Յուրաքանչյուր տարի ավելի քան 13 միլիոն հեկտար անտառ է հատվում, ինչը մոտավորապես հավասար է Անգլիայի մակերեսին։ Անտառահատումների արագությունը նվազեցնելու համար, Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ, մարտի 21-ը հռչակվեց Անտառների միջազգային օր։ Ամենամյա տոնն առաջին անգամ նշվեց 2013 թվականի մարտի 21-ին։
Անտառների միջազգային օրը ստեղծվել է որպես գլոբալ հարթակ այն մարդկանց համար, որոնք հետաքրքրված են անտառի պահպանմամբ և կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքների մեղմացմամբ, ինչպես նաև այդ ուղղություններով մարդկանց կարծիքների փոխանակման և կոոպերատիվ աշխատանքի համար։
Անտառների միջազգային օրվան Eco.am սոցիալական հարթակը ներկայացնում է, թե շրջակա միջավայրի ու մարդկության համար ինչ կարևոր դեր ու նշանակություն ունեն անտառները։
Ինչու են կարևոր անտառները
1․Անտառների հատումն ածխածնի համաշխարհային արտանետումների մոտ 12-18 տոկոսի պատճառ է, ինչը գրեթե հավասար է, ամբողջ տրանսպորտով, CO2-ի բոլոր արտանետումների գումարին։
2․Անտառները ցամաքային կենդանի արարածների 80%-ի տունն են։
3․ Անտառները զովացնում են շրջապատը։ Քաղաքային ծառերը ամռանը շենք-շինություններին թույլ են տալիս մնալ ավելի սառը։
4․ Հարակից տարածքներում անտառները ստեղծում են ուրույն միկրոկլիմա։ Օրինակ ամազոնի անտառները խթանում են անձրևների առաջացմանը, ընդհուպ մինչև հյուսիսային Ամերիկա։
5․ Անտառները արգելափակում են քամիները։ Բացի դրանից այն ֆերմերային տնտեսությունները, որոնք հարակից են անտառներին, ավելի քիչ են զգայուն վնասատու միջատների նկատմամբ։
6․ Մարդիկ նույնպես բնակվում են անտառներում։ Երկրագնդի վրա 300 միլիոն մարդ անմիջապես բնակվում է անտառում։
7․ Թեպետ Ֆիտոպլանկտոնը արտադրում է երկրի թթվածնի 50%-ը, սակայն օդի մաքրության գլխավոր պատասխանատուն անտառներն են։ Այսինքն, մարդ արարածը շնչում է, քանի որ գոյություն ունեն անտառները: Միջին հասունության ծառը օրական արտադրում է այնքան թթվածին, որքան շնչում են օրական 2-10 մարդիկ:
8․ Կենսաբազմազանության տեսակների 50%-ը գտնվում է անտառներում, այսինքն՝ անտառներն ավելին են՝ քան միայն ծառ։
9․ Անտառները կլանում են ջերմոցային գազերը և նվազեցնում են երկրագնդի վրա ջերմոցային էֆեկտի աղետալի հետևանքները։
10․ Անտառները օգնում են ապրել ավելի առողջ։ Օրինակ ալերգիայի դեմ օգտագործվող Թեոֆիլին դեղամիջոցը, մարդիկ ստանում են կակաոյի ծառից։
11․ Անտառները անգին հումք են մարդկային գործնեության մեջ։ Կահույք, թուղթ, շինափայտ, կաուչուկ և այլ տեսակի հումքի ստացումը անհնար է առանց անտառների։
12․ Անտառները ստեղծում են աշխատատեղեր։ Ըստ ՄԱԿ-ի տվյալների ավելի քան 1,3 միլիարդ մարդ կախվածության մեջ է անտառի բարիքներից իսկ 10 միլիոն մարդ անմիջականորեն աշխատում է անտառային տնտեսություններում։






Թողնել մեկնաբանություն