Շուտով եղջերավոր կենդանիները կհամարակալվեն

https://eco.am/%d5%b7%d5%b8%d6%82%d5%bf%d5%b8%d5%be-%d5%a5%d5%b2%d5%bb%d5%a5%d6%80%d5%a1%d5%be%d5%b8%d6%80-%d5%af%d5%a5%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b6%d5%ab%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%af%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80/

Օրերս տեղի է ունեցել «ՀՀ-ում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրում» ծրագրի շնորհանդեսը։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, կենդանիների համարակալման ծրագրի տևողությունը 42 ամիս է, որն իրականացվելու է Հայաստանի բոլոր մարզերում՝ CARD հիմնադրամի կողմից Ավստրիական զարգացման գործակալության ֆինասավորմամբ և նպատակ ունի աջակցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից համապետական ծրագրի առավել արդյունավետ իրականացմանը։

Ծրագրի նպատակն է հանրապետությունում ներդնել և գործարկել խոշոր եղջերավոր կենդանիների համատարած համարակալման և հաշվառման համակարգ, որը հնարավորություն կընձեռի զգալիորեն բարելավել կենդանիների հիվանդությունների վերահսկման և տարածման կանխարգելման, ինչպես նաև կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության մակարդակը։

«Հայաստանի Հանրապետության անկախացումից ի վեր հանրապետությունում չեն իրականացվել գյուղատնտեսական կենդանիների համատարած համարակալման և հաշվառման աշխատանքներ, մինչդեռ համակարգի ստեղծումը ռազմավարական առաջնահերթություն է ոչ միայն Հայաստանի Հանրապետութան, այլև տարածաշրջանի համար։ Առկա անասնագլխաքանակի վերաբերյալ ստույգ տեղեկատվությունը և կենդանիների տեղաշարժի նկատմամբ հսկողության սահմանումը առանցքային գործոն է՝ կենդանական ծագման սննդամթերքի հետագծելիության ապահովման գործում, որին կարելի է հասնել միայն գյուղատնտեսական կենդանիների համարակալում և հաշվառում իրականացնելու միջոցով»,- կարևորելով ծրագրի իրականացումը, ասում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։

Միջոցառմանը մասնակցում էին նաև Ավստրիական զարգացման գործակալության (ADA) երևանյան գրասենյակի ղեկավար Կապեր Կլաուսը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի (CARD) հիմնադրամի և շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչներ։

ADA երևանյան գրասենյակի ղեկավար Կապեր Կլաուսը բարձր է գնահատել 2011 թվականից սկսած Հայաստանի և Ավստրիական զարգացման գործակալության միջև ձևավորված ակտիվ համագործակցությունը և վստահություն հայտնել, որ երկու երկրները միմյանց հետ փորձի փոխանակման միջոցով կարող են լավ արդյունքների հասնել։

 «Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ներդրումը կբարձրացնի վերահսկողական գործընթացների արդյունավետությունը բոլոր ճյուղերում, մասնավորապես՝ կենդանիների առողջության ապահովման,  տեղաշարժի և պահման տարածքների, ինչպես նաև կենդանական ծագման մթերքների վերահսկողության մասով, ինչը շուկաներ մուտք գործելու հնարավորոթյոն կընձեռի արտադրողներին և կկանխի ոչ ապահով մթերքի շրջանառությունը»,- վստահեցնում է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը։

Միջոցառման ընթացքում «ՀՀ-ում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրում ծրագրի» ղեկավար Նազելի Գրիգորյանը համառոտ ներկայացրեց ծրագրի շրջանակում նախատեսվող աշխատանքներն ու միջոցառումները, որոնք ներառում են փորձի փոխանակման այցեր և աշխատաժողովներ արտասահմանցի մասնագետների մասնակցությամբ, իրազեկման աշխատանքներ, անասնաբույժերի, ֆերմերների և պետաշխատողների ուսուցողական դասընթացներ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել