Որքա՞ն և ինչ ծառեր են հատվել․ պարզաբանում է ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգը

https://eco.am/%d5%b8%d6%80%d6%84%d5%a1%d5%9e%d5%b6-%d6%87-%d5%ab%d5%b6%d5%b9-%d5%ae%d5%a1%d5%bc%d5%a5%d6%80-%d5%a5%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%bf%d5%be%d5%a5%d5%ac%e2%80%a4-%d5%ba%d5%a1%d6%80%d5%a6%d5%a1%d5%a2%d5%a1/

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն օրերս ամփոփեց 2021 թվականի աշնանային ծառահատումների և սանիտարական էտի շրջանը։ Նախատեսված մեկ ամսի փոխարեն, եղանակային պայմանները նպաստեցին, որ աշնանային էտման շրջանը ևս մեկ շաբաթով երկարի։

Eco.am մեդիա հարթակը, Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգ Արծվի Գրիգորյանի հետ, զրուցել է աշնանային ծառահատման և սանիտարական էտի մանրամասների մասին։

– Նախ ասեմ, որ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը, ծառահատման աշխատանքները հիմնականում իրականացնում է հաստատված տոմսերի հիման վրա։ Բոլոր վթարային, չորացած ծառերը գույքագրում ենք, ներկայացնում Քաղաքապետարանի բնապահպանության վարչություն, եթե հաստատվում է, արդեն իրականացնում ենք հատումները, իսկ եթե ոչ, ապա հատելու որևէ իրավական հիմք չի լինում։

– Իսկ ի՞նչ սկզբունքով է որոշվում, որ ծառն արդեն հատման է ենթակա։

– Հունիս-հուլիս ամիսներից ունենք քաղաքապետի հատուկ որոշում։ Ըստ այդ ընթացակարգերի, դիմում ենք Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչություն, իրենք նույնպես ստուգումներ են իրականացնում, համոզվում են, որ այդ ծառն իրոք վթարային է, կամ ամբողջությամբ չորացել է, ապա նոր հատվում է։ Սակայն, եղել են եզակի դեպքեր, երբ մեր մասնագետները ծառն ընդգրկել են չորացած ծառերի շարքում, բայց գարնանը, եղանակի փոփոխման հետ, ծառը սկսել է բողբոջել և բնականաբար այն հանել ենք հատման ցուցակից։

– Պարոն Գրիգորյան, բայց երբեմն էլ բնակիչներն են մտավախություն հայտնում, որ շենքի հարակից տարածքում կամ բակերում հատված ծառին կփոխարինի մեկ այլ ապօրինի շինություն։

– Նման դեպքերում բացատրական աշխատանքներ են տանում համաքաղաքցիների հետ։ Մեծամասնությունն ըմբռնումով է մոտենում, բայց որոշ դեպքերում չեն հավատում։ Թեև, դրա համար էլ իրենց չեմ մեղադրում, քանի որ նախկինում նման շատ դեպքեր են եղել, որ հատվել են ծառեր ու տարածքում շինարարություն են իրականացրել։ Մի խոսքով, ամեն ինչ կատարում ենք օրենքի սահմաններում։ Մենք այդ իրավունքը չունենք ու ոչ մի նկատառումներ էլ չկան, որ կտրվեն այդ ծառերը։ Ընդհակառակը, երբ բնակիչներն են դիմում, որ այս ծառը մեզ խանգարում է (հիմնականում բակային տարածքներում) ու մեր մասնագետները տեղում, եթե տեսնում են, որ այդ խնդիրը չկա, հանգամանալից բացատրում են, նաև գրավոր պատասխանում, որ այս ծառը կենսունակ է և ենթակա չէ հատման։

Չնայած դժվարություններին մեր ՀՈԱԿ-ն ամեն ինչ անում է, որպեսզի մեր Երևանը լինի կանաչ ու գեղեցիկ, որ մարդիկ, անցորդները գեղագիտական բավականություն ստանան։ Համոզված եմ, մոտ ապագայում արդեն դրական արդյունքների կհասնենք։ Պարզապես յուրաքանչյուր քաղաքացի պետք է սրտացավ լինի մեր մայրաքաղաքի հանդեպ, խնդիրներ նկատելու դեպքում՝ ահազանգի։

– Տասը վարչական շրջաններում, թվերի լեզվով, ի՞նչ պատկեր ունենք՝ աշնանային սանիտարական էտի ու ծառահատման արդյունքում։

– Տասը շրջաններում նախատեսված էր 7720 ծառի ենթարկել սանիտարական էտման, բայց, քանի որ էտի համար բնակլիմայական պայմաններն ավելի նպաստավոր եղան, իմ զեկուցագրի հիման վրա, մեր ՀՈԱԿ-ի տնօրենը՝ պարոն Հակոբյանը ևս 8 օրով  ավելացրեց էտի շրջանը։ Դա էլ նպաստեց, որ գերակատարենք արդյունքները ու 7720-ի փոխարեն, դեկտեմբերի 1-ի դրությամբ, էտվեց 9737-ը, որից, ըստ վարչական շրջանների էտվել է․

1․ Արաբկիրում՝ 2248

2․ Կենտրոնում և Նորք Մարաշում՝ 1717 ծառ

3․ Քանաքեռ-Զեյթունում՝ 1410

4․Աջափնյակում՝ 1056 ծառ

5․ Մալաթիա-Սեբաստիայում՝ 925

6․ Շենգավիթում՝ 850

7․ Էրեբունիում՝ 495

8․ Դավթաշենում՝ 460

9․ Ավանում ՝ 294

10․ Նոր Նորքում՝ 282։

Հետո, Քաղաքապետարանից ստացանք գրություն՝ փողոցների նոր գրաֆիկով, որ տվյալ փողոցներում 3 մետր բարձրությամբ բոլոր ծառերի ճյուղերը էտենք, որպեսզի նոր երթուղի մտած ավտոբուսներն աշխատեն անխափան։ Արդյունքում, էտման ենթարկեցինք մոտավորապես 10500 ծառ, վերջին 1500-ը՝ մասնակի։

Սանիտարական էտին զուգահեռ հատվեցին նաև չոր, անկենսունակ ծառերը: Այս դեպքում, ներառյալ տասը վարչական շրջաններում, հատման է նախատեսված 1090 ծառ, որից հատվել է 861-ը: Այս պահին էլ դեռ աշխատանքները շարունակվում են և մինչև ամսվա վերջ տվյալները փոփոխության կենթարկվեն։ Չորացած կամ վթարային ծառերը, որոնք դեռ պիտի հատվեն, մենք ավտոաշխատարոկով իջեցնում ենք այն մակարդակի վրա, որ ձյուն էլ գա մեր աշխատանքներին չխանգարի։

– Այսինքն, գարնանը Երևան քաղաքում թթվածնի պակաս չե՞նք ունենա։

– Թթվածնի պակաս չենք ունենա, քանի որ մենք կտրում ենք չորացած ծառերը, իսկ թթվածին արտադրող վթարային ծառերն էլ վտանգավոր են մարդկությանը վնաս հասցնելու համար։ Տոկոսային հարաբերությամբ հատվել են 90% չորացած և 10 % վթարային ծառեր։ Բայց, փոխարենը նաև ծառատնկումներ ենք կատարում, որոնք մեկ-երկու տարի հետո ավելի փարթամ կլինեն։ Ամենակարևորը, որ հիվանդ, չարացած ծառերը, որոնք ազդում էին քաղաքի գեղազարդության վրա, աշխատում ենք փոխարինել նոր տեսակներով, որոնք մինչև 5 տարի աճից հետո արդեն կլինեն նորմալ ծառեր։

– Պարոն Գրիգորյան, իսկ արդեն հատված ծառերն ի՞նչ հանգրվան են ունենում։

– Լավ հարց տվեցիք։ Երբ մենք կազմում ենք ծառահատման տոմսերը, դրանց մեջ հատուկ աղյուսակներով նշվում է, թե ինչ տեսակի ծառ է, իր նկարագարությամբ՝ չոր է, թե՝ ոչ, իրավական հիմքերը։ Երբեմն շինությանը սերտաճախ ծառ է լինում, որը խաթարում է հիմքը, այդ ծառահատման տոմսում նշվում է նաև ծառի բարձրությունը, բնի հաստություն, թե քանի խորանարդ մետր բնափայտ է գոյանալու դրանից։ Ծառահատման տոմսի հիման վրա հատված ծառերն ուղարկում ենք և պահեստավորում «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի ջերմոցատնկարանային տնտեսությունում։ Համայնքային սեփականություն հանդիսացող ծառերի էտումից ու չոր ծառերի հատումից գոյացած փայտանյութը տրամադրվում է սոցիալապես անապահով ընտանիքներին։ Ընտանիքների քանակն ու կարիքները գնահատում են Երևանի վարչական շրջանների պատասխանատուները՝ համապատասխան Երևանի քաղաքապետի որոշմամբ սահմանված չափորոշիչների։ Յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվում է 1-ից 3 խմ վառելափայտ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով