Դեմքի թարմությունը և գեղեցկությունը պահպանելը պահանջում է բավական շատ խնամք։ Մարդու մաշկը մարմնի տարբեր մասերում միանման չոր չէ, չորանում է, երբ մաշկային ճարպի արտադրությունն անբավարար է, իսկ քրտինքի գոլորշիացումը մաշկի մակերեսից ավելի շատ։ Մաշկը սովորաբար չոր է հասուն և մեծ տարիքի կանանց մոտ, բայց այն կարող է նկատվել նաև երիտասարդ կանանց մոտ։
Շիկահերների մաշկը հաճախ ավելի չոր է քան թխահերներինը։ Հաճախ, մարմնի մի շրջանում մաշկը լինում է չոր, մյուսում՝ ճարպոտ։ Երբեմն մաշկի մի ճարպոտ տեղամասը որոշ ժամանակ անց դառնում են չոր։
Մաշկը տհաճ հետևանքներից պահպանելու համար անհրաժեշտ է արդեն 20-25 տարեկան հասակից հատուկ խնամք տանել։
Eco.am-ն իր ընթերցողների համար առանձնացրել է չոր մաշկի խնամքի համար մի քանի խորհուրդներ։
Չոր մաշկ ունեցողները դեմքը լվանալուց հետո պետք է չորացնեն խավոտ սրբիչով՝ խուսափելով եռանդուն սրբելուց։
Պետք է ամեն երեկոյան որևէ ճարպոտ կրեմ քսել, ապա մաքրել 1-2 ժամ հետո, առանց լվանալու։ Ճարպոտ կրեմը թողնում են միայն կոպերի մաշկի վրա։
Չոր մաշկի դեպքում լավ են ազդում սնուցող դիմակները: Եթե օգտագործվում են վիտամինացված դիմակներ, նախքան դրանք մաշկին քսելը, պետք է անպայման վերջինիս պարունակությանը խառնել բուսական յուղ։
Չոր մաշկի դեպքում լավ են ազդում նաև մերսումները՝ որևէ ճարպոտ կրեմի միջոցով։
Որոշ կանայք մաշկի նորմալ ճարպոտության հասնելու համար կարող են օգտագործել ճարպերով, ածխաջրերով և վիտամիններով հարուստ սնունդ՝ կաթ, տավարի անալի միս, ձկան յուղ, լյարդ, գազար, պոմիդոր, ձու, միրգ, դդում։
Դեմքի մաշկի չորանալուց խուսափելու համար անհրաժեշտ է իմանալ մի քանի կանոն։
1․ Խուսափե՛ք երկարատև տաք պրոցեդուրաներից՝ շոգեբաղնիքներ, ջերմային դիմակներ։ Եթե դրանք անհրաժեշտ են, ապա պետք է անել խիստ չափավոր՝ փորձառու կոսմետոլոգի ղեկավարությամբ։
2․ Խուսափե՛ք մաշկի վրա չոր-տաքի ՝ կրակի, արևի, էլեկտրական ապարատների ազդեցությունից։
3․ Մաշկը մաքրելու համար մի՛ օգտագործեք սպիրտ և գլիցերին պարունակող ձեռքի օճառներ։ Չոր մաշկը լավ է ընդունում ճարպերը և սառը ջուրը։
4․ Չոր մաշկը դիմափոշի չի ընդունում, կարող եք օգտագործել կրեմ-պուդրա պաշտպանական կրեմի հաստ շերտի վրայից։ Մաշկը հեշտությամբ գրգռվում է անուշահոտ ներկերից և նման այլ միջոցներից։
5․ Քամին, արևը և ցուրտը անբարենպաստ են չոր մաշկի համար։ Այն արձագանքում է նաև ջերմության տատանումներին։
6․ Օճառը և կոշտ ջուրը՝ կրաջուրը, նույնպես չոր մաշկի թշնամին են։
Դեմքի առավոտյան խնամքը՝ չոր մաշկի դեպքում
1․ Դեմքը և պարանոցը լավ մաքրել ճարպոտ կրեմով, շպարահան կաթով կամ 15 %ն ալկոհոլ պարունակող լոսյոնով։
2․ Դեմքը թեթևակի ցայել սառը փափուկ ջրով ՝ առանց օճառի։
3․ Դեմքը մաքրել մաշկի տոնուսը բարձրացնող շպարահան ջրով։
4․ Դեմքը թարմանալու համար մաշկը թեթևակիորեն մերթ-մերթ կսմթել։
5․ Տանից դուրս գալուց առաջ դեմքին բարակ շերտով քսել պաշտպանական թանձր կրեմ։
Դեմքի երեկոյան խնամքը՝ չոր մաշկի դեպքում
Չոր մաշկի դեպքում կարևոր է նաև երեկոյան՝ քնելուց առաջ, մաշկի ամենօրյա խնամքը։
1․ Դեմքը և պարանոցը լավ մաքրել ճարպոտ կրեմով և շպարահան կաթով։
2․ Մաշկը սրբել տոնուսը բարձրացնող ու թարմացնող լոսյոնով։
3․ Դեմքին քսել ճարպոտ և սնուցող կրեմ։
4․ Կրեմը քսելուց հետո կատարել դեմքի վարժություն և ինքնամերսում։
5․ Քնելուց առաջ մաշկը պետք է զերծ մնա գրիմից։





Թողնել մեկնաբանություն