Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը առաջին ընթերցմամբ քննարկեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Eco.am սոցիալական հարթակը հետևելով նիստին պարզեց, որ նախագծի հեղինակ Լ․ Գալստյանը ուսումնասիրել է եվրոպական մի շարք երկրների, Վրաստանի և Ռուսաստանի փորձը, տեղի են ունեցել քննարկումներ շահագրգիռ կազմակերպությունների և մասնագետների հետ:
Ըստ Լիլիթ Գալստյանի, նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանում բնության, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության և օգտագործման նկատմամբ անհատական և հանրային պատասխանատվությունը բարձրացնելու, ինչպես նաև պահպանման կարգերի և ռեժիմների խախտումները նվազեցնելու անհրաժեշտությամբ:
«Այս առումով ներկա իրավիճակը բավական հեռու է բավարար լինելուց, ուստի առաջարկում ենք խստացնել, գրեթե կրկնապատկել օրենսգրքի 94-րդ և 95-րդ հոդվածներով սահմանված վարչական տույժերի չափերը, ինչպես նաև սահմանել համապատասխան կարգավորումներ այն դեպքերում, երբ նույն խախտումը կատարվում է երկրորդ անգամ՝ վեց ամսվա ընթացքում»,- հանձնաժողովի նիսում հայտարարեց Լիլիթ Գալստյանը։
Նախագծին ՀՀ կառավարության դրական կարծիքը ներկայացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, իսկ մի քանի առաջարկներով էլ հանդես եկան նիստին ներկա պատգամավորները։ Այդ թվում ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը առաջարկել է վարչական տույժերից բացի խախտում կատարողներին որոշակի ժամկետներով զրկել պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունից:
Նիստի ավարտին հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին, որն էլ կառաջարկվի ընդգրկելու ԱԺ մայիսի 23-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում:
Eco.am





Թողնել մեկնաբանություն