«Սեքյուրիթի դրիմ»-ի սեփականատերերի ու գործընկերների նախագծերը դրական եզրակացություն են ստացել

https://eco.am/%d5%bd%d5%a5%d6%84%d5%b5%d5%b8%d6%82%d6%80%d5%ab%d5%a9%d5%ab-%d5%a4%d6%80%d5%ab%d5%b4-%d5%ab-%d5%bd%d5%a5%d6%83%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%a1%d5%bf%d5%a5%d6%80%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b8/

Սևանի անտառածածկ ափին հանգստի գոտիներ կկառուցվեն

Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել «Սևան» ազգային պարկի հատուկ պահպանվող տարածքներում, որոնք առավելապես ծառապատ են, հանգստի գոտիներ կառուցելու երկու նախագծի։ Հիշեցնենք՝ դրանցից մեկը «Դրախտիկա» ՍՊԸ-ն էր ներկայացրել, որը նախատեսում է քոթեջներից բաղկացած հանգստյան համալիր կառուցել Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղի ափամերձ հատվածում:

Երկրորդը՝ «Փոքր կղզի» ՍՊԸ-ն է, որը նույն տարածքից ոչ շատ հեռու նմանատիպ հանգստի գոտի է կառուցելու։

Հիշեցնենք՝ «Դրախտիկա» ՍՊԸ-ի բաժնետերերից են ճանապարհային տեսախցիկները սպասարկող «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի հիմնադիր-բաժնետերեր Ալեքսան և Գուրգեն Զաքարյանների կանայք՝ Գայանե Վերդյանը և Կարինե Զաքարյանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Էդուարդ Գասպարյան ու նրա ազգականը։ Գասպարյանները նաև բաժնետեր են «Փոքր կղզի» ՍՊԸ-ում։ Նախագծերը նույն ժամանակ են ներկայացրել, նույն ժամանակ էլ դրական եզրակացություն ստացել։

Եվ այսպես, «Դրախտիկա» ՍՊԸ-ն 1,5 հա-ի վրա է գործունեություն ծավալելու, որի կառուցապատման ենթակա տարածքը «Սևան ազգային պարկ»-ի ռեկրեացիոն գոտում է։ Շինությունները Սևանա լճից 50-60 մ հեռավորությամբ են լինելու։ 1905,0 բացարձակ նիշից ցածր տարածքում հիմնական շինություններ չեն նախատեսվում։ Հողամասի 64 %-ը գտնվում է 1905 նիշից բարձր հատվածում։

Շինաշխատանքների ընթացքում ծառահատում չի իրականացվելու։ Իսկ ավարտից հետո նախատեսվում է 50 հատ փշատերև ծառ տնկել՝ կաղնի, գիհի, սոճի։

Եզրակացությունից տեղեկանում ենք, որ Շողակաթ համայնքում իրականացվել են հանրային քննարկումներ, որոնց ընթացքում ՏԻՄ-ը և հասարակությունը հավանություն են տվել նախատեսվող գործունեությանը։ Փորձաքննական գործընթացին մասնակցել են ՇՄՆ ստորաբաժանումները, Առողջապահության նախարարությունը, Քաղաքաշինության կոմիտեն, Գեղարքունիքի մարզպետարանը և Շողակաթ համայնքը։ Ըստ այդմ, արձանագրվել է, որ ծրագրի իրականացման արդյունքում շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցությունները հիմնականում պայմանավորված կլինեն շինարարական աշխատանքների իրականացմամբ, որոնք կկրեն ժամանակավոր բնույթ, և ազդեցությունները կլինեն թույլատրելի նորմայի սահմաններում։

«Փոքր կղզի» ՍՊԸ-ն գործունեություն է իրականացնելու 3,5 հա-ի վրա, Ազգային պարկի ռեկրեացիոն գոտում։ Ծառահատում նույնպես խոստացել է չկատարել, տնկելու է 72 հատ ծառ։

ՇՄՆ դրական եզրակացություն երկու ընկերությանն էլ տրվել է փորձաքննական մի քանի ստանդարտ պահանջներով՝ պահպանելու օրենսդրությամբ և Կառավարության որոշումներով սահմանված չափորոշիչները, ցանկապատել շինհրապարակը, շինությունները ծածկել համապատասխան բարձրությամբ փոշու տարածումը կանխող ցանցով, կանաչապատման աշխատանքներն իրականացնել ՊՈԱԿ-ի հետ համաձայնեցված՝ կանաչապատման նախագծին համապատասխան և այլն։

Լուսանկարում «Փոքր կղզի» ՍՊԸ-ի տարածքն է

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով