2023 թվականի տարվա խորհրդանիշ թռչնի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 19-ին՝ արդյունքներն ամփոփելուց հետո:
Eco.am սոցիալական հարթակն արդեն անդրադարձել էր, որ Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը նախաձեռնել է «Տարվա թռչուն» 2023 քվեարկությունը։ Իսկ քվեարկությունը կընթանա մինչև դեկտեմբերի 16-ը։
«Տարվա թռչուն» կրթական արշավի նպատակն է յուրաքանչյուր տարի ընտրել այդ տարին խորհրդանշող թռչնատեսակի և հասարակության լայն շերտերի ուշադրությունը հրավիրել այդ տեսակի և նրա բնադրավայրերի պահպանության կարևորության վրա:
Մինչ այդ NABU-ի հայաստանյան մասնաճյուղը իր սոցիալական ցանցերի էջերում և կայքում պարբերաբար տեղադրելու է մրցույթի թեկնածու թռչնատեսակների մասին հետաքրքիր և ուսուցողական նյութեր, որոնք թույլ կտան կատարել գիտակցված ընտրություն:
Այսօր մեր ընթերցողին ենք ներկայացնում «Տարվա թռչուն» 2023 արշավի 6 թեկնածուներից սովորական կիվիվին (Vanellus vanellus):
Կիվիվը գրանցված է IUCN կարմիր ցուցակում «Վտանգվածին մոտ» (Near threatened) կարգավիճակով։ Կիվիվների տարածման արեալն ընդգրկում է Եվրասիայի գրեթե ողջ տարածքը՝ բացառությամբ խիստ կլիմա ունեցող շրջանների։ Հատկապես տարածված են արևմտյան Եվրոպայում, երբեմն հանդիպում են նաև Հյուսիսային Ամերիկայի արևելյան ափամերձ շրջաններում։ Հայաստանում նստակյաց է, հանդիպում է հիմնականում Արարատյան ու Շիրակի դաշտերում, Սևանա լճի, Հրազդան ու Քասախ գետերի ավազաններում։
Կիվիվները բնադրում են՝
1․ բացատներում,
2․ գյուղատնտեսական հողերում,
3․ ջրաճահճային տարածքներում՝ գետնի վրա։
Սնվում են՝
1․ միջատներով,
2․որդերով,
3․ փափկամարմիններով։
Սովորաբար 4 ձու են դնում։
Նիդեռլանդների որոշ շրջաններում ամեն տարի գարնանն ավանդաբար անցկացվում են կիվիվի առաջին ձվի որոնման մրցույթներ։ Նախկինում մրցույթի մասնակիցները հավաքում էին գտած ձվերը, սակայն այժմ արգելված է հավաքել ձվերը։
Քվեարկելու համար սեղմեք այստեղ․






Թողնել մեկնաբանություն