։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով