«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորիգի կենտրոն»-ը ամփոփել է 2023 թվականի արդյունքներն ու ձեռքբերումները

https://eco.am/%d5%b0%d5%ab%d5%a4%d6%80%d5%b8%d6%85%d5%a4%d5%a5%d6%80%d6%87%d5%b8%d6%82%d5%a9%d5%a1%d5%a2%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d6%87-%d5%b4%d5%b8%d5%b6%d5%ab%d5%a9%d5%b8%d6%80%d5%ab/

Ամփոփվել են Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորիգի կենտրոն» ՊՈԱԿ-ի  2023 թվականի գործունեության հիմնական արդյունքները և ձեռքբերումները։ Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ նախարար Հակոբ Սիմիդյանը, նախարարի տեղակալներ Տիգրան Գաբրիելյանը, Արամ Մեյմարյանը և նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարների հետ  մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորիգի կենտրոն» ՊՈԱԿ-ի  2023 թվականի գործունեության ամփոփիչ հանդիպմանը։

ՊՈԱԿ-ի տնօերն Լևոն Ազիզյանը հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով ընթացիկ տարվա գործունեության հիմնական արդյունքները, Կառավարության 2021-2026թթ․ միջոցառումների իրականացման ընթացքը, վճարովի ծառայությունների  արդյունքում ձևավորված ֆինանսական մուտքերը, միազգային ծրագրերի փուլերն ու ՊՈԱԿ-ի կարողությունների վերազինմանն ուղղված քայլերը։

Նախարարը ևս մեկ անգամ անդրադարձել է ՊՈԱԿ-ի գործունեության արդյունքում ստացված տեղեկատվության կարևորությանը և անկյունաքարային նշանակությանը բոլոր ոլորտներում քաղաքականությունների մշակման գործում և վերահաստատել, որ  Կառավարությունը ջանք չի խնայում կարևորագույն այս ոլորտի արդիականացման և վերազինման համար։

Ի կատարումն ՀՀ կառավարության 2021-2026 թվականի միջոցառումների ծրագրի 2․3 և 14․1 կետերի՝ ձեռք է բերվել օդերևութաբանական 20 ավտոմատ կայան, որից 9-ը՝ ՀՀ կառավարության կողմից տրամադրված 200 մլն դրամ աջակցությամբ, իսկ 11-ը՝ ՄԱԶԾ դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում, որոնցից հինգը տեղադրվել են Սևանա լճի ավազանում, երկու կայանում տեղադրվել են նաև ջրի մակերևույթից գոլորշացման դիտարկման տվիչներ։

EU4Sevan ծրագրի շրջանակներում  իրականացվել է Սևանա լճի և ջրհավաք ավազանի գետերի հիդրոքիմիական և հիդրոկենսաբանական մոնիթորինգի տեխնիկական կարողությունների զարգացում։ Սևանա լճի ջրի որակի ամսական համալիր դիտարկումների իրականացման ֆինանսավորումը  ներառվել է 2024 թվականի բյուջեում։

Ի կատարումն միջոցառումների ծրագրի 10․1 կետի՝ իրականացվել են հողերի դաշտային հետազոտական աշխատանքներ, և լաբորատոր հետազոտություններ 3 տեղամասում և տվյալների տրամադրում ՇՄՆ Հողերի և ընդերքի քաղաքականության վարչություն: Սակայն միջոցառումները ամբողջությամբ իրականացնելու նպատակով անհրաժեշտ է ֆինանսավորման ավելացում (100 մլն)։

2023թ․ ընթացքում «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը գործընկերային հարաբերություններ է ստեղծել մի շարք միջազգային կառույցների հետ, ինչի արդյունքում կնքվել է 7 դրամաշնորհային պայմանագիր՝ ՊՈԱԿ-ի ինստիտուցիոնալ,  տեխնիկական և մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով։

ՊՈԱԿ-ի կողմից մշակվել է ՀՀ-ում Կլիմայական ծառայությունների ազգային շրջանակը

ՊՈԱԿ-ի մասնագետները մշակել են «Արդյունաբերական գործընթացներ և արտադրանքի օգտագործում», «Հողօգտագործում, հողօգտագործման փոփոխություն և անտառտնտեսություն», «Թափոններ» ոլորտների ՋԳ արտանետումների հաշվետվությունը

2023թ․ ընթացքում հաստատվել են գործընկերային կապեր մի շարք ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների հետ, մասնավորապես՝ Էստոնիայի Շրջակա միջավայրի գործակալության և Արաբական Միացյալ   Էմիրությունների Օդերևութաբանության ազգային կենտրոնի հետ։

Շարունակվել է տարբեր ոլորտներում գործընկերային կապերի խորացումը Գերմանիայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Ռուսաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Շվեյցարիայի, Ավստրիայի, Ղազախստանի, Ճապոնիայի, Չինաստանի և մի շարք այլ երկրների ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների հետ։

2023թ․ ընթացքում կնքվել է 5 Փոխըմբռնման հուշագիր։ Համաձայնեցման փուլում է գտնվում  ևս 2 հուշագրերի կնքումը։

2023թ․ ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները մասնակցել են տարբեր կազմակերպությունների կողմից կազմակերպված 260-ից ավել դասընթացների, աշխատաժողովների, քննարկումների և հանդիպումների։

Հաշվետու զեկույցներից հետո աշխատակիցների հետ քննարկումների ավարտին նախարարը շրջայց է կատարել ՊՈԱԿ-ի լաբորատորիայում՝ տեղում ծանոթանալու աշխատանքային պայմաններին և տեխնիկական հանրավորություններին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Կլիմայի փոփոխության ազդեցության մեղմում Հայաստանում անտառային և դաշտային հրդեհների կառավարման կարողությունների զարգացման միջոցով» թեմայով աշխատանքային քննարկում

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով