Սեպտեմբերի 23-26-ը Ռումինիայի Կլյուչ քաղաքում տեղի կունենա WUKF-ի՝ «Աշխարհի կարատեի ֆեդերացիայի» աշխարհի առաջնությունը, որին կմասնակցեն 70-75 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան։
Հայաստանը կներկայացնեն հինգ մարզիկ՝ կարատեի և Եվրոպայի եռակի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը, Դավիթ Թարոյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Սերգեյ Դալլաքյանը և Գևորգ Ղազարյանը։
Ի դեպ, 5 մարզիկները գալիք առաջնությանը կմասնակցեն ոչ թե պետական որևէ աջակցությամբ, այլ՝ ռուսաստանաբնակ հայ բարերար Լիլիթ Կարապետյանի ֆինանսավորմամբ:
«Այս մրցումներում մենք պետք է հաղթենք ու մեր հաղթանակները կնվիրենք զոհված հերոս տղաներին»,- ասաց կարատեի և Եվրոպայի եռակի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը, շեշտելով, որ WUKF-ը սպորտային կարատեի ամենահզոր վարկածներից մեկն է և ամեն ինչ անելու են, որպեսզի հաղթանակներով վերադառնան։
«Արմֆայթինգ» ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանն օրերս հայտարարեց, որ Կամո Ունանյանին առաջարկել է ուժերը փորձել ընդհանուր մարտերում (MMA). «Մենամարտերից մեկի ժամանակ միտք հղացավ Կամո Ունանյանին առաջարկել իր ուժերը չափել ընդհանուր մենամարտերում։ Իհարկե, սկզբնական շրջանում առաջարկս մերժվեց, բայց հետո Կամոյին հետաքրքրեց։ Շատ հետաքրքիր է արևելյան մարզաձևի աշխարհի չեմպիոնի ուժերը տեսնել ընդհանուր մենամարտերում։ Սպասվում են միջազգային մի շարք մրցաշարեր, որոնց ընթացքում կընտրվի մրցակից մարզիկ, կքննարկվի, թե ով է լինելու այդ մարզիկը և որ մրցաշարին է մասնակցելու»,- ասաց Հայկ Ղուկասյանը։
Ի դեպ, մինչև տարեվերջ առողջական խնդիրների պատճառով հնարավոր է Կ. Ունանյանն ավարտի մարզական կարիերան. «Յուրաքանչյուր պրոֆեսիոնալ մարզիկ բավականին լուրջ առողջական խնդիրներ ունի, կոնկրետ ես, վերջին երեք տարիներին, ունեմ մեջքի հետ կապված լուրջ խնդիրներ և արդեն 3 անգամ վիրահատության եմ ենթարկվել։ Ինձ համար սպորտը մի ամբողջ կյանք է, որին այդքան էլ հեշտ չէ հրաժեշտ տալ: Ես անում եմ ամեն բան, որ որքան հնարավոր է երկար մասնակցեմ, մեդալներ նվաճեմ, որպեսզի բարձր պահեմ իմ երկրի պատիվը։ Դա անելու եմ մինչև վերջին ուժերս։ MMA-ում մի մարտ ունենալուց հետո կորոշեմ շարունակե՞լ, թե՝ ոչ, Ինձ համար բարդ է լինելու ընդունել մարզական կարիերաս ավարտելու փաստը, բայց առողջական խնդիրներիս մասին հիշելով, կարծում եմ, մեկ տարի անց կավարտեմ կարիերաս»,- եզրափակեց կարատեի և Եվրոպայի եռակի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը։




Թողնել մեկնաբանություն