Հայաստանի Էներգետիկայի զարգացման ռազմավարությունը

https://eco.am/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a7%d5%b6%d5%a5%d6%80%d5%a3%d5%a5%d5%bf%d5%ab%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%a6%d5%a1%d6%80%d5%a3%d5%a1%d6%81%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%bc%d5%a1/

Հունվարի 22-ին  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարար Սուրեն Պապիկյանը և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել են Հայկական ԱԷԿ՝ ծանոթանալու՝ կայանի արդիականացման աշխատանքների իրականացման ընթացքին:

Ներկայում ՀԱԷԿ-ը պատրաստվում է արդիականացման ավարտական փուլին։ Կայանում կատարվել է  ռեակտորի իրանի վերականգնողական թրծաթողման համակարգի տեղադրման աշխատանք, որն անցել է բոլոր համապատասխան ստուգումներն ու լիովին պատրաստ է շահագործման: Բուն թրծաթողման գործընթացը կիրականացվի այս տարի, ինչը թույլ կտա կայանին աշխատանքը շարունակել նաև 2026 թվականից հետո: Այս մասին տեղեկացնում է   ՏԿԵ նախարարությունը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել համակարգի աշխատակիցների մասնագիտական որակներն ու նվիրվածությունը, որոնց շնորհիվ նախորդ տարի համավարակի և ռազմական դրության պայմաններում հնարավոր է եղել պահպանել Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունեցող ճյուղի կայունությունը։ «Անչափ կարևորում եմ ռուս գործընկերների հետ ոլորտի զարգացման ուղղությամբ առաջիկայում տարվող համատեղ աշխատանքը։ Ատոմային էներգետիկան այսօր թույլ տալիս է ապահովել Հանրապետության էներգետիկ անվտանգության և անկախության պատշաճ մակարդակը», –ընդգծել է նախարար Պապիկյանը։ Նա հիշեցրել է նաև, որ տարեսկզբին ՀՀ կառավարությունը հաստատել է մինչև 2040 թվականը էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագիրը: «Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանի ատոմային ոլորտի զարգացման հիմնական առաջնահերթություններից մեկը Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումն է 2026 թվականից հետո. կառավարությունը մտադիր է կայանի շահագործումը երկարաձգել առնվազն մինչև 2036 թվականը: Միևնույն ժամանակ զարգացման ռազմավարության հիմնական նպատակը նոր ատոմակայանի կառուցումն է», – ասել է նախարարը:

Մեկնաբանելով էներգետիկ ոլորտում երկրների միջև համագործակցության զարգացումը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ ու լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է. «Փոխօգնության, վստահության ու բարեկամության ավանդույթներն են որոշում Ռուսաստանի և Հայաստանի այսօրվա հարաբերությունները։ Ընդ որում, ատոմային էներգետիկան մնում է իրապես ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություն մեր երկկողմ փոխգործակցության զարգացման համար: Հայկական ԱԷԿ-ի արդիականացման նախագծի հաջող իրականացման կարևորությունը երբեք կասկածի տակ չի դրվել։ Վերջին երեք տարիների ընթացքում հսկայական ծավալի աշխատանք է կատարվել։ Դա հնարավոր է դարձել հայ և ռուս մասնագետների մասնագիտական վարպետության, համակարգված և ամբողջական նվիրումով աշխատելու նրանց ունակության շնորհիվ։ Սակայն աշխատանքների ճակատը մնում է բավական լայն և 2021 թվականը պետք է վճռորոշ լինի վերջնական արդյունքի հասնելու ճանապարհին։ Հայկական ԱԷԿ-ը պետք է մնա ցածր գներով էներգիայի արտադրության կայուն աղբյուր և նպաստի երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը»:

ՀԱԷԿ-ում իրականացվող աշխատանքների գլխավոր կապալառուն «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն է:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով