Մաքրվել է Ավանի Կաթողիկե եկեղեցին՝ Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ

https://eco.am/%d5%b4%d5%a1%d6%84%d6%80%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%a1%d5%be%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%af%d5%a1%d5%a9%d5%b8%d5%b2%d5%ab%d5%af%d5%a5-%d5%a5%d5%af%d5%a5%d5%b2%d5%a5%d6%81%d5%ab%d5%b6%d5%9d-%d5%a9%d5%a1/

Ապրիլի 18-ը նշվում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր: Օրվան ընդառաջ մաքրել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող Կաթողիկե եկեղեցին: Այս մասին Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Յուրաքանչյուր տարվա ապրիլի 18-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ու իր ենթակայությամբ համապատասխան ստորաբաժանումները պատմության և մշակույթի մի շարք հուշարձանների տարածքներում իրականացնում են տարբեր միջոցառումներ, որոնք միտված են հուշարձանների մասին իրազեկվածության բարձրացմանը, դրանց հանրահռչակմանը և պահպանությանը։ Այս տարի այս միջոցառման թիրախում էր շատերին քիչ հայտնի, բայց մեր պատմության համար կարևորագույն քաղաքական, հոգևոր և ճարտարապետական գոհարներից մեկը՝ Երևան քաղաքի Ավան վարչական տարածքում գտնվող Կաթողիկե եկեղեցին, որի պահպանմանը, հանրահռչակմանը միտված և մաքրման աշխատանքները նախաձեռնել էր «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության աշխատակիցների աջակցությամբ և մասնակցությամբ։

Ավանի Կաթողիկե եկեղեցու մաքրման աշխատանքներին մասնակցել են Երևանի թիվ 39 դպրոցի աշակերտները և ուսուցիչները, նաև քաղաքացիներ ու տարբեր տարիքի երեխաներ։ Մինչ մաքրման աշխատանքների մեկնարկը ՊՄՀՊ վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանն աշակերտներին ներկայացրել է Ավանի տաճարի պատմությունը, ճարտարապետությունը և բացառիկ հոգևոր ու քաղաքական դերն ու նշանակությունը վաղ միջնադարում:

Հիշեցնենք, որ Ավանի Կաթողիկե եկեղեցին (հիշատակվում է նաև Ծիրանավոր կամ Սբ. Հովհաննես) թվագրվում է 6-րդ դարով։ Ըստ VII դ. պատմիչ Սեբեոսի՝ Ավանում 591 թ. կաթողիկոս Հովհան Բագարանցին կառուցել է կաթողիկոսարանը: 611 թ․ նա թաղվել է Կաթողիկեի հարավային կողմում: Կաթողիկոսարանի Կաթողիկե եկեղեցին արտաքուստ ուղղանկյուն է, ներսից` խաչաձև գմբեթավոր (գմբեթը չի պահպանվել), քառախորան, չորս անկյուններում շրջանաձև հատակագծով, գմբեթածածկ ավանդատներով, որոնք աղոթասրահի հետ հաղորդակցվում են շրջանի երեք քառորդ հատվածքի խորշերով: Կառուցվել է տեղական տուֆի սրբատաշ քարերով։ Կաթողիկեին հյուսիսային կողմին կից է կաթողիկոսի պալատը, որը եկեղեցու հետ հաղորդակցվում է հյուսիսային մուտքով: Եկեղեցին փլուզվել է 1679 թ․ երկրաշարժից։ 1968 թ. բարեկարգվել է տարածքը: 1978 թ. պեղվել է կաթողիկոսարանի պալատական շենքը, նորոգվել Կաթողիկեի հարավային ճակատը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով