Այսօր կայացել է «Աճ և վերականգնում` հանուն Հայաստանի հզորացման, վերազինման և բարգավաճման» (ԿԱՆԱՉ Հայաստան) հարթակի քաղաքական չորրորդ երկխոսությունը, որն իրականացվում է ՀՀ կառավարության` Համաշխարհային բանկի, Եվրոպական միության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի նախագահությամբ անցկացված հանդիպման ընթացքում քննարկվել են նորարարական գաղափարներ, ներկայացվել են գլոբալ պատկերացնումներն այն մասին, թե ինչպես ջրի և կեղտաջրերի կայուն կառավարումը կարող է նպաստել կլիմայի փոփոխության նկատմամբ երկրի դիմակայունության բարձրացմանը:
Ներկայացվել են նաև ջրային ոլորտի մարտահրավերների վերաբերյալ Կառավարության հեռահար պատկերացումները, ինչպես նաև Հայաստանի ջրային ոլորտի խոցելի խնդիրների վերաբերյալ միջազգային գործընկերների տեսլականն ու հանձնառությունը, ներառյալ միջազգային փորձը մոբիլիզացնելու և ոլորտում ներդրումները կարևորելու հիմքով հավանական գործընկերությունները:
«Կլիմայի փոփոխությունն էական վտանգ է ներկայացնում Հայաստանի ջրային ռեսուրսների համար։ Ջրի և կեղտաջրերի կայուն կառավարման ապահովումն առանցքային կարևորություն ունի ապագայի կերտման ճանապարհին: Ջրային հատվածի հարմարվողականության պլանը կարևոր քայլեր է ներկայացնում այս նպատակին հասնելու համար: Այն նաև անհրաժեշտաբար լուրջ ուշադրություն է դարձնում ջրի կառավարման ուղղությամբ տեղական մակարդակում կիրառվող և կլիմայական առումով խելացի լուծումներին, որոնք ՄԱԶԾ-ն հաջողությամբ ի ցույց է դրել վերջին տասնամյակների ընթացքում: Այս երկխոսությունը քայլ առաջ է ջանքերը համակարգելու և համագործակցային նոր լուծումներ գտնելու ուղղությամբ», – ասաց Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվիլիշվիլին:
«ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակի նպատակն է համատեղել և օպտիմալացնել ոլորտային քաղաքականություններն ու ներդրումային նախաձեռնությունները՝ աջակցելու Հայաստանին կանաչ տնտեսությանն անցման ճանապարհին:





Թողնել մեկնաբանություն