Սննդակարգ հարբուխի ժամանակ

https://eco.am/%d5%bd%d5%b6%d5%b6%d5%a4%d5%a1%d5%af%d5%a1%d6%80%d5%a3-%d5%b0%d5%a1%d6%80%d5%a2%d5%b8%d6%82%d5%ad%d5%ab-%d5%aa%d5%a1%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af/

Եղանակային փոփոխությունների հետ մեկտեղ հարբուխի առկայությունն անխուսափելի է։ Հաճախ կարծում ենք, թե հարբուխն անվտանգ է, բայց երկարատեւ եւ չբուժված հարբուխը կարող է նպաստել քթի օդատար խորշիկների բորբոքմանը՝ հայմորիտ, ֆրոնտիտ, բրոնխիտ, իսկ ծանր դեպքում ՝ թոքաբորբի զարգացմանը։ Այդ պատճառով զգոն եղեք եւ բուժվեք։ Այո, մի զարմացեք, հարբուխը պահանջում է հատուկ սննդակարգ։ Հարբուխի ժամանակ հիվանդները կորցնում են հեղուկներ, որոշ դեպքերում մինչեւ 2,5 լիտր եւ այդ պատճառով պետք է արագ լրացնել այդ կորուստները։ Դրա համար օգտագործեք եռացրած ջրով նոսրացված նարնջի, նռան կամ թուրինջի (գրեյպֆրուտ) հյութ, խնձորի լիմոնադ, որի պատրաստման համար անհրաժեշտ է 1-2 ճաշի գդալ խնձորի քացախ եւ եռացող ջրում լուծված մեղր եւ խմել տաք վիճակում։

Խմեք նաեւ թեյ, ցանկալի է ազնվամորու կամ հոնի մուրաբայից։ Ինչպես նաեւ օգտագործեք հավի տաք արգանակ։

Հարբուխը քթի խոռոչի լորձաթաղանթի բորբոքում է, որի պատճառ են հաճախ դառնում  օդակաթիլային ճանապարհով  փոխանցվող վիրուսներ։ Հարբուխը ոչ թե հիվանդություն է, այլ մրսածություն՝ մի շարք հիվանդությունների ախտանշան։

Ինչպես կանխել հարբուխը

Հարբուխից պաշտպանվելու համար պատրաստեք մանրէասպան հատկությամբ օժտված խառնուրդ։

Պատրաստման համար  անհրաժեշտ է․ մի գլուխ մանրացված սխտորին, մանր կտրատած կես կիտրոնին ավելացնել 0,5 լիտր եռացրած-հովացրած ջուր եւ 4 օր պահել մութ  սենյակում։ Օգտագործել առնվազն մեկ ամիս՝ 1 ճաշի գդալ, օրը 1 անգամ ՝ ուտելուց առաջ։

Երբ հարբուխը սկսվել է

Այդ ժամանակ ցանկալի է մնալ տանը եւ չտարածել վիրուսը, կրել դիմակ, որպեսզի չվարակեք նաեւ տանեցիներին։ Օգտվեք միանգամյա օգտագործման անձեռոցիկներից։ Հաճախ օդափոխեք սենյակը, քանի որ մաքուր օդն անհրաժետ է վիրուսակրին։

Ինչպես արագ բուժել հարբուխը

Գաղտնիք չէ, որ հարբուխը հիմնականում տեւում է 1 շաբաթ, անկախ այն բանից, բուժում են այն, թե՝ ոչ։ Բայց կան դեպքեր, երբ անհրաժեշտ է կիրառել շտապ մեթոդներ, որպեսզի վերադառնաք աշխատանքի։ Ուստի՝ մենթոլ եւ անանուխ պարունակող  հաբերը կարող են ժամանակավորապես վերացնել հարբուխի նշանները։ Քնելուց առաջ խորհուրդ  է տրվում ներբաններին քսել յոդ եւ հագնել տաք գուլպաներ կամ գուլպաների մեջ ավելացնել 1 ճաշի գդալ մանանեխի փոշի եւ հագնել։ Գիշերվա ընթացքում ոտքերը լավ կտաքանան եւ առավոտյան ինքնազգացողությունը բավարար կլինի։ Օգտագործեք հակահարբուխային կաթիլներ, հաբեր, թեյեր։

Վերցնել՝

1 ճաշի գդալ մեղր
1 ճաշի գդալ մասուր

1 ճաշի գդալ հաղարջ

1 ճաշի գդալ արքայամորի

100 մլ եփած ջուր։

15 րոպե թրմել, խմել օրը 3 անգամ՝ ուտելուց առաջ։

Ժողովրդական բժշկությունը հարբուխի դեպքում  արդյունավետ միջոց է համարում սխտորի ու մեղրի խառնուրդը՝ 1։1 հարաբերակցությամբ՝ ընդունել 1 ճաշի գդալ, այնուհետեւ տաք ջուր խմել։

Հիշե՛ք, որ հակահարբուխային կաթիլները չի կարելի 1 շաբաթից ավելի օգտագործել։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով