«Չի՛ կարելի այս ձևով իրականացնել ծառերի փոխարինման աշխատանքները»․ Ք․ Վարդանյան

https://eco.am/%d5%b9%d5%ab%d5%9b-%d5%af%d5%a1%d6%80%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%a1%d5%b5%d5%bd-%d5%b1%d6%87%d5%b8%d5%be-%d5%ab%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%a1%d6%81%d5%b6%d5%a5%d5%ac-%d5%ae%d5%a1%d5%bc%d5%a5/

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը վերջին օրերին պարբերաբար հայտնում էր, որ մայրաքաղաքի կենսունակության ավարտին մոտ ծառերը կփոխարինվեն գեղազարդ և արժեքավոր ծառերով: Սակայն, այսօր Կասկադի տարածքում կատարված ծառահատումները հանրության դժգոհության առիթ դարձան։

«Վերջապես քաղաքում կենսունակությունը կորցրած ծառերը փոխարինվում են նոր և արժեքավոր ծառատեսակներով»,-այսօր ի հակառակ հանրության դժգոհությանը Eco.am սոցիալական հարթակին ասաց Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:

Բեգոյանի փոխանցմամբ, արդեն ձեռք են բերել ծառեր, որոնք կփոխարինեն հատված ծառերին․ «Կտնկվեն այն ծառատեսակները, որոնք տասնյամյակներ շարունակ Երևանում իրենց լավ են զգացել, բայց միայն մի բացառությամբ, որ ձեռք ենք բերել դրանց պարտեզային ձևերը։ Այսինքն՝ գնդաձև, բրգաձև սաղարթ ծառեր, որոնք հանդիպում են եվրոպական և շատ այլ զարգացած քաղաքներում»,- ներկայացրեց ՀՈԱԿ-ի տնօրենն ու շարունակեց․ «Մենք նոր հեծանիվ չենք հորինում, այդքան խելք ու պատասխանատվություն ունեցել ենք, որ Երևանում չկիրառենք փորձարարություններ։ Ավելին, հիմնվել ենք այն ծառատեսակների վրա, որոնք Երևանում իրենց լավ են զգում»:

Բեգոյանը նաև վստահեցրեց, թե միանշանակ ապացուցված է, որ գնված ծառատեսակները Երևանի բնակլիմայական պայմաններում իրենց լավ են զգում:

Բժշկական գիտությունների թեկնածու, Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը, ով դեռևս մեկ տարի առաջ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրենն էր, հենց «դեպքի վայրում» հորդորեց ՀՈԱԿ-ի աշխատակիցներին․ «Չի՛ կարելի այս ձևով իրականացնել ծառերի փոխարինման աշխատանքները։ Ծառերի նկատմամբ սխալ մոտեցում է ցուցաբերվել։ Այս ծրագիրը պետք է անցնի հանրային լսումների փուլը և քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան լսելու և կարծիք հայտնելու»,- Eco.am սոցիալական հարթակի հետ զրույցում նշեց Ք․Վարդանյանը։

Ըստ Վարդանյանի, այս տարածքի ծառերի հատման օրը հայտարարաված էր մարտի մարտի 26-ին ինչի համար օրեր առաջ պաշտոնական գրությամբ դիմել է Երևանի  քաղաքապետին, որպեսզի ամբողջական ծրագիրն իրեն տրամադրեն՝ գիտական հիմնավորումներով, հասկանալու համար, թե որտեղ ինչ ծառեր են հատվելու։

«Այսօր քաղաքացիներից ահազանգ ստացա, որ Կասկադի տարածքում հատվում են խոշոր  ծառեր։ Ընկերներիս հետ իջանք Կասկադ՝ հասկանալու,թե ինչ է կատարվում։ Այո, Երևանում ծառերի փոխարինման խնդիր իսկապես կա, բայց այդ գործընթացն այս մեթոդաբանությամբ չի կարելի իրականացնել»,- ասաց Ք․ Վարդանյանն ու տեղեկացրեց, որ ընտրված ծառատեսակները ո՛չ Կասկադի համար են հարմար, ո՛չ էլ՝ Մոսկովյան փողոցի․ «Դրանք գաճաճ, փոքրիկ տեսակներ են և այս տեսակները քաղաքի համար որևէ լուրջ խնդիր չեն լուծում։ ՀՈԱԿ-ի տնօրենի հետ քայլեցինք ողջ Կասկադով, մեր բանակցությունների արդյունքում, նաև միջազգային կառույցի փորձագետի հրավիրեցինք, այդտեղ չկար գեթ մեկ ծառ, որը հատման ենթակա է, ծրագիրը չեղարկվեց։ Կասկադում ոչ մի ծառ չի հատվելու։ Մյուս մասով էլ՝ ծառատեսակների փոփոխություն տեղի կունենա։ Ծառատեսակները կփոխարինվեն Երևանում համապատասխան էկոծառայություններ ապահովող ծառատեսակներով՝ սաղարթախիտ, փոշեկլանող, կայուն արտանետումների նկատմանբ նաև դեկորատիվությամբ օժտված տեսակներով։ Ես համոզված եմ, որ ընտրված մեթոդաբանությունը մեծ բացեր ունի և հղի է բազմաթիվ խնդիրներով ազգաբնակչության առողջության համար»,-վստահեցրեց բժշկական գիտությունների թեկնածու, Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը։

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել