Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիթորինգի «Կոպերնիկուս» համակարգի միջոցով իրականացվող ՊՈՆՏՈՍ ծրագրի շրջանակում տեղի ունեցավ համաժողով, որին մասնակցում էին գիտնականներ և մասնագետներ Հայաստանից, Հունաստանից, Վրաստանից և Ուկրաինայից:
Eco.am սոցիալական հարթակը ներկա լինելով համաժողովին արձանագրեց, որ ծրագրի շրջանակներում 2014-2020 թվականներին հետազոտվել է Սևանա լիճը և նրա ջրհավաք ավազանը, Վրաստանի ողջ առափնյա գիծը և Կոլխեթի հարթավայրերը, Նեստոս գետը, նրա դելտան, դելտային մոտ գտնվող ափամերձ գոտին և Դնեստր գետի դելտան և հարակից գետաբերանը, լողափերը և հանգստի գոտիները, Օդեսա քաղաքից մինչև Դանուբ գետի դելտան: Ծրագրի ղեկավար գործընկերը հանդիսանում է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Յակոբեան» բնապահպանական կենտրոնը:
«Շրջակա միջավայրի մոնիտորինգ և վերլուծություն իրականացնելու համար ՊՈՆՏՈՍ ծրագրի շրջանակներում օգտագործվել են Կոպերնիկուս համակարգի տվյալները և ծառայությունները»,- համաժողովի ընթացքում ասաց Յակոբեան բնապահպանական կենտրոնի ներկայացուցիչ Աղավնի Հարությունյանը և մանրամասնեց․ «Արբանյակային պատկերները վերլուծելու և տեսնելու համար մշակել ենք գործիքներ և ալգորիթմներ, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել, ինչպիսին է դինամիկան և ինչ կանխատեսումներ կարելի է անել: Մենք հնարավորություն ունենք արբանյակային պատկերներով գնալ 20, 30 և ավելի տարի հետ և տեսնել, թե ինչպիսին է եղել Սևանա լճի վիճակը 1980-ականներին և արդյունքում, ինչպես է այն փոխվել և ինչ կլինի հետո»,- նշեց բանախոսը, շեշտելով, որ ՊՈՆՏՈՍ ծրագրի շրջանակներում համատեղվել են տարբեր գործընկերների ջանքերը, որպեսզի բարելավվի շրջակա միջավայրի մոնիթորինգը:

Համաժողովին ներկա էին Հունաստանի Հելլաս hետազոտությունների և տեխնոլոգիաների կենտրոնից դոկտոր Իոաննիս Մանակոսը, դոկտոր Էլեֆթերիոս Կացիկիսը և Թրակիայի Դեմոկրիտուս համալսարանից (Հունաստան) դոկտոր Նիկոլաոս Կոկկոսը, որոնք ևս հանդես եկան զեկույցներով։ Վերջիններս անդրադարձան ՊՈՆՏՈՍ հարթակին և ռեսուրսներին, ինչպես նաև ծրագրի ազդեցությունը՝ իրենց երկրի շրջակա միջավայրի վրա։ Ըստ նրանց, Հունաստանում ևս Հայաստանի նման պատկերը նույնն է․ «Շատ տարածքներում ունենք ափային էրոզիայի զգալի խնդիրներ, դրանում առկա են և՛ մարդկային, և՛ բնական պատճառները։ Օրինակ՝ հարակից տարածքներում բնակիչների կողմից գյուղատնտեսական մնացուկները հայտնվում են դեպի շով գնացող գետերում և արդունքում առաջացնում ափային էրոզիա։ Ծրագրի արդյունքում ունենք գյուղատնտեսական բարելավումներ և հնարավոր է վերահսկել նաև էկոհամակարգը։ Փորձել ենք նվազեցնել ջրի օգտագործումը։ Այ, եթե կարողանանք այն հասցնել 20-30%-ի, ապա բերքատվությունը կբարձրանա»,- համաժողովի ժամանակ ներկայացրեց Թրակիայի Դեմոկրիտուս համալսարանից (Հունաստան) դոկտոր Նիկոլաոս Կոկկոսը։
«Նման ծրագրերը հնարավորություն են տալիս բնապահպանական մարտահրավերներին մոտենալ համագործակցությամբ, որովհետև մեկ կազմակերպություն դժվար կարողանա նման խնդիրները լուծել։ Իսկ այս ծրագրի նպատակն է ավելի խորացնել և ամրապնդել տարածաշրջանային և միջազգային համագործակցությունը՝ բնապահպանական մարտահրավերները հաղթահարելու համար»,- համաժողովին ասաց Հայաստանի ամերիկյան համալսարանի «Յակոբեան» բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը։
«Սևանա լճի մաքրման գործընթացը կարող է տևել 10-ից 20 տարի: Մաքրման գործընթացի տևողությունը կախված է առավելապես կլիմայի փոփոխությունից, որովհետև, ամենավատ սցենարի դեպքում Գեղարքունիքի մարզում 30 տոկոսով կնվազեն տեղումները, իսկ եթե ջրի պաշարը քիչ լինի, այն կազդի Սևանա լճի վրա: Որքան ուշ սկսենք մաքրման ծրագրեր իրականացնել, այդքան ավելի երկար ժամանակ է պահանջվելու լիճը մաքրելու համար»,- իր զեկույցում ասաց Հայաստանի ամերիկյան համալսարանի «Յակոբեան» բնապահպանական կենտրոնի փորձագիտական թիմի անդամ, ասիստենտ-պրոֆեսոր, «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիթորինգի «Կոպերնիկուս» համակարգի միջոցով» ՊՈՆՏՈՍ ծրագրի հետազոտող Կարապետ Գազանճեանը։
Ըստ Գազանճեանի, Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացումը հնարավոր է դրական ազդել, բայց կարևոր է, թե ինչ ջուր է լցվում լիճ․«2000-2010 թվականների ջրի մակարդակի բարձրացումը ունեցավ ավելի վատ արդյունք, քանի որ շրջակա անտառները մնացին ջրի տակ, ծառերը քայքայվեցին, օրգանային նյութը ներթափանցեց լիճ, որն առաջացրեց ազոտ և ֆոսֆոր: Կարևոր է նաև, թե ինչ տեսակի հողեր պետք է մնան ջրի տակ, ինչ օրգանային նյութ և սնունդ կարող է մտնել Սևանա լիճ, նաև պետք է որոշել, թե որքան պետք է բարձրացնել ջրի մակարդակը»,- պնդեց գիտնականը:

Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիթորինգի «Կոպերնիկուս» համակարգի միջոցով 4 երկրներից հետազոտող գիտնականները, մասնավորապես՝ պրոֆեսոր Գեորգիոս Սիլեյոսը Թրակիայի Դեմոկրիտ համալսարանից, դոկտոր Իրակլի Մաչարաշվիլին Վրաստանի «Գրին Օլթերնաթիվ» հասարակական կազմակերպությունից, դոկտոր Սերգեյ Մեդինեցը Օդեսայի Ի. Ի. Մեչնիկովի անվան ազգային համալսարանից (Ուկրաինա) և դոկտոր Կարապետ Գազանճեան ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնից, հետազոտել են վերջին 10 տարվա ընթացքում Սևանա լճի էվտրոֆիկացիայի դինամիկան և պատճառները:
Իսկ ՊՈՆՏՈՍ ծրագրի շրջանակնրում հետազոտվել են՝
1․ Հայաստանում՝ Սևանա լիճը և նրա ջրհավաք ավազանը,
2․ Վրաստանի ողջ առափնյա գիծը և Կոլխեթի հարթավայրերը,
3․ Հունաստանի Նեստոս գետը, նրա դելտան, դելտային մոտ գտնվող ափամերձ գոտին,
4․Ուկրաինայի Դնեստր գետի դելտան և հարակից գետաբերանը, լողափերը և հանգստի գոտիները Օդեսա քաղաքից մինչև Դանուբ գետի դելտա:






Թողնել մեկնաբանություն