Համաձայնեք, որ Նոր տարվա տոնական օրերին հայ տանտիկինները փայլում են իրենց խոհարարական վարպետությամբ։ Նրանք ջանում են Ամանորյա ճոխ սեղանները զարդարել տարբեր ճաշատեսակներով, խորտիկներով, անուշեղեններով ու ընդեղենով։ Թեպետ, ժամանակի հետ պահանջները փոփոխվել են։ Եթե նախկինում տոնական սեղանին դրվում էր հատիկեղենով ու չրերով պատրաստված զանզան առողջարար կերակրատեսակներ, ապա վերջին տարիներին դրանց փոխարինելու են եկել մսային ուտեստները։ Մասնավորապես՝ հայկական սեղանի պարտադիր «զարդը» դարձել է «խոզի ազդրը», կամ՝ հնդուհավն ու կենդանական աշխարհից զանազան տեսականի։
Eco.am մեդիա հարթակը, չհեռանալով արմատներից, առաջարկում է վերհիշել տոնական սեղաններից անպակաս ավանդական կերակրատեսակները, որոնք ունեցել են առողջ ապրելակերպի միտում։
Նախ, հայ տանտիկիններն աշնանից սկսած տոնի համար պաշարում էին զանազան չորացրած ու թարմ մրգեր, ընդեղեն, պաստեղներ, շարոցներ և այլն։
Հատկանշական է, որ ամանորյա սեղաններից բացակայել են մսային կերակուրները, քանի որ Նոր տարվա օրերը, եկեղեցական տոնացույցով, ծոմապահության շրջան է։ Հունվարի 1-ը պահքի օր էր ուստի կերակուրները բաղկացած էր պահքին թույլատրեի ուտեսներով։
Տանտիկինները դեկտեմբերի 30-31-ին մաքրում էին լոբին, սիսեռը, ոսպը, բրինձը, ձավարեղենը, որոնք տարբեր կերակրատեսակների ձևով պիտի զարդարեին տոնական սեղանը։
Ընդունված էր․
1․ Տոնական սեղանին անպայման ունենալ հատիկեղենից պատրաստված քյուֆթա։
2․ Չամիչով տոլման, կամ փլավը նույնպես կարևոր կերակրատեսակ է եղել տոնական օրերին։
3․ Չոր ծիրանով ու սալորով եփած ապուրները՝ որոնց եփելուց հետո դոշաբ են ավելացրել։
4․ Տոնական սեղանների ճաշացանկում առանձնահատուկ տեղ է ունեցել պասուց տոլման, որը նույնպես եփվել է չրերով ու կանեփով։
5․Սիրված անուշեղեններից է եղել նաև աղանձը՝ չամիչի, մաքրած ընկույզի, նուշի ու բոված կանեփի, երբեմն էլ՝ բոված սիսեռի հետ խառնած։
6․Փոխինդով պատրաստված անուշեղենը՝ որը տանտիկինները շաղախել են ընկույզի մուրաբայի հյութով, երբեմն էլ մեղրով, գնդաձև տեսք տվել ու զարդարել տոնական սեղանը։
7․Ավելուկով պատրաստված տապական նույնպես անպակաս է եղել տոնական սեղաններից, որը կերել են սխտոր-մածունով։
Այս ամենից բացի ամենակարևորը ալյուրից, ընկույզից ու չամիչից պատրաստված Տարեհացն էր, որի մեջ դնում էին հացահատիկ կամ մետաղադրամ: Ամանորից հետո հացը կտրում էին տան անդամների քանակին համապատասխան մասերի, և ում բախտ վիճակվեր բաժին ընկնել մետաղադրամը, ապա նրա համար տարին բարեբեր ու հաջողակ կլիներ։
Բացի Տարեհացից, պատրաստում էին նաև այլ թխվածքաբլիթ, որն օգտագործում էին գուշակությունների կամ այլ մոգական ծեսերի ժամանակ: Հայերը խմորից թխում էին աշխատանքային գործիքների տեսքով թխվածքներ, որոնք խորհրդանշում էին ընտանիքի եկամտի աղբյուրը` մատնոց, մուրճ, մկրատ, գութան, խնոցի և այլն, կամ զարդարում էին հասկի, փականի, տոպրակների պատկերներով:
Մարզերի մեծ մասում թխվածք էին պատրաստում մարդու տեսքով, որը կոչվում էր «Ասիլ Բասիլ» կամ «Վասիլ»: Ձեռքերի, աչքերի ու բերանի հատվածում դնում էին չամիչ: Եթե թխելու ժամանակ չամիչն ուռչում էր, դա լավ նշան էր, որը խորհրդանշում էր հաջող տարի, եթե չոռանում էր` ապա ոչ մի լավ բանի սպասել չարժե։
Ըստ այդ հացիկների գուշակում էին, թե տարին ինչպիսին կլինի՝ բարեբեր, թե սակավ, կամ նորահարսը կպտղավորվի, թե ոչ, կենդանիները, արտերը բեղմնավոր կլինի, թե ոչ։ Այս հացերով ոչ միայն գուշակություններ էին անում, այլ նաև դրանք նվիրում էին տոներին, որպես նվեր:






Թողնել մեկնաբանություն