Մեկնարկեց «Շրջակա միջավայրի պահպանման վերաբերյալ համատեղ մոնիթորինգային ծրագիր՝ Սևծովյան ավազանի երկրների համար» ծրագիրը

https://eco.am/%d5%b4%d5%a5%d5%af%d5%b6%d5%a1%d6%80%d5%af%d5%a5%d6%81-%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%af%d5%a1-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%a1%d5%be%d5%a1%d5%b5%d6%80%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%b0%d5%ba%d5%a1%d5%b6%d5%b4/

2021թ. ապրիլի 6-ին Երևանում կայացավ BSB-884 – «Շրջակա միջավայրի պահպանման վերաբերյալ համատեղ մոնիթորինգային ծրագիր՝ Սևծովյան ավազանի երկրների համար» ծրագրի վերաբերյալ առաջին հանդիպումը:

Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի տնօրեն, ծրագրի ղեկավար Նունե Հարությունյանը ներկայացրեց ծրագրի հիմնական դրույթները, նպատակը, խնդիրներն ու ակնկալվող արդյունքները:

Ծրագիրը կտևի երկու տարի և ընդգրկում է չորս երկիր՝ Բուլղարիա, Ռումինիա, Հայաստան և Վրաստան, որի իրականացման համար Եվրամիության կողմից տրամադրվել է մեկ միլիոն եվրո գումար:

Ծրագիրն ընդգրկում է Բուլղարիայի «Ստրանջա» ազգային պարկը, Ռումինայի Դանուբ Դելտայի կենսոլորտային համալիրը, Հայաստանի «Դիլիջան» ազգային պարկը և Վրաստանի պահպանվող տարածքների մի մասը։ Ծրագրի հիմնական նպատակն է լուծել Սևծովյան ավազանի, ազգային պարկերի և հատուկ պահպանվող տարածքների ընդհանուր խնդիրները։ Ծրագրի ընդհանուր նպատակն է բարձրացնել շրջակա միջավայրի մոնիթորինգի միջսահմանային համատեղելի տվյալների և տեղեկատվության մատչելիության մակարդակը Սևծովյան Ավազանի ազգային պարկերում և հատուկ պահպանվող տարածքներում:

Ծրագրի հեղինակներն ակնկալում են շրջակա միջավայրի վերաբերյալ տվյալների հավաքման, մշակման ու վերլուծության խելացի հարթակի ստեղծում, որը կիրականացվի ամպային վեբ ծառայության միջոցով, ինչն անհրաժեշտ է անլար սենսորային ցանցերից տվյալների հավաքագրման, նաև ավտոմատ տեսակապի բովանդակության ապահովման համար:

Ի պատասխան «ԷկոԼուր»-ի այն հարցին, թե տվյալների բազան որքանով հասանելի կլինի քաղաքացիական հասարակության համար, Նունե Հարությունյանը նշեց, որ ամփոփիչ տեղեկատվությունը կտեղադրվի համակարգող բուլղարական «ԱԿՏՈՐՊՈՒՍ» կազմակերպության, Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի Հայաստանյան գրասենյակի պաշտոնական կայքերում և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հատուկ էջում:

Մոնիթորինգի իրականացման համար «ԷկոԼուրը» նաև առաջարկեց օգտվել «Դիլիջան» ազգային պարկում կառուցված ՓՀԷԿ-երի վերաբերյալ մոնիթորինգային տվյալներից, որոնք հավաքագրվել են «ԷկոԼուրի» կողմից իրականացված «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» և «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրերի շրջանակներում:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել