«Արմմոնո» 19-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակում օրերս Հայաստանի թատերական գործիչների միությունում ցուցադրվեց Կոմիտաս «Ել» կարճամետրաժ պարային ֆիլմը, որը պատմում է մարդու ներսի պայքարի և այն արձագանքի մասին, որը նա կարող է ունենալ արտաքին աշխարհի բոլոր հակադրությունների հետ բախվելիս: Միայն ինքնահաղթահարումը կարող է մարդուն հաղթանակի զգացում հաղորդել:
Կոմիտաս «Ել»-ը բեմադրիչ, մտահղացման հեղինակ և խորեոգրաֆ Ռիմա Պիպոյանի առաջին ֆիլմն է, որի ստեղծման միտքը ծագել է կորոնավիրուսային կարանտինի ժամանակ․ «Երբ 2020 թվականին բոլորս փակված էինք տներում և ներկայացումներ խաղալու հնարավորություն չկար, ինձ մոտ առաջացավ ֆիլմի գաղափարը: Ինձ հետաքրքիր էր շարժումը տեսնել որպես կադր, ոչ որպես պար՝ բեմում: Այն իրականացնելու համար օգնեցին Բեռլինում և այլ քաղաքներում գործող որոշ կազմակերպություններ»,- ֆիլմի ցուցադրության ժամանակ ասաց Ռիմա Պիպոյանն ու հավելեց, որ «Ել»-ը նախատեսված է մեծ էկրաններին ցուցադրելու համար:
«Ֆիլմը արդեն արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների, իսկ մոտ օրերս էլ կցուցադրվի ԱՄՆ-ում, Լեհաստանում և Իտալիայում: Ավելի վաղ ֆիլմը ցուցադրվել է նաև Բրազիլիայում»,- տեղեկացրեց ֆիլմի ռեժիսորը:
Հավելենք
Կոմիտաս «Ել» պարային կարճամետրաժ ֆիլմը Նյու Յորքի հեղինակավոր Hollywood International Golden Age փառատոնում արժանացել է «Լավագույն պարային ֆիլմ» մրցանակին, իսկ London International Shorts Film փառատոնում՝ Honorable Mention մրցանակի: Նախագիծն իրականացվել է TMU կազմակերպության և Երևանում Գյոթե ինստիտուտի աջակցությամբ:
Eco.am-ը հանդիսանում է Արմմոնո» 19-րդ» միջազգային թատերական փառատոնի ինֆորմացիոն աջակիցը, որը Երևանում, Գյումրիում և Արտաշատում կընթանա մինչև հունիսի 15-ը։
Իսկ Փառատոնի ներկայացումների ժամանակացույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով․ http://armmono.com/guests/321–2021.html






Թողնել մեկնաբանություն