«Մեր հաղթանակները կնվիրենք զոհված հերոս տղաներին»․ Հայաստանը կմասնակցի WUKF-ի աշխարհի առաջնությանը

https://eco.am/%d5%b4%d5%a5%d6%80-%d5%b0%d5%a1%d5%b2%d5%a9%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%af%d5%b6%d5%be%d5%ab%d6%80%d5%a5%d5%b6%d6%84-%d5%a6%d5%b8%d5%b0%d5%be%d5%a1%d5%ae-%d5%b0%d5%a5/

Սեպտեմբերի 23-26-ը Ռումինիայի Կլյուչ քաղաքում տեղի կունենա WUKF-ի՝ «Աշխարհի կարատեի ֆեդերացիայի» աշխարհի առաջնությունը, որին կմասնակցեն 70-75 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան։

Հայաստանը կներկայացնեն հինգ մարզիկ՝ կարատեի  և Եվրոպայի եռակի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը, Դավիթ Թարոյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Սերգեյ Դալլաքյանը և Գևորգ Ղազարյանը։

Ի դեպ, 5 մարզիկները գալիք առաջնությանը կմասնակցեն ոչ թե պետական որևէ աջակցությամբ, այլ՝ ռուսաստանաբնակ հայ  բարերար Լիլիթ Կարապետյանի ֆինանսավորմամբ:

«Այս մրցումներում մենք պետք է հաղթենք ու մեր հաղթանակները կնվիրենք զոհված հերոս տղաներին»,- ասաց կարատեի  և Եվրոպայի եռակի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը, շեշտելով, որ WUKF-ը սպորտային կարատեի ամենահզոր վարկածներից մեկն է և ամեն ինչ անելու են, որպեսզի հաղթանակներով վերադառնան։

«Արմֆայթինգ» ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանն օրերս հայտարարեց, որ Կամո Ունանյանին առաջարկել է ուժերը փորձել  ընդհանուր մարտերում (MMA). «Մենամարտերից մեկի ժամանակ միտք հղացավ Կամո Ունանյանին առաջարկել իր ուժերը չափել ընդհանուր մենամարտերում։ Իհարկե, սկզբնական շրջանում առաջարկս մերժվեց, բայց հետո Կամոյին հետաքրքրեց։ Շատ հետաքրքիր է արևելյան մարզաձևի աշխարհի չեմպիոնի ուժերը տեսնել  ընդհանուր մենամարտերում։ Սպասվում են միջազգային մի շարք մրցաշարեր, որոնց ընթացքում կընտրվի մրցակից մարզիկ, կքննարկվի, թե ով է լինելու այդ մարզիկը և որ մրցաշարին է մասնակցելու»,- ասաց Հայկ Ղուկասյանը։

Ի դեպ, մինչև տարեվերջ առողջական խնդիրների պատճառով հնարավոր է Կ. Ունանյանն ավարտի մարզական կարիերան. «Յուրաքանչյուր պրոֆեսիոնալ մարզիկ բավականին լուրջ առողջական խնդիրներ ունի, կոնկրետ ես, վերջին երեք տարիներին, ունեմ մեջքի հետ կապված լուրջ խնդիրներ և արդեն 3 անգամ վիրահատության եմ ենթարկվել։ Ինձ համար սպորտը մի ամբողջ կյանք է, որին այդքան էլ հեշտ չէ հրաժեշտ տալ: Ես անում եմ ամեն բան, որ որքան հնարավոր է երկար մասնակցեմ, մեդալներ նվաճեմ, որպեսզի բարձր պահեմ իմ երկրի պատիվը։ Դա անելու եմ մինչև վերջին ուժերս։ MMA-ում մի մարտ ունենալուց հետո կորոշեմ շարունակե՞լ, թե՝ ոչ, Ինձ համար բարդ է լինելու ընդունել մարզական կարիերաս ավարտելու փաստը, բայց առողջական խնդիրներիս մասին հիշելով, կարծում եմ, մեկ տարի անց կավարտեմ կարիերաս»,- եզրափակեց կարատեի  և Եվրոպայի եռակի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով