«Միայն մեկ Երկիր» կարգախոսով նշվեց Շրջակա միջավայրի համաշխարհային օրը

https://eco.am/%d5%b4%d5%ab%d5%a1%d5%b5%d5%b6-%d5%b4%d5%a5%d5%af-%d5%a5%d6%80%d5%af%d5%ab%d6%80-%d5%af%d5%a1%d6%80%d5%a3%d5%a1%d5%ad%d5%b8%d5%bd%d5%b8%d5%be-%d5%b6%d5%b7%d5%be%d5%a5%d6%81-%d5%b7%d6%80/

50 տարի առաջ՝ 1972 թվականին, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հունիսի 5-ը հայտարարեց որպես Շրջակա միջավայրի համաշխարհային օր։ Այդ օրվանից էլ հունիսի 5-ը միջազգային բնապահպանական օրացույցի կարևոր տոներից մեկը դարձավ։ Այն ամեն տարի նշվում է ավելի քան հարյուր երկրներում: «Միայն մեկ Երկիր»․ այս տարի հունիսի 5-ը նշվեց հետևյալ կարգախոսով։

Օրվա ամսաթիվն ընտրվել է ի նշանավորումն Ստոկհոլմի հանձնաժողովի՝ շրջակա միջավայրի պահպանման խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների մեկնարկի: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր որոշման մեջ կոչ է արել պետություններին և ՄԱԿ-ի կազմակերպություններին յուրաքանչյուր տարի այդ օրն անցկացնել միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:

Մարդկային քաղաքակրթության ժամանակակից տեխնիկական զարգացումը ներկա դրությամբ հանգեցրել է շրջակա միջավայրի զգալի աղտոտվածությանը: Մարդու ամենօրյա տնտեսական (հանքեր, անտառհատումներ, անտառային հրդեհներ և այլն) և զինվորական (զենքերի փորձարկումներ, պատերազմներ և այլն) գործունեությունը բնական միջավայրին վնաս է հասցնում:

Շրջակա միջավայր թափանցող շատ միացություններ չեն հանդիպում բնության մեջ, դրանք մարդու կողմից արհեստականորեն սինթեզված են։ Ուստի, այս տարի պատահական ընտրված չէ «Միայն մեկ երկիր» կարգախոսը, քանի որ հաճախ մոռանում ենք, որ տիեզերքում կան միլիարդավոր գալակտիկաներ, մեր գալակտիկայում՝ միլիարդավոր մոլորակներ, բայց կա միայն մեկ Երկիր:

Այս օրը նպատակ ունի յուրաքանչյուր մարդու մեջ արթնացնել շրջակա միջավայրի պաշտպանությանը նպաստելու ցանկություն: Անհրաժեշտ է աշխարհի ժողովուրդներին հնարավորություն ընձեռել ակտիվորեն նպաստելու կայուն և արդարացի զարգացմանը, նպաստել այն ընկալմանը, որ բնապահպանական հարցերի հանդեպ մոտեցումների փոփոխության հիմնական շարժիչ ուժը մենք ինքներս ենք։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով