«Մենք ենք մեր անտառներրը». ազդագրերի բացօթյա ցուցահանդես

https://eco.am/%d5%b4%d5%a5%d5%b6%d6%84-%d5%a5%d5%b6%d6%84-%d5%b4%d5%a5%d6%80-%d5%a1%d5%b6%d5%bf%d5%a1%d5%bc%d5%b6%d5%a5%d6%80%d6%80%d5%a8-%d5%a1%d5%a6%d5%a4%d5%a1%d5%a3%d6%80%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a2/

Անտառների միջազգային օրվան նվիրված այսօր  տեղի ունեցավ «Մենք ենք մեր անտառները» ազդագրերի բացօթյա ցուցահանդեսի բացման միջոցառումը:

Երկամսյա այս ցուցահանդեսը նպատակ ունի բարձրացնել մոլորակի վրա կյանքի հավասարակշռության պահպանման համար անտառների առանցքային դերի և դրանց պաշտպանության կարևորության մասին իրազեկվածությունը, ինչպես նաև խթանել անտառվերականգնման աշխատանքները Հայաստանում:

Բացման արարողությանը ներկա էին Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, անտառվերականգնման աշխատանքային խմբի ղեկավար Համբարձում Մաթևոսյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը, պետական, մասնավոր և միջազգային կազմակերպությունների ղեկավար ներկայացուցիչներ։ Ցուցահանդեսն ուղղված է լայն հանրությանը` գեղարվեստական մոտեցմամբ և ուժեղ ուղերձով։

Միջոցառման մեկնարկին Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ողջույնի իր խոսքում շնորհավորեց ներկաներին Անտառների միջազգային օրվա կապակցությամբ և նշեց, որ կառավարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ համագործակցությունը առանցքային է Հայաստանի անտառածածկույթն ընդլայնելու կառավարության առաքելության մեջ։

«Այս նպատակներին հասնելու համար լայն հանրությունը պետք է տեղեկացված և ներգրավված լինի, ուստի իրազեկման միջոցառումների կարևորությունը հնարավոր չէ գերագնահատել»,- եզրափակեց նախարարը։

Կառավարությունը նպատակ ունի մինչև 2030 թվականն ունենալ 12,9% անտառածածկ՝ համագործակցելով գործընթացում ներգրավված բոլոր դերակատարների հետ:

Ցուցահանդեսի նախաձեռնողները՝ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի, Բնության համաշխարհային հիմնադրամի և «Էյ-Թի-Փի» հիմնադրամի ղեկավարներն իրենց խոսքում կրկին կարևորեցին պետություն-մասնավոր համագործակցությունը և նշեցին, որ անտառային էկոհամակարգի բարելավումն ու պահպանումը շարունակական աշխատանք է, և այս աշխատանքը հանրության ուշադրության կարիքն ունի։

Մեր բնական ժառանգության պահպանման հավաքական հանձնառությամբ` ցուցահանդեսը կներկայացնի հայտնի հայ արվեստագետների կողմից ստեղծված ազդեցիկ ազդագրեր, որոնք կանդրադառնան անտառների  պահպանման տարբեր խնդիրներին և անհապաղ գործողությունների անհրաժեշտությանը: Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալ արվեստի գործերին և տեղեկանալ  անտառների բազմակողմանի դերի, ինչպես նաև Հայաստանի անտառների պաշտպանության  կարեւորության մասին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թափոնների երկրորդ կյանքը. ցուցահանդես «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ծրագրի շրջանակներում

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել