Սեպտեմբերի 28-ը կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրն է: Աշխարհում ամեն տարի կատաղություն հիվանդությունից տասնյակ հազարավոր մարդիկ են մահանում: Մարդու մոտ հիվանդությունն արտահայտվում է․
1․ հիմնականում կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմամբ,
2․ ուղեկցվում շարժիչ կենտրոնների սուր գրգռվածությամբ,
3․ շնչառական ու կլման մկանների ջղաձգումներով:
Կլինիկական այս ախտանշանների առկայության դեպքում հիվանդությունն ավարտվում է մահով:
Ի՞նչ գիտենք հիվանդության մասին
1․ Կատաղությունը սուր վիրուսային զոոնոզ հիվանդություն է` պոլիէնցեֆալիտին բնորոշ ախտանշաններով: Մարդու մոտ կլինիկական ախտանշանների առկայության դեպքում հիվանդությունն ավարտվում է մահով: Բնության մեջ վարակի հիմնական աղբյուր և պահոց են համարվում գիշատիչ կենդանիները, չղջիկները, առնետները, իսկ կենցաղում` ընտանի կենդանիները (շներ, կատուներ), գյուղատնտեսական կենդանիները:
2․ Վարակի փոխանցման մեխանիզմը մարդու անմիջական շփումն է վարակի աղբյուրի հետ (մաշկի կամ արտաքին լորձաթաղանթների ամբողջականության խախտում` կծելու, ճանկռելու, նաև վարակված կենդանու թքի միջոցով` անմիջական շփման դեպքում և այլն):
3․ Կենդանիների հիվանդության գաղտնի շրջանը 14-16 օր է, որից հետո հիվանդ կենդանին դառնում է անհանգիստ, գրգռված, նկատվում է առատ թքարտադրություն, հրաժարվում է խմելուց և ուտելուց, առաջանում են ջղաձգումներ, և կենդանին սատկում է:
4․Մարդկանց մոտ հիվանդության գաղտնի շրջանի տևողությունը 10 օրից մինչև 1 տարի է և պայմանավորված է կծած տեղով (գլուխը, դեմքը, վիզը, ձեռքի մատները կծելիս այդ տևողությունը կարճ է, իսկ իրանը, ոտքը կծելիս` երկար):
Ի՞նչ անել կենդանու կծելու դեպքում, ո՞րն է բուժումը
Կատաղություն հիվանդությունը սպեցիֆիկ բուժում չունի: Կանխարգելիչ պատվաստումները (հակակատաղության պատվաստանյութ) համարվում են նաև բուժում, հետևաբար անհրաժեշտ է կենդանիների, հատկապես՝ թափառող, անհայտ և վայրի, կծելու դեպքում անմիջապես դիմել բժշկական օգնության վերքը մշակելու և համապատասխան պատվաստումներ ստանալու համար:
Կատաղության հիվանդության հարուցիչը լավ պահպանվում է ցուրտ պայմաններում, քայքայվում թթուների ազդեցությունից և արագ ոչնչանում մինչև 560C տաքացնելիս:





Թողնել մեկնաբանություն