Սիգի ապօրինի որսի համար վնասի խոշոր չափ կհամարվի 150.000 ՀՀ դրամը գերազանցող գումարը

https://eco.am/%d5%bd%d5%ab%d5%a3%d5%ab-%d5%a1%d5%ba%d6%85%d6%80%d5%ab%d5%b6%d5%ab-%d5%b8%d6%80%d5%bd%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80-%d5%be%d5%b6%d5%a1%d5%bd%d5%ab-%d5%ad%d5%b8%d5%b7%d5%b8%d6%80-%d5%b9%d5%a1/

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 13-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և  «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի լրամշակված փաթեթը, որը ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը:

Ակնկալվում է, որ նախագծերի ընդունմամբ կկանխվի ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործումը, այդ նպատակով հորատումը կամ լուծարված կամ կոնսերվացված հորատանցքերի վերաբացումը, ջրօգտագործման թույլտվությամբ տրված պայմանների խախտմամբ ջրառ իրականացնելը:

Կկիրառվի մակերեւութային եւ ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործման դեպքերի համար տարբերակված վարչական եւ քրեական պատասխանատվություն` ստորերկրյա ջրային ռեսուրսներն առավելագույնս պահպանելու նպատակով:

Օրենքների նախագծերի լրամշակված փաթեթը կնպաստի Սեւանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի բարելավմանը, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանություն և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավմանը, սիգի կայուն զանգվածի պահպանմանը, արդյունագործական որսի իրականացմանը: Մասնավորապես` սիգ ձկնատեսակի ապօրինի որսի կամ ապօրինի արդյունահանման համար վնասի խոշոր չափ է համարվել 150.000 ՀՀ դրամը գերազանցող գումարը:

Մտքերի փոխանակության ընթացքում հանձնաժողովի անդամները մտահոգություն են հայտնել ջրի կորուստների կապակցությամբ, ներկայացրել առաջարկներ` ուղղված ջրային ռեսուրսների պահպանությանը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կկանխվի ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործումը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով