2024 թվականի հունվարի 1-ից մինչև հունվարի 25-ը Սևանա լճում (ամբողջ տեսանելի հատվածում) սառցային երևույթները բացակայել են։ Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացավ, որ արդեն հունվարի 26-ի դրությամբ Սևան թերակղզի դիտակետում, մերձափնյա շրջաններում եզրասառույցի տեսքով այս տարվա առաջին սառցային երևույթներն են դիտվել։ Մյուս 3 դիտակետերում դեռևս սառցային երևույթներ չեն դիտվել։
Ըստ ՊՈԱԿ-ի, եզրասառույց/ափասառույց Սևանա լճում ձևավորվում է գրեթե ամեն տարի, սակայն լիճը համատարած սառույցով ծածկվում է ոչ ամեն տարի:
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմի այդ թվում սառցային երևույթների վերաբերյալ դիտարկումներն, իրականացվում են ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի լճային 4 դիտակետերում՝ Սևան թերակղզի, Շորժա, Մարտունի և Կարճաղբյուր։
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմում զգալի տեղ են զբաղեցնում սառցային երևույթները: Առաջին սառցային երևույթները, որոնք սկզբից ձևավորվում են ափի մոտ կարող են հանդես գալ սկսած հոկտեմբերի վերջից։
Սկսած 1890 թվականից լճում համատարած սառցածածկ դիտվել է (այն դեպքերն են, երբ լիճն ամբողջովին ծածկվել է անշարժ սառույցով տասը օր և ավելի ժամանակատատվածով). 1890, 1905, 1921, 1925, 1949, 1950, 1954, 1957, 1959, 1964, 1969, 1971, 1972, 1974, 1975, 1976, 1980, 1982, 1983, 1985, 1989, 1990, 1992, 1993, 2005, 2008, 2012, 2017 թվականներին՝ սկսած հունվարի վերջերից կամ փետրվարից։ Անշարժ սառույցի հաստությունը այդ ժամանակ կազմել է 20-40սմ։
Առանձին տարիներին՝ 1973, 1977, 1988, 1991, 1994, 1998, 2000, 2002, 2007թ․, համատարած սառցածածկ դիտվել է միայն Մեծ Սևանում, իսկ Փոքր Սևանում համատարած սառցածածկ կամ չի դիտվել, կամ դիտվել է մասնակի։
Ըստ դիտարկումների պատմական տվյալների, ամենից շուտ Սևանա լիճը սառչել է 2008թ. հունվարի 16-ին, իսկ ամենից ուշ՝ 1959թ. փետրվարի 28-ին։
Ըստ տևողության լճում ամենաերկար սառցածածկույթ պահպանվել է 1972թ․` 72օր։
Ընդհանուր առմամբ լճի համատարած սառցածածկը ունի և դրական և բացասական կողմեր․
1․Դրականն այն է, որ սառցածածկի պայմաններում գրեթե բացակայում է գոլորշացումը, որը հունվար ամսին օրական միջին հաշվով կազմում է 2մլն. մ³ ջուր:
2․ Բացասական կողմերից է այն, որ լճի վրա առաջացած մակերևութային սառույցը խոչընդոտում է ջրում թթվածնի լուծունակությանը և ջրում պակասում է թթվածնի քանակությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Սևան․ կորսվող հարստությունը»․ Սևանա լճի ողջ հմայքն ու խնդիրները մեկ ֆիլմում






Թողնել մեկնաբանություն