«Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» (AmCham) հասարակական կազմակերպությունը Parpounas Sustainable Consultants (PSC) ընկերության հետ համատեղ ձեռք բերած պայմանագրի արդյունքում, Արտադրողի Ընդլայնված Պատասխանատվության EPR սկզբունքի հիման վրա, արդեն սկսել է Հայաստանում փաթեթավորման թափոնների կառավարման համակարգ ստեղծելու գործընթացը, որի հիմնական նպատակն է տրամադրել փաթեթավորման թափոնների կառավարման հայկական գնահատում և ուղեցույց:
Նոյեմբերի 4-ին, Հայաստանում AmCham-ը՝ Արագ շարժվող սպառողական ապրանքների (FMCG), Կայուն թափոնների կառավարման կոմիտեի (SWM ) և Parpounas Sustainable Consultants (PSC) ընկերության ներկայացուցիչների հետ անցկացրեց մեկնարկային հանդիպում-քննարկում։ Հանդիպմանը ներկա էին ՀԱԱՊ-ի FMCG կոմիտեի անդամները, Շրջակա միջավայրի նախարարության, ՄԱԶԾ-ի, ՀԱՄԲ-ի, ԵԲԱ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ գործընկերներ և ՀԱԱՊ գործադիր թիմը:

Հանդիպման ընթացքում Parpounas Sustainable Consultants ընկերության հիմնադիր պարոն Կիրիակոս Պարպունասը ներկայացրեց PSC ընկերությունը, անցած ճանապարհը, կայուն խորհրդատվության համաշխարհային շուկայում ունեցած փորձը, ծրագրի շրջանակն ու Արտադրողի Ընդլայնված Պատասխանատվության EPR հայեցակարգը՝ ԵՄ-ում:
«Մենք Հայաստանում ենք AmCham հասարակական կազմակերպության հրավերով, որպեսզի ուսումնասիրություն կատարենք Հայաստանի փաթեթավորման կառավարման ոլորտում, որի մեկնարկն արդեն տրված է»,- Eco.am-ի հետ զրույցում ասաց PSC ընկերության հիմնադիր Կիրիակոս Պարպունասը և շեշտեց․ «Ոլորտում ունեցած մեծ փորձը ցանկանում ենք ներդնել Հայաստանում։ Ինչ-որ առումով արդեն որոշ երկրներ, մասնավորապես եվրոպական, հաջողություններ են գրանցել այս ոլորտում ու նրանց կողմից առաջարկված և հաջողված լուծումները ներդնում ենք Հայաստանում, որպեսզի այստեղ էլ հասնենք առավելագույն արդյունքի»։
Խոսելով Հայաստանում ոլորտի առաջընթացի մասին հավաստիացրեց, որ թեպետ փոքր քայլերով, բայց արդեն գրանցվել է և հաջորդաբար շարունակում են գրանցել հաջողություններ․ «Վստահ եմ, առաջընթացը չի դադարի։ Թեպետ այս ոլորտում շատ անելիքները կան, բայց վերջնական ուսումնասիրության համար ունենք 4-5 ամիս, որին էլ կհաջորդի մեր վերջնական զեկույցը՝ այս «լարված» աշխատանքների մասին»։
Արտադրողի Ընդլայնված Պատասխանատվության (EPR) համակարգի ներդրման վերաբերյալ Հայաստանի պարտավորությունները կատարելու համար, մինչև 2024 թվականը, հետսպառողական թափոնների կառավարման թափանցիկ, արդյունավետ և կայուն համակարգ ստեղծելու ծրագրի իրագործմանը միացել է նաև հայկական գործարար համայնքը։
«Արդեն 2,5 տարի է ինչ համագործակցում ենք պետական կառավարման մարմինների, ինչպես նաև այլ ասոցիացիաների, միավորումների հետ, որպեսզի Թափոնների կայուն կառավարման ծրագիրը կարողանանք առաջ մղել։ Ծրագրի շրջանակներում հավաքվել է նաև բիզնես համայնքը»,- Eco.am-ի հետ զրույցում ասաց «Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը:
Ըստ զրուցակցի, Հայաստանում թափոնների կայուն կառավարման կարևորությունն ընդգծելու համար արդեն որոշակի միջոցառումներ, սեմինարներ են իրականացվել, որի ընթացքում բիզնես ոլորտին իրազեկվել է, թե Հայաստանում որքանով է կարևոր թափոնների կայուն կառավարումը։
«2024 թվականից CEPA-ի շրջանակներում պարտավորված ենք ներդնել թափոնների կայուն կառավարման համակարգը։ Հայաստանում պլաստիկ տոպրակների շահագործումը հաջորդ տարվանից արգելվելու է, սակայն, դժբախտաբար, բնակչության մեծ մասը լավատեղյակ չէ այդ ամբողջ գործընթացին։ Մենք, որպես հասարակական կազմակերպություն, փորձում ենք այն լուսաբանել մեր հաղորդակցման ուղիներով, ինչպես նաև, համախմբվել բիզնես համայնքի հետ, քանի որ, եթե ներդրվի այդ համակարգը, հիմնական ազդեցությունը լինելու է բիզնես համայնքի վրա։ Եթե ոչինչ չանենք, ապա պետությունը կվերցնի ու հարկեր կսահմանի, որը չի բխում բիզնես ոլորտի շահերից։ Մենք առաջարկում ենք ավելի ընդունելի համակարգ՝ արտադրողի ընդլայնված պատասխանատվություն- դեպոզիտ սիստեմը, բայց դրա համար նախ հարկավոր է հասկանալ, թե որն է այն լավագույն մոդելը, որը կարելի է ներդնել Հայաստանում»,- տեղեկացնում է «Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանն ու պնդում, որ դրա համար պետք է վերլուծել ամբողջ համակարգը։
«Ծրագրի շրջանակներում, որպես շուկայի գնահատման խորհրդատվական ընկերություն, ընտրվել է կիպրոսյան Parpounas Sustainable Consultants (PSC) ընկերությունը։ Այն մեծ փորձ ունի արևելյան եվրոպայի երկրներում, ինչպես օրինակ՝ Ուկրաինա, Պրիբալտիկա, Ռումինիա։ Բացի դրանից, ընդգրկել ենք նաև փորձագետներ, որտեղ հիմնական պրոցեսն առաջնորդում են խորհրդատվություն անելու մեծ փորձ ունեցող «Կոկա կոլա» ընկերության փորձագետները, քանի որ հանդիսանում են պլաստիկ շշերի հիմնական թողարկողը։ Այսպես ասած, որպես սոցիալական կորպորատիվ պատասխանատվության խոշոր շահագործող, համախմբվել են այս ամբողջ գաղափարի շուրջը և առաջնորդում են պրոցեսը։ Առավելևս, մեր ընկերության փոխնախագահ Էլինա Մարգարյանը, որը նաև հանդիսանում է Արագ սպառման ապրանքների կոմիտեի նախագահը, փորձում ենք իրար հետ համագործակցել և կորդինացնել ամբողջ գործընթացները։
Շուկայի ուսումնասիրության արդյունքում կունենանք հետազոտություն, որը ցույց կտա ամբողջ թափոնների կառավարման հնարավորությունները և իրագործման պլան կառաջարկվի»,- հավաստիացրեց Կարինե Սարգսյաանն ու շեշտեց, որ ծրագրին ներգրավված են նաև տեղական ինքնակառավարման մարմիններ ու գերատեսչություններ այդ թվում և Շրջակա միջավայրի նախարարությունն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Մեր այն դիտարկմանը, թե ինչո՞ւ ընդգրկված չէ Էկոնոմիկայի նախարարութունը, զրուցակիցը բացատրեց․ «Երբ կունենանք կոնկրետ ծրագիր, հաջորդ քայլը կլինի տվյալ նախարարության հետ համագործակցությունը, որովհետև հարկավոր է տնտեսության ոլորտում կատարել բազային հետազոտություն։ Իսկ մյուս գերատեսչությունների հետ համագործակցում ենք փոխնախարարների մակարդակով և դրական փորձ ենք ձեռք բերել։ Կարծում եմ, այն կարող է հաջող օրինակ լինել՝ մասնավոր-բիզնես համայնք համագործակցության համար»,- կարևորեց զրուցակիցն ու շնորհակալություն հայտնեց այն ընկերություններին, որոնք աջակցություն են ցուցաբերել ծրագրին․ «Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել «Կոկա կոլա» ընկերությանը, «Ֆիլիպ մորիս արմենիա» ընկերությանը, «Արարատ» բրենդին և «Օպտիմ» ընկերությանը։ Ի դեպ, թեպետ, «Արարատ բրենդը մեր Առևտրի պալատի անդամ չէ, սակայն մեծ բարյացակամությամբ ֆինասապես աջակցեց, որպեսզի այս հետազոտությունը իրականություն դառնա։ Միևնույն ժամանակ, եվրոպական բիզնես-ասոցիացիան և գործարարների միությունը համագործակցել են իրենց առաջարկներով և հաշվի է առնվել բոլորի կարծիքները»,- եզրափակեց Կարինե Սարգսյանը։
Այս ուսումնասիրությունը նպատակ ունի աջակցել Հայաստանում EPR համակարգերի ընդունմանը` բացահայտելով և առաջարկելով Հայաստանի համար առավել հարմար և ֆինանսապես հիմնավորված լավագույն սցենարները: Նախագիծն իր տեսակով բացառիկ է, քանի որ իր շուրջ է համախմբել գրեթե բոլոր գործարարներին։
Eco.am-ի հետ զրույցում, «Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» հասարակական կազմակերպության փոխնախագահ Էլինա Մարգարյանն ասաց, որ եթե նման համախմբում չլինի գործընթացը չի աշխատի․ «Եթե բիզնես ոլորտը պատասխանատվություն չկրի, ապա գործընթացը չի աշխատի։ Տարբեր երկրներում տեսել ենք այդ փորձը, որ պետությունն օգտագործում է տուգանքների լծակները՝ հարկային բեռի տեսքով։ Սակայն, հասկանում ենք, որ գործարարը շարունակում է վճարել, քանի որ այդ պարտավորություն ու պատասխանատվություն ունի, բայց ընդհանուր առմամբ հարցը չի լուծվում»,– ասաց զրուցակիցն ու հիմնավորեց․ «Խնդիրը հետևյալն է, որ ունենանք նորմալ գործող շրջանաձև տնտեսություն, որը պետք է այդ ամբողջ շղթան ապահովի։ Եթե դու միայն հարկ ես վճարում, գեներացնում ես որպես բիզնես-մոդել, այդ դեպքում այդ հարցը չես լուծում։ Պետք է այդ գումարը ներդնել նպատակի համար»։
Նախագծում ներգրավված և ֆինասապես աջակցություն ցուցաբերած՝ «Պեռնորիկար արմենիայի» և «Ֆիլիպ մորիս» ընկերությունների կողքին աջակցության առյուծի բաժինը «Կոկա կոլա» ընկերությանն է։
«Գլոբալ մակարդակով «Կոկա կոլան» ստանձնել է այդ պատասխանատվությունը 2018 թվականից, երբ ֆորումի ժամանակ ընկերության գործադիր տնօրենը հայտարարեց, որ մինչև 2030 թվականը պիտի ստանձնի պատասխանատվություն, որպեսզի հավաքագրի, տարանջատի, վերամշակի 100 տոկոս փաթեթավորումը, որը իրականում գնում է շուկա։ Լինելով այդ ընդհանուր շարժման ջատագովներից մեկը, պատասխանատվություն ստանձնեցինք նաև Հայաստանում։ Այսինքն, բոլոր այն երկրներում, որտեղ «Կոկա կոլան» ակտիվ գործունեություն է ծավալում, ստանձնում է այդ պարտավորությունը՝ ներգրավվելով իր էքսպերտների փորձառու խումբը։ Այդ իսկ պատճառով, ցանկացանք այդ գործընթացից դուրս չթողնել նաև Հայաստանը»,- ասաց Էլինա Մարգարյանը։





Թողնել մեկնաբանություն