Համաշխարհային օվկիանոսը շարունակում Է աննախադեպ տեմպերով տաքանալ

https://eco.am/%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d6%85%d5%be%d5%af%d5%ab%d5%a1%d5%b6%d5%b8%d5%bd%d5%a8-%d5%b7%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%b6%d5%a1%d5%af%d5%b8%d6%82%d5%b4/

Վեց տարի անընդմեջ Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը ռեկորդներ է սահմանում, և 2021 թվականը ևս բացառություն չէր։ Պետք է հասկանալ, որ Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը գլոբալ տաքացման հիմնական ցուցիչներից մեկն է։ Գիտնականները այս գործընթացին սկսել են հետևել դեռևս անցյալ դարի 50-ական թվականներից և տարբեր տարիներին հրապարակված բազմաթիվ զեկույցների համաձայն, օվկիանոսներում ջերմության պարունակությունը սիստեմատիկ մեծանում է ամբողջ աշխարհում։ Իրավիճակը հատկապես սրվել է վերջին մեկ տարվա ընթացքում։ Համաձայն Advances in Atmospheric Sciences ամսագրում վերջերս հրապարակված հետազոտության, որում ներգրավված են եղել միջազգային 14 տարբեր հաստատություններից 23 աշխատակից, 2021 թվականի ընթացքում 2 կիլոմետր հաստությամբ ջրի շերտը կլանել է 14 զետաջոուլով ավելի շատ ջերմություն, քան 2020 թվականին։ Այս ցուցանիշը 145 անգամ գերազանցում է 2020 թվականին աշխարհում արտադրված էներգիայի քանակությունը։ Ի դեպ, մարդկությունը տարեկան ծախսում է մոտ 0,5 զետաջոուլ էներգիա։

Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանի բարձրացումը բազմաթիվ վտանգավոր հետևանքներ է ունենում, որոնք, ի վերջո, կարող են հանգեցնել լուրջ աղետների և անդառնալի կորուստների։

Կլանելով ջերմությունը՝ օվկիանոսը դրանով իսկ կայունացնում է մոլորակի ջերմաստիճանը։ Բայց, բացի ջերմությունից, այն կլանում է նաև մեծ քանակությամբ ածխաթթու գազ։ Այս պահին օվկիանոսները մթնոլորտից կլանում են մարդկության կողմից առաջացած բոլոր արտանետումների 20-ից 30%-ը:

Սակայն, որքան բարձր է օվկիանոսի ջրի ջերմաստիճանը, այնքան քիչ ածխաթթու գազ է այն կլանում մթնոլորտից: Այսինքն՝ որքան տաք է օվկիանոսը, այնքան ավելի արագ են ջերմոցային գազերը կուտակվում մթնոլորտում, և, ըստ այդմ, գլոբալ տաքացման գործընթացն արագանում է։

Միևնույն ժամանակ, այս գործընթացը բացասաբար է անդրադառնում օվկիանոսների էկոհամակարգի վրա: Որքան բարձր է ջրի ջերմաստիճանը, այնքան ցածր է դրանում առկա թթվածնի պարունակությունը։ Այդ է պատճառը, որ օվկիանոսների ջերմաստիճանը բարձրացումից առաջին հերթին տուժում են խոշոր ձկները, որոնք կարիք ունեն մեծ քանակությամբ թթվածնի: Վերջերս Science ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն, գլոբալ տաքացման հետևանքով վերացման վտանգի տակ են հայտնվել անչոուսները, որոնք չափերով բավականին փոքր են և արդյունագործական տեսանկյունից մեծ նշականություն ունեն:

Բացի այդ, ջրի տաքացումը (որպես հետևանք նաև սարցադաշտերի հալոցքը), հանգեցնում է նաև եղանակային և կլիմայական աղետների (փոթորիկներ, ջրհեղեղներ, անոմալ տեղումներ և այն)։

Գիտնականների կողմից իրավիճակի մոդելավորումը ցույց է տվել, որ ջրի ջերմաստիճանի բարձրացումը կապված է մարդու գործունեության արդյունքում մթնոլորտի կազմի փոփոխության հետ։ Ավելին, ջրի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ, ինչի արդյունքում ականատես կլինենք ջերմային նոր ռեկորդների։ Դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մարդկությունը հասնի զրոյական արտանետումների:

Միևնույն ժամանակ, գիտնականները նշում են օվկիանոսում ջերմության կուտակման և ածխածնի արտանետումների միջև կապի մոնիտորինգի կարևորությունը: Ստացված տվյալները կօգնեն գլոբալ տաքացման հետևանքները մեղմելուն ուղղված ծրագրերի իրականացմանը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով