Շրջակա միջավայրի նախարարը հանդիպել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան և ՀՀ-ում Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոսի հետ

https://eco.am/%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%af%d5%a1-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%a1%d5%be%d5%a1%d5%b5%d6%80%d5%ab-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%ab%d5%ba%d5%a5%d5%ac-%d5%a7-2/

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը  հանդիպել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենի և Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոս Թիմոթի Սթրայթի հետ։
Շնորհակալություն հայտնելով հանդիպման նախաձեռնության համար, նախարարը կարևորել է Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ և Չեխիայի Հանրապետության ու Ֆինլանդիայի Հանրապետության կոնսորցիումի կողմից իրականացվող «Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագիրը: Այն մեկնարկել է ս.թ. մարտի 4-ին։ Ծրագրի բյուջեն 1,000,000 եվրո է, ծրագրի տևողությունը՝ 24 ամիս:
Նախարարության միջազգային համագործակցության վարչության և մասնագիտական ստորաբաժանումների առաջ խնդիր է դրված առավելագույնս ներգրավված լինել գործընթացներին և աջակցություն ցուցաբերել կողմերին։
Նախարարը ցավով արձանագրել է նաև, որ էկոհամակարգերի զարգացման առումով այնպիսի առաջատար երկիր, ինչպիսին Ֆինլանդիան է, Շրջակա միջավայրի նախարարության հետ այլ ընթացիկ ծրագիր չունի, ինչի ուղղությամբ պետք է ջանքեր գործադրվեն և կոնկրետ աշխատանքներ տարվեն։
Նախարարը հայտնել է, որ ՀՀ կառավարությունը, ի մասնավորի Շրջակա միջավայրի նախարարության, պատրաստակամ է քննարկել ամենալայն համագործկացության ձևաչափերը՝ կանաչ տեխնոլոգիաների և կանաչ տնտեսության զարգացման, ինչպես նաև էներգետիկայի վերականգնվող աղբյուրների կիրառման ոլորտում։
Ուրախ կլինենք համագործակցել և փորձի փոխանակում իրականացնել նաև բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառային ու ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման բնագավառում։
Նախարար Պետրոսյանն անդրադարձել է այս փուլում առկա բնապահպանական խնդիրներին, Շրջակա միջավայրի նախարարության կողմից նախաձեռնած օրենսդրական փոփոխություններին և այն բարեփոխումներին, որոնք հետևողականության և ոլորտը կանոնակարգելու կամքի շնորհիվ հասցրել են կյանքի կոչվել։
Տիկին դեսպանի հետ քննարկել են նաև հանրության շրջանում էկոլոգիական կրթության որակի բարելավման և բնապահպանական խնդիրների շուրջ իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված քաղաքականությունը։
Հանդիպման ավարտին նախարարը հույս է հայտնել, որ նման ձևաչափով հանդիպումներն ու երկկողմ ջանքերը հնարավորություն կտան շրջակա միջավայրի կառավարման ուղղություններով հետևողականորեն ամրապնդել հարաբերությունները և խորացնել համագործակցությունը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով