ՀՀ բոլոր մարզերում կստեղծվեն «Հավերժության պուրակներ»

https://eco.am/%d5%b0%d5%b0-%d5%a2%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80-%d5%b4%d5%a1%d6%80%d5%a6%d5%a5%d6%80%d5%b8%d6%82%d5%b4-%d5%af%d5%bd%d5%bf%d5%a5%d5%b2%d5%ae%d5%be%d5%a5%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%be%d5%a5%d6%80%d5%aa/

Այսուհետ, ՀՀ բոլոր մարզերի համայնքների նախապես ընտրված տարածքներում կհիմնվեն «Հավերժության պուրակներ»՝ տվյալ համայնքից Ապրիլյան քառօրյայում և 2020 թ. Արցախյան պատերազմում զոհված հայորդիների անունով: Նախձեռնությունը «ՈՐԴՈՒՍ» հասարակական կազմակերպությանն է, որի կողմից տրամադրված ծառերով արդեն «Հավերժության պուրակներ» են ստեղծվել Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի մարզերի մի շարք համայնքներում։ Ծառերը կունենան մետաղյա անվանակիրներ, որոնք տարիների հետ կսերտաճեն բներին՝ ծառերի կենդանի սոսափյունով հավերժ կենդանի պահելով անմահ հայորդիների հիշատակը:

Ինչպես Eco.am-ին տեղեկացրին, «ՈՐԴՈՒՍ» սոցիալ-կրթական հասարակական կազմակերպությունից, ի հիշատակ իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած մեր որդիների, «ՀԱՐԳՈ ՕՐԵՐ» նախաձեռնությունների շարքը կլինի շարունակական․ «Յուրաքանչյուր աշնանն ու գարնանը կտնկվեն նոր ծառեր, կիրականացվեն պուրակների բարեկարգմանը (ոռոգման համակարգի, մանկական խաղահրապարակի կառուցում, նստարանների և աղբամանների տեղադրում) և տղաների հիշատակին նվիրված միջոցառումների կազմակերպմանը նպաստող այլ ծրագրեր»:

Նկատենք, որ հավերժության պուրակների իրականացումն ունի երկու կարևոր նպատակ փրկել բնությունն ու հավերժ վառ պահել մեր նախատակների անունները․ «Մեզանից յուրաքանչյուրը նվիրաբերելով թեկուզ մեկ ծառ, կարող է իր երախտագիտությունը հայտնել մեր զոհված տղաներին՝ «Որդուս» ՀԿ-ի հետ միասին կառուցելով «Հավերժության պուրակներ»՝ ՀՀ համայնքներում։ Ծրագիրը կնպաստի նաև մեր երկրի նվազող ծառածածկույթի ավելացմանը, երեխաների հայրենասիրական դաստիարակությանը, ինչպես նաև գյուղի բարեկարգմանն ու բնակչության մեջ հոգատարության ավելացմանը: Մեր այս նախաձեռնությամբ մտադիր ենք մեկ նպատակի շուրջ համախմբել ՀՀ բոլոր համայնքների երիտասարդությանն ու ավագ դպրոցների աշակերտներին, ինչպես նաև բոլոր բնակիչներին՝ հայրենիքին նվիրաբերված իրենց զավակների հիշողությունը վառ պահելով»,– եզրափակեցին նախաձեռնության հեղինակները։

«ՀԱՐԳՈ ՕՐԵՐ»-ն ունի նախապատմություն

Ըստ վիպասան Հայկ Խաչատրյանի՝ դեռ հին Հայաստանում հայերն ունեցել են հրաշալի ավանդույթ, ըստ որի՝ պատերազմից հետո յուրաքանչյուր գյուղի կամ քաղաքի բնակիչ ամիսը երեք օր աշխատում էր զոհվածների փոխարեն՝ դրանով իսկ օգնելով զոհվածների ընտանիքներին և հավերժացնելով նրանց հիշատակը: Ահա այս ավանդույթն էլ հիմք է հանդիսացել նախաձեռնության իրականացմանը։

 Նկարներում կարող եք տեսնել պուրակների նախնական և վերջնական տեսքը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։