Ինչպես ճիշտ նախաճաշել
Առավոտյան ճիշտ նախաճաշելով առողջացնում եք ձեր մարսողական համակարգը, իսկ օրվա ընթացքում սով չեք զգում և չեք հարձակվում ճաշի կամ ընթրիքի վրա։
Առողջության համար շատ կարևոր է ոչ միայն օրվա ընթացքում ընդունված սննդի քանակը և որակը, այլև դրա բաշխումը օրվա մեջ:
Այն, որ շատերս ենք անկանոն սնվում և չենք նախաճաշում, անհերքելի փաստ է: Հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանում չափահաս տղամարդկանց 53.7%-ը և կանանց 40%-ից ավելին սնվում են օրական 2 անգամ` բաց թողնելով մարդու ամբողջ օրվա ինքնազգացումը պայմանավորող նախաճաշը:
Չափից ավել թեթև կամ չափազանց առատ նախաճաշը դառնում է թուլության և աշխատունակության անկման պատճառ: Նախաճաշը զգալիորեն ազդում է ողջ օրվա ընթացքում օրգանիզմի` էներգիա արտադրելու և արյան մեջ շաքարի մակարդակը նորմայի սահմաններում պահպանելու ընդունակության վրա: Ինչն էլ իր հերթին պայմանավորում է մարդու ֆիզիկական և հուզական տոնուսը, մտածողությունն ու զգացումները՝ ամբողջությամբ վերցրած` մարդու ողջ կենսունակությունը:
Կանոնավոր նախաճաշելը բարձրացնում է արտադրողականությունը, լավացնում է հիշողությունը, դուք Ձեզ զգում եք առույգ և ուժերով լեցուն:
Եթե առավոտյան քաղցած չեք, ուրեմն, հավանաբար ընթրիքին չափից շատ եք կերել: Քաղցի զգացումն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ գլյուկոզայի մակարդակը արյան մեջ իջնում է 70 մգ, իսկ երեկոյան առատ ընթրիքից 12 ժամ անց արյան մեջ գլյուկոզան պահպանվում է 95 մգ-ից բարձր մակարդակի վրա: Ուստի Ձեր ընթրիքը պետք է լինի թեթև՝ ախորժալի ապուր, կամ կաթ, կամ կաթնաթթվային մթերքներ, հնարավոր է նաև բանջարեղեն և մրգեր: Այստեղ տեղին է բերել առողջ սննդի հիմնական կանոններին վերաբերվող ասացվածքը «Նախաճաշիր թագավորի նման, ճաշիր արքայազնի պես, ընթրիր մուրացկանի նման»:
Առողջ, ճիշտ հաշվեկշռված նախաճաշը պետք է պարունակի սննդամթերքներ հետևյալ խմբերից`
Միրգ, բանջարեղեն
Հացազգիներ
Կաթնամթերք
Սպիտակուց պարունակող սննդամթերքներ` մսամթերքներ կամ նրա փոխարինիչներ։
ՀԻՇԵ՛Ք․ Առողջ և աշխատունակ լինելու համար անպայման նախաճաշեք:






Թողնել մեկնաբանություն