2023 թվականի ամռանը ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտը սկսեց աշխատանքը «IMPACT» նախագծի վրա, ծրագրի նպատակն է գնահատել կլիմայի նախկին և ներկա փոփոխությունների ազդեցությունը Հայկական լեռնաշխարհի լճային էկոհամակարգերի վրա:
Eco.am սոցիալական հարթակը Բուսաբանության ինստիտուտից տեղեկացավ, որ շուրջ մեկ տարի է՝ արշավախմբային և լաբորատոր հետազոտությունները չեն դադարում։ Ներկայումս Հայաստանում լճերի ներկա վիճակը մշտադիտարկվում է։ Մինչ օրս աշխատանքներ են տարվել վեց լճերի վրա։ Ուսումնասիրվում են հիդրոլոգիական, հիդրոքիմիական և հիդրոկենսաբանական պարամետրերը, ինչպես նաև լճերի մակերևույթից մեթանի արտանետումը մթնոլորտ։
Լոռվա բարձրավանդակում գտնվող Ջրաշուշանների լճում (Ուրասար) իրականացվել են աշխատանքների համալիր՝ լճի հատակի քարտեզագրում և հատակային նստվածքների նմուշառում։ Ստացված նմուշներով ներկայումս իրականացվում են լաբորատոր ուսումնասիրություններ, որոնց արդյունքները հնարավորություն կտան վերակառուցել կլիմայի և լճային էկոհամակարգի զարգացումը Հոլոցենի շրջանում։
Ներկայումս (2024թ. ապրիլ) հետազոտություններ են իրականացվում Սևանա լիճ թափվող բոլոր գետերի և ժամանակավոր հուսք ունեցող գետակների վրա։ Գնահատվում են ջրի և նստվածքի հոսքի արագությունը, չափվում են հիդրոքիմիական պարամետրերը, ջրի կենսաբանական ուսումնասիրությունների համար վերցվում են ջրի և նստվածքի նմուշներ:
Աշխատանքի ընթացքում հայտնաբերվել է անմխիթար իրավիճակ՝ կենցաղային և շինարարական աղբի չարտոնված թափոնների առկայությամբ անմիջապես ջրահոսքերի ճնշող մեծամասնության հուներում։ Սևանա լճի արշավախմբային աշխատանքները նախատեսվում են 2024 թվականի ամռանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ




Թողնել մեկնաբանություն