Շրջակա միջավայրի նախարարությունն ի գիտություն է ընդունում Ադրբեջանի Հանրապետությունում գործող մի շարք այսպես կոչված «քաղաքացիական հասարակության կազմակերպությունների» կողմից ուղարկված բաց նամակը, որը վերաբերում է ենթադրյալ «բնապահպանական լուրջ ճգնաժամին՝ պայմանավորված Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող գործունեության տարածաշրջանային և գլոբալ բնապահպանական ազդեցությամբ»։ Նամակում տեղ գտած պնդումներն ակնհայտ սուտ են։ Պատասխանելով Ադրբեջանի այսպես կոչված «քաղաքացիական հասարակության կազմակերպությունների» կողմից հրապարակված բաց նամակին, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը, որի սեփական հեղինակությունը բնապահպանական հարցերում տխրահռչակ է, փորձում է օգտագործել այսպես կոչված «քաղաքացիական հասարակության կազմակերպությունները» հանրային կապերի նպատակով Հայաստանի դեմ կեղծ մեղադրանքներ ներկայացնելու համար:
«Անցյալ տարվա դեկտեմբերին Ադրբեջանը կազմակերպեց և ուղղորդեց նմանատիպ բազմաթիվ կազմակերպությունների՝ այսպես կոչված «բնապահպանական բողոքներ» անցկացնել՝ փակելով Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ կտրելով Լեռնային Ղարաբաղի 120,000 էթնիկ հայերին արտաքին աշխարհից և լուրջ հետևանքներ պատճառելով Արցախի շրջակա միջավայրին։ Այն, որ նման «բողոքները» պատրվակ էին և իրականում ղեկավարվում էին Ադրբեջանի կողմից, վկայում է այն փաստը, որ «ցուցարարները» ցրվեցին, այն պահին երբ Ադրբեջանը կարողացավ դրանք փոխարինել նույն ճանապարհով երթևեկությունը խոչընդոտող կառավարական անցակետով։ Բաց նամակում արված պնդումներն ամբողջովին անհիմն են և արժանի չեն արձագանքի»,-ասված է Շրջակա միջավայրի նախարարության հայտարարության մեջ, որում հակիրճ անդրադարձ է կատարված ադրբեջանական կեղծ բնապահպանական բաց նամակի կետերին։
Կետ 1
Ինչ վերաբերում է ջրային ռեսուրսների ենթադրյալ աղտոտմանը (նշված բաց նամակի նախաբանում և դրա 1-3 կետերում), Նախարարությունը նշում է, որ Հայաստանի գետերի բոլոր անդրսահմանային հատվածներում կան ջրի որակի մոնիթորինգի դիտակետեր, որտեղ ամենամսյա պարբերականությամբ իրականացվում է ջրի որակի բոլոր պարամետրերի, այդ թվում ծանր մետաղների մոնիթորինգ։ Հանքարդյունաբերական ձեռնարկությունները օրենքով սահմանված կարգով իրականացնում են ջրի որակի, մթնոլորտային օդի և հողերի աղտոտվածության մոնիթորինգ և արդյունքները ներկայացնում են Նախարարություն եռամսյակային և տարեկան հաշվետվությունների ձևով, որոնք այնուհետև հրապարակվում են։ Միևնույն ժամանակ Հայաստանը Կովկասի տարածաշրջանում «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության» (ԱՃԹՆ) միակ անդամ երկիրն է, ինչը վկայում է այն կարևորության մասին, որ Հայաստանը տալիս է բնական պաշարների բաց և պատասխանատու կառավարմանը։
Կետ 2
Ի պատասխան բաց նամակի 4-րդ կետի, Նախարարությունը նշում է, որ «Սոթքի» ոսկու հանքավայրը 1964 թվականին օրինական կերպով տրվել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը և, հետևաբար, իրավահաջորդության հիման վրա այն այժմ պատկանում է Հայաստանի Հանրապետությանը։ Բաց նամակում տեղ գտած պնդումն այն մասին, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է, որ Հայաստանը խախտել է «էկոլոգիական հավասարակշռության իրավունքները» պարզապես սխալ է. նման որոշում գոյություն չունի։
Կետ 3
Բաց նամակի 5-րդ կետը խեղաթյուրում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2019 թվականի փետրվարի 14-ի վճիռները։ Այդ վճիռներում Դատարանը ընդունել է, որ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացումը բխում է հանրային շահից։ Դատարանը փոխհատուցում է տրամադրել Հայաստանի քաղաքացիներին միայն այն պատճառով, որ նրանց ունեցվածքը օտարվել է այս ծրագրի համար: Հակառակ բաց նամակում արված պնդումների, Դատարանը հանքարդյունաբերական գործունեությունը ապօրինի չի համարել։
Կետ 4
Գրության 6-րդ կետում նշված անվանմամբ հանքավայրը չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում և չի շահագործվում է Հայաստանի Հանրապետության կողմից։
Կետ 5
Ինչ վերաբերում է նամակի 7-րդ կետում հիշատակված Ախթալայի ԼՀԿ-ին, ապա այն գործում է նոր տեխնոլոգիայով, որը չի նախատեսում պոչամբարների օգտագործում։
Կետ 6
Բաց նամակի 8-րդ կետում նշված անվանմամբ գործարանը չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում և չի շահագործվում Հայաստանի Հանրապետության կողմից։
Կետ 7
Բաց նամակի 9-րդ կետում նշվածը չի համապատասխանում իրականությանը, քանի որ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում պղնձի, ցինկի և կապարի արտադրությամբ զբաղվող գործարան գոյություն չունի։
Կետ 8
Բաց նամակի 10-րդ կետը ևս չի համապատասխանում իրականությանը, քանի որ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում պղնձաձուլարան գոյություն չունի։
Կետ 9
Ինչ վերաբերում է Երասխի գործարանին, ապա այն լիովին համապատասխանում է միջազգային բնապահպանական ստանդարտներին։ Այս առնչությամբ սույն թվականի հունիսի 15-ին Շրջակա միջավայրի նախարարությունը հանդես է եկել մանրամասն պարզաբանմամբ։ (http://www.mnp.am/news/yeraskh-15-06-2023):
Կետ 10
Ինչ վերաբերում է Ամուլսարի հանքավայրին, այն դեռևս չի մտել շահագործման փուլ, հետևաբար որևէ աղտոտման մասին խոսք գնալ չի կարող։ Իսկ դրա շահագործման ընթացքում կպահպանվի բնապահպանական ռիսկերի կառավարման ամենաբարձր միջազգային ստանդարտը, և դրա իրականացումը խստորեն կվերահսկվի, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների կողմից։
Կետ 11
Հարկ է նշել, որ Հայաստանի սահմաններից դուրս եկող ջուրը համապատասխանում է միջազգային նորմերին։ Սա ապացուցվել է դեռևս տարիներ առաջ, երբ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը Հուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (NATO) աջակցությամբ 6 տարի շարունակ, 40 ցուցանիշների մասով ուսումնասիրություններ է կատարել սահմանային կետերում՝ կիրառելով ծրագրի շրջանակում հարևան երկրների հետ համատեղ ընդունված նույն մեթոդաբանությունը։






Թողնել մեկնաբանություն