Միջավայրը չաղտոտելու կուլտուրան մեզանում դեռ չի ձևավորվել․ Անահիտ Կիրակոսյան

https://eco.am/%d5%b4%d5%ab%d5%bb%d5%a1%d5%be%d5%a1%d5%b5%d6%80%d5%a8-%d5%b9%d5%a1%d5%b2%d5%bf%d5%b8%d5%bf%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82-%d5%af%d5%b8%d6%82%d5%ac%d5%bf%d5%b8%d6%82%d6%80%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%a5%d5%a6/

 

Կամերային երաժշտական թատրոնի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն առողջ ապրելու իր բանաձևն ունի։ Eco.am-ի հետ զրույցում բազմազավակ մայրիկն անկեղծացավ կազմվածքը պահպանելու իր մեթոդների, աղբը տեսակավորելու ընտանեկան վաղեմի սովորության, սեփական այգու բարիքներից օգտվելու և ամուսնանալուց հետո ձեռք բերած էկո սովորությունների մասին։

Ցանկացած մարդ պետք է հետևի առողջ ապրելակերպին։ Եթե համեմատվենք այլ երկրների հետ, այդ մշակույթը մեզ մոտ ընդհանրապես զարգացած չէ։ Դեռ դպրոցից սկսած մեր ֆիզկուլտուրայի դասերը, չգիտես ինչու, այլ առարկայի դաս կրկնելու ժամեր էին։ Այսինքն՝ հենց հիմքից պետք է գանք այդ փոփոխությանը, որ ֆիզիկական պատրատվածությունը, մարզվելը, առողջ ապրելակերպը շատ կարևոր են։  Շատ կուզենայի, որ Հայաստանում առողջ ապրելակերպի մշակույթը զարգանար ու ամրապնդվեր։ Բայց, հանրության մեջ կարծես թե նորաձև է դառնում մարզասրահներ հաճախել, մարզվել կամ առավոտյան մարզանք անել։ Ես, որպես մայրիկ ու հատկապես, որպես դերասանուհի, փորձում եմ հետևել արտաքին տեսքիս, որքան հնարավոր է պահպանել կանոնները, որպեսզի, այսպես ասած, ֆորմայի մեջ լինեմ թե՛ բեմում, թե՛ կյանքում՝ երեխաներիս համար օրինակ լինելով։

– Անահիտ, առողջ ապրելակերպն արտահայտվում է սնվելո՞վ, թե՞ նաև մարզվելով։

– Անկեղծ ասած, եթե ասեմ, որ մեր տանը բոլորը շատ առողջ են սնվում, կամ՝ երեխաներս ֆաստ ֆուդ ասվածը չեն ուտում՝ կստեմ։ Պարզապես ամեն ինչ սիրում ենք անել չափի մեջ։ Ենթադրենք, որոշում ենք մի օր, որ այդ օրը բոլորիս կարելի է  ֆաստ ֆուդ ուտել ու ընտանիքով գնում ենք վայելելու։ Իսկ մնացած օրերին՝ փորձում ենք ավելի ճիշտ սնվել։ Եթե սնունդով չենք լրացնում, գոնե մարզումների, սպորտի կամ սպորտային պարապմունքների միջոցով ենք կոփում մարմինը։ Օրինակ, որդիս գնում է կարատեի, իսկ 4 տարեկանից հաճախում է լողի։ Աղջիկներս նույնպես լավ լողում են, կար ժամանակ, որ անգամ պարի էին գնում, նաև անհատական մարզիչի մոտ մարզումների՝ կազմվածքը պահպանելու համար։ Իսկ ես, օրվա վազքի հետ միասին բեմում այնքան էներգիա եմ ծախսում, որն արդեն ինձ համար իդեալական մարզումներ են։ Դե, սնունդս էլ փորձում եմ կարգավորել, եթե մի օր չարաշահում եմ,  ապա մյուս օրը փորձում եմ ավելի չեզոք լինել։ Հատուկ սննդակարգ և դիետաներ չունեմ։

– Այսինքն, անթերի կազմվածքը բնությունից ու ծնողներից ժառանգությո՞ւն է։

Բնությունից, ծնողներից և իմ վազքից (Ծիծաղում է)։

– Կառանձնացնե՞ք օրգանիկ մի քանի ուտեստներ, որ Դուք սիրում եք ուտել ու նաև պատրաստել։

Օրինակ, տապակած կանաչի եմ շատ սիրում, հնդկաձավար։ Կամ՝ կաղամբ, գազար, կիտրոն ու կանաչի կտրատելով, իրար խառնելով, պատրաստում եմ իմ ամենասիրելի աղցանը, որն իմ ամենօրյա սննդակարգում անփոխարինելի է։ Կամ՝ լոլիկով, վարունգով, հազարով ու ֆետա պանիրով ամառային աղցանը։

– Շատերն առանց վարանելու գազավորված ըմպելիքներ են տալիս երեխաներին պատճառաբանելով, որ չեն կարող մերժել։ Դուք ինչպե՞ս եք վարվում։

– Իմ երեխաները այդ հարցում կամակոր չեն, դա չի եկել մեր խստությունից, պարզապես բացատրել եմ գազավորված ըմբելիքների վնասակարության մասին և նրանք հանգիստ նախընտրում են ջուր խմել, քան գազավորված ըմպելիք։ Օրինակ, եթե ընտրելու լինեն ապուր, թե՝ տապակած կարտոֆիլ, ապա նրանց ընտրությունը կանգ կառնի ապուրի վրա, հատկապես՝ տղաներս։

– Անահիտ, առօրյա էկո սովորություններ ունե՞ք։

– Այո, օրինակ, աղբը պարտադիր տեսակավորում ենք։ Նախ, շուն ունենք ու  սովորաբար հին ապուրները, ուտեստները, այն ինչ իրեն կարելի է, տալիս ենք նրան, իսկ մնացած աղբը, որպեսզի աղբամանը չնետենք, ունենք աղբը մանրացնելու համար նախատեսված սարք, որի միջոցով աղբի հարցը լուծում ենք։Իսկ արդեն պլաստիկ տարաներն էլ՝ առանձնացնում ենք ու տալիս կաթի գործարանին։ Աղբի տեսակավորելը շատ կարևոր է, պետք է բնությանը մոտ լինես ու չվնասես։ Իմ էկո սովորություններից կառանձնացնեմ նաև ջրի խնայումը։ Մեր տանը նույնիսկ քննարկման թեմա էլ չի դարձել, որովհետեւ գիտեն, թե որքան կարևոր է ջուրը։ Իսկ ես փոքր ժամանակավանից եմ գնահատում ջրի կարևորությունը։ Մանկությունս Վանաձորում է անցել, որտեղ ջուրը կամ ժամով էինք ստանում, կամ՝ չունեինք ու դույլերով գնում էինք ջուր կրելու։ Երբ ունես անդադար հոսող ջուր, պետք է խնայողաբար մոտենաս, որովհետւ աշխարհում, անգամ Հայաստանում, կան վայրեր, որտեղ առհասարակ խմելու ջուրը հասանելի չէ։ Պետք է մտածել շրջակա միջավայրի ու նաև մարդկանց մասին։

– Որքա՞ն հաճախ եք բնության գրկում լինում, թե՞ սիրում եք բնությունը բերել Ձեր տուն՝ տնային բույսերի ու ծաղիկների տեսքով։

– Մենք տանը կից գեղեցիկ այգի ունենք, որտեղ երեխաների հետ պտղատու ծառեր ենք տնկել։ Օրինակ, Հայկս ասում է, որ չի կարելի վնասել, կոտրել ճյուղերը նա փոքրուց գիտի այդ մասին։ Մեր տանն ընդունված է միշտ թարմ ծաղիկներ ու բույսեր ունենալը։ Ամուսինս երբեմն ինձ հողով ծաղիկներ է նվիրում, որ ավելի երկար խնամեմ։ Ավանի տանը ձմեռային այգի ունենք, երևի այն մեր տան ամենահաճելի վայրն է, երեխաներս այդ միջավայրում են մեծացել։ Իսկ երբ տեղափոխվեցինք բնակվելու Աբովյան քաղաքում, պտղատու ծառերով այգի ունենք՝ դեղձենիներ, խնձորենիներ, կեռասի ծառեր։

 

– Այսինքն, այգեգործությա՞մբ եք զբաղվում։

– Այո, ամուսինս ու երեխաներս օգնում են ծառերից հասած բարիքները հավաքել, այսինքն՝ մենք մեր մշակած բարիքներն ենք ուտում, էկո ենք սնվում։

– Անահիտ, օրինակ, ի՞նչ եք անում, որ ապրենք էկոլոգիապես մաքուր միջավայրում։

Նախ դեմ եմ աղբը աղբամանից դուրս նետելուն, իմ շրջապատում էլ միշտ ուշադիր եմ այդ հարցում։ Անգամ նկարահանման հրապարակում, որ տեսնում եմ ինչ-որ մեկը փորձում է ծխախոտի մնացորդը նետել գետնի, անպայման նկատողություն եմ անում։ Եթե գնում ենք քաղաքից դուրս, ապա պարտադիր պետք է մեզնից հետո թողած մնացորդները հավաքենք, որպեսզի հնարավորինս բնությանը վնաս չտանք։ Ցավոք, երբ բնության գրկում ուզում ես հանգիստդ վայելել, ականատես ես լինում աղտոտված բնությանը։ Ղեկավարս մի լավ խոսք ուներ, ասում էր՝ նախ և առաջ չպետք է կեղտոտենք։ Փորձը ցույց է տվել, որ շաբաթօրյակներից հետո էլ, մեկ շաբաթ անց, նույն իրավիճակն է լինում։ Այսինքն, աղբ չթափելու, միջավայրը չաղտոտելու կուլտուրան մեզանում դեռ չի ձևավորվել։ Եթե մարդը չմիջամտի, բնութունն ինքնակատարելագործվելու, ինքնամաքրվելու բոլոր ձևաչափերն ունի։

– Գնումների ժամանակ ուշադրություն դարձնո՞ւմ եք ապրանքների էկո, օրգանիկ կամ բիո պիտակներին, կամ ժամկետներին։

Պարտադիր։ Եթե դու մայրիկ ես, տան կին ու մտածում ես տան անդամների առողջության մասին, ապա անպայման պետք է հետևես պիտակներին։

– Այդ սովորությունը ամուսնանալուց հետո ե՞ք ձեռք բերել, թե՞ նախկինում էլ էիք այդպես վարվում։

– Գուցե նախկինում ուշադրություն դարձնում էի ժամկետներին, բայց, անկեղծ, ամուսնանալուց հետո եմ այդպես դարձել։ Ինչպես ասում են՝ ինքս ինձ համար կալարեմ մի բաժակ ջուր վերցնել, բայց երեխայի համար աշխարհի ծայրն էլ կհասնեմ։

–  Կոսմետիկայի կամ խնամիք միջոցների հարցում ինչպե՞ս եք ընտրություն կատարում՝ բրենդայի՞ն, թե՝ բիո ապրանք:

– Ընդհանրապես բնականի կողմնակիցն եմ։ Ինձ ճանաչողները գիտեն, որ կյանքում առհասարակ չեմ շպարվում, դիմահարդարվելու սիրահար չեմ։ Քանի որ աշխատանքի վայրում շատ գրիմ են անում, փորձում եմ այնպես անել, որ մաշկս հանգստանա։ Դրա համար միանշանակ օրգանիկ նյութերով եմ մշակում մաշկս,  դիմակներ եմ դնեմ, որոնք բուսական հիմքի վրա են ստեղծված ու կօգնեն մաշկիս վերականգնվել։ Նույնիսկ, աղջիկներս երբեմն բնական դիմակներ են պատրաստում՝ ձվից, թարմ մրգերից ու սննդարար բանջարեղեններից ու ասում են՝ մա՛մ, արի փորձենք։

– Կորոնավիրուսը «տնային կալանքի» ենթարկեց ոչ միայն հանրությանը, այլ մեկ տարով զրկեց արտիստներին հանդիսատեսի հետ հաճելի հանդիպումից։ Հիմա, կարծես թե թատրոնները վերադարձել են կանոնավոր խաղացանկին, բարդ է՞ր մեկ տարվա դադարից հետո վերադառնալ բեմ։

Այո, բարդ էր։ Այդ ընթացքում հասկացա, որ առանց աշխատանքի կիսատ մարդ եմ։ Հիմա ծանրաբեռնված եմ, միաժամանակ 3 նախագծում եմ զբաղված՝ թատրոնում մի քանի ներկայացումներում եմ զբաղված, նկարահանվում եմ սերիալում ու հեռուստահաղորդում ունեմ։ Բայց, այնքան ուրախ, ոգևորված, հանդիսատեսին ու բեմին կարոտած եմ անում աշխատանքս։ Այս ամենից հետո սկսեցի ամեն ինչ գերագնահատել, հասկանալ, թե որքան չէինք պատկերացնում ինչ հարստություն ունենք։ Հասարակ բաներն արժևորելու, ամենօրյա աշխատանքդ կարևորելու համար էր այս ամենը, որպեսզի սիրես, գնահատես այն, ինչ ունես։ Այժմ թատրոնում վերականգնվել են ներկայացումները, լեփ-լեցուն դահլիճները, հանդիսատեսի ծափերը, նրանցից ստացած էներգիան շատ էի կարոտել։ Հիմա հաճույքով եմ մտել ծանրաբեռնվածության տակ ու շատ արագ անցա գործի՝ առանց նվնվալու։

– Վերջերս, Կամերային երաժշտական թատրոնում հանդիսատեսի դատին հանձնեցիք Հայոց ցեղասպանությանը նվիրված «Փրկության հրեշտակ» ներկայացումը, մի փոքր կմանրամասնե՞ք Ձեր կերպարի մասին։

– Այն ինձ համար ներկայացում չէ, այլ փաստավավերագրություն։ Այս ներկայացումով ցանկացել ենք տեղեկացնել, որ եղել է Հովհաննես Էսքիջյան անունով մի մարդ, ով Հայոց ցեղասպանության տարիներին շատ հայ երեխաների է փրկել, որի մասին, ցավոք, տեղեկություններ չեն եղել, այսօրվա սերունդները չգիտեն այդ մարդու մասին։ Իսկ ես մարմնավորում եմ Էսքիջյանի կնոջը՝ Գուլենիային, այն ինձ համար կարևոր դեր է։ Ուժեղ կնոջ կերպար է, որը շարունակում է ամուսնու աշխատանքը։ Նա այդ հայկական փխրունությամբ այնքան ամուր է, որ ինձ համար մեծ պատիվ էր այդ դերը մարմնավորել։ Կարևորը, որ ներկայացման ասելիքը հասավ իր նպատակին, հանդիսատեսից շատերն ասացին, որ չգիտեին նրա մասին։ Մեր վերջին տեսած պատերազմից հետո, այսօր ավելի քան հարկավոր է, որ մենք իմանանք ով ենք, հասկանանք՝ ուր ենք գնում ու ինչ քայլերով։ «Փրկության հրեշտակը» կխաղանք նաև ապրիլի 24-ին։ Բայց իմ մասնակցությամբ թատրոնում կարող են դիտել «Անուշ», «ՆՆջասենյակային ֆարս» ներկայացումները։ Նաև մի շարք պրեմիերաներ են նախատեսված, այնպես որ համեցե՛ք։

Անահիտ, վերջում կխնդրեինք առողջ ապրելակերպ վարելու Ձեր էկո խորհուրդները՝ մեր ընթերցողներին։

Եթե հստակ սպորտաձևեր չգիտեն, պետք է գտնեն դրա լավագույն տարբերակը՝ երեխաների համար միացնել ակտիվ երաժշտություն և միասին պարել։ Չէ՞ որ պարն էլ է սպորտի մի տեսակ։ Կամ՝ որքան հնարավոր է շատ քայլել, ինչ-որ մի տեղ գնալիս ոչ թե մեքենայով, այլ՝ ոտքով գնալ։ Պալիէթիլենային տոպրակների փոխարեն թղթե կամ կտորից տոպրակներով գնացեք գնումների։ Շրջակա միջավայրին վերաբերվեք ձեր տան նման, այլ ոչ թե չմտածեք, որ հարևանի տան դիմացն արդեն ինձ չի պատկանում։ Սա մեր հայրենիքն է, եթե ոչ մենք, ապա ո՞վ պետք է հոգ տանի։ Սիրե՛ք բնությունը, որովհետև մենք այդ բնության մի մասնիկն ենք։ Բնության արհավիրքները համարում եմ բումերանգ մարդկությանը՝ իրենց արած սխալների համար։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել