Համապետական ծառատունկին ընդառաջ խորհրդակցություն ՇՄ նախարարությունում

https://eco.am/%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ae%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bf%d5%b8%d6%82%d5%b6%d5%af%d5%ab%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb-%d5%ad%d5%b8%d6%80/

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ մարզպետների, մարզպետարանների ներկայացուցիչների և Երևանի փոխքաղաքապետերի հետ խորհրդակցություն-քննարկում է անցկացվել, որին մասնակցել են նաև Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը։
Քննարկվել են Երևան քաղաքում և մարզերում համապետական ծառատունկը պատշաճ կազմակերպելու վերաբերյալ մի շարք օրակարգային հարցեր, գույքագրվել են բոլոր այն տարածքները, որտեղ կիրականացվի ծառատունկ, քննարկվել են մարդկային և տեխնիկական  ռեսուրսի հավասարաչափ բաշխմանը վերաբերող հարցեր։
Ողջունելով ներկաներին, նախարարը նախ ներկայացրել է «10 մլն ծառ» նախաձեռնության ընթացիկ իրավիճակը, ապա անդրադարձել այդ նախաձեռնության շրջանակում ապրիլի 25-ին նախատեսված համապետական ծառատունկին, հորդորել գործընկերներին անել հնարավորը՝ ծառատունկի աշխատանքներն  առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար։
Համապետական ծառատունկի ընթացքում նախատեսվում է.

  • 100 000 տնկի, այդ թվում՝ վայրի խնձորենի, տանձենի և ընկուզենի հատկացնել Երևանի քաղաքապետարանին և հանրապետության խոշոր քաղաքներին ու համայնքներին՝ պուրակներում ու զբոսայգիներում ծառատունկ իրականացնելու համար,
  • 200 000 տնկի տրամադրել մարզպետարաններին՝ տեղական ինքնակառավարման մարմինների և պետական գերատեսչությունների հետ համատեղ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնկարկներում նախանշված տարածքներում տնկելու համար։

Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Ա. Պետրոսյանը ներկայացրեց նախատեսված տնկանյութի բաշխումն ըստ մարզերի.

ք. Երևան – 25.000

Արագածոտնի մարզ – 7000,

Արարտի մարզ- 7000,

Արմավիրի մարզ – 6000,

Գեղարքունիքի մարզ –8000,

Կոտայքի մարզ – 10.000,

Լոռու մարզ-7000,

Շիրակի մարզ – 10.000,

Սյունիքի մարզ – 7000,

Տավուշի մարզ – 6000,

Վայոց ձորի մարզ – 7000։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պ. Ցուգունյանը ներկայացրել է տնկվող ծառատեսակները՝ կաղնի, հացենի, թխկի, ընկուզենի, խնձորենի և տնկման համար նախատեսված տարածքներն ըստ հեկտարների։ Նա տեղեկացրեց, որ ՊՈԱԿ-ի մասնագետները պատրաստ են օժանդակել տնկման աշխատանքների վերաբերյալ խորհրդատվությամբ։
Քննարկվել են նաև տնկված ծառերի հետագա խնամքին վերաբերող հարցեր։
Նախարարը խնդրել է գործընկերներին պատշաճ իրազեկել հանրությանը՝ ծառատունկի անցկացման վայրերի և մասնակցելու եղանակների մասին՝ տրամադրելով համայնքային և անտառային տունկի համակարգողների կոնտակտները։
Հասարակական կազմակերպությունները և քաղաքացիական նախաձեռնությունները, ովքեր ցանկություն կհայտնեն մասնակցել համապետական ծառատունկին, կարող են դիմել`
Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտե՝ էլ հասցե՝  info@forestcommittee.am,  հեռ.՝ (010) 65 17 38 կամ զանգահարել Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմ 098 888283 հեռախոսահամարով։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով