Մինչև 2010 թվականը, յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ից հետո, Ծիծեռնակաբերդում հավաքված միլիոնավոր ծաղիկները հուշահամալիրից հեռացվում էին որպես աղբ, ապա այրվում։ Գործընթացն իհարկե աղտոտում էր շրջակա միջավայրը, և օդի մթնոլորտը։ Արդեն տասը տարուց ավելի, ծաղիկներն այրելու անհրաժեշտություն չի առաջանում: 2010 թվականին, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրինությանն առաջարկում է այլընտրանքային խորհրդանշական ու բնապահպանական տարբերակ։ Մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակին նվիրաբերված բոլոր ծաղիկները, արդեն տասը տարուց ավելի, ոչ թե նետվում են աղբամանը, այլ վերամշակվելով՝ օգտակար դարձնում բնությանն ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին։
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներն այս տարի ևս եզրափակվեց ավանդական ծաղկեհավաքով:
Eco.am-ն իր ընթերցողների համար փոքրիկ ուսումնասիրություն է կատարել, թե ինչ ճակատագիր են ունենում Ծիծեռնակաբերդի հուշահամիլում, անմեղ զոհերի հիշատակին, անմար կրակի մոտ խոնարհված բոլոր ծաղիկները։ Պարզվում է, որ 2010 թվականից հետո ապրիլի 24-ին հուշահամալիրում խոնարհված բոլոր ծաղիկները երկրորդ կյանք ստանալով վերածվում են թղթի, բացիկների ու մոմերի:
Ինչպես են հավաքվում ծաղիկները
Հուշահամալիրի տարածքից ծաղիկների հավաքման և առավել օգտակար, խորհրդանշական ու բնապահպանական այլընտրանքային տարբերակ է կիրառվում։ Ապրիլի 24-ից մի քանի օր անց, բոլոր ծաղիկները խնամքով հավաքվում են և տեղափոխվում հուշարձանի հետնամաս։
Վերամշակման գործընթացը
Ամբողջը տեղափոխելուց հետո, սկսվում է հաջորդ աշխատատար փուլը՝ առանձնացվում են ցողունն ու թերթիկները:
1․ Ծաղկի ցողուններից պատրաստվում է պարարտախառնուրդ` հուշահամալիրի այգիների մշակման համար։
2․ Ծաղկի չորացված թերթիկներն օգտագործում են թղթի վերամշակման և ձեռքով պատրաստված բացիկների ձևավորման համար:
Սպիտակ մեծ կտորի վրա հավաքվում են ծաղկի թերթիկները, այնուհետև մոտ 2 ամիս թողնում, որպեսզի բնական ճանապարհով չորանա: Այդ ամենից հետո դրանք վերամշակվում են ու դառնում թուղթ կամ մոմ: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս պատրաստված մոմերն ու բացիկներն ուղարկվելու են ՀՀ-ում գտնվող տարբեր դեսպանատներ, արտասահմանում գտնվող Արտաքին գործերի նախարարություններ: Իսկ մոմերի վրա գրվում է դրանց պատմությունը, թե ինչից են պատրաստված։
Ինչ նպատակի է ծառայում վերամշակված թուղթը
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անմար կրակի մոտ դրված ծաղիկներով վերամշակված թուղթը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը օգտագործում է հուշագրեր, շնորհակալագրեր և հրավիրատոմսեր պատրաստելու համար։ Ինչպես նաև պատրաստվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հուշամատյանը, որտեղ շրջայցից հետո իրենց հուշերն ու տպավորություններն են թողնում այցելուները։ Վերամշակված բացիկները կիրառվում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև ուղարկվում են արտերկրի կառույցներ՝ ևս մեկ անգամ հիշեցնելով 20-րդ դարի մեծագույն ոճրագործության` Հայոց ցեղասպանության մասին:
Ովքեր են մասնակցում ծաղիկների վերամշակման գործընթացին
Ծաղիկների վերամշակման աշխատանքներն իրականացվում են անհատ կամավորների և ամենատարբեր կազմակերպություններ ներկայացնող կամավորական խմբերի միջոցով: Ամեն տարի աշխատանքներին մասնակցում են շուրջ 300 կամավորներ: Սակայն, ելնելով կորոնավիրուսային համավարակի պայմաններից, այս տարի ծաղիկների հավաքման գործընթացին մասնակցել է միայն ՀԲԸՄ սկաուտական խումբը։





Թողնել մեկնաբանություն