«Հայաստանում 2023 թվականի դեկտեմբերը եղել է անոմալ տաք։ Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է 5-6 աստիճանով»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն ու հավելեց․ «Դեկտեմբերի 3-րդ տասնօրյակում Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը հասավ 16-17,5 աստիճանի։ Եթե նայում ենք վերջին 100 տարվա վիճակագրական վերլուծությունը, ապա տեսնում ենք, որ և՛ միջին ամսական ջերմաստիճանով, և՛ ցերեկային ժամերին դիտված առավելագույն ջերմաստիճանով այս տարվա դեկտեմբերն ամենատաքն է եղել»,-ասաց Գագիկ Սուրենյանը։
Սուրենյանի փոխանցմամբ Հայաստանը շարունակում է գտնվել արևադարձային տաք հոսանքների ազդեցության գոտում։ Հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը շարունակում է կլիմայական նորմայից բարձր մնալ 6-8 աստիճանով։
«Առաջիկա 5 օրերին այդ տաք օդային հոսանքները չեն նահանջելու։ Մինչև հունվարի 6-ը հանրապետությունը գտնվելու է տաք օդային ալիքի ազդեցության գոտում, անոմալ բարձր ջերմային ֆոնը պահպանվելու է, և ամբողջ տարածքում հաստատվելու է առանց տեղումների եղանակ։ Հունվարին ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կանխատեսվում է կլիմայական նորմայից բարձր 3-5 աստիճանով, տեղումների քանակը լինելու է նորմային մոտ։ Դա նշանակում է լինելու է անոմալ տաք ու բավարար տեղումներով հունվար»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գագիկ Սուրենյանը։
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանն էլ տեղեկացրեց, որ լեռնային շրջաններում ձյան պաշարներ քիչ են կուտակվում․ «Առանձին լեռնային շրջաններում նույնիսկ տեղումները լինում են անձրևի տեսքով։ Մենք, օրինակ, պետք է 1700 մետրից բարձր հատվածում ունենայինք ձնածածկույթ, բայց այսօրվա դրությամբ չունենք։ Դրանից բացի, վերջին տարիներին ապրիլ, մայիս ամիսներին նկատվում է ցածր ջերմաստիճանային ֆոն, ինչը ձնհալքի տեսանկյունից շատ բացասական է»,- ասաց Լևոն Ազիզյանն ու ընդգծեց, որ ապրիլ, մայիս ամիսների փոխարեն, ցածր ջերմաստիճանային ֆոնով պայմանավորված ձնհալքը տեղի է ունենում աստիճանական՝ առանց էական հոսք առաջացնելու։
Ներկայացնելով ջրային ռեսուրսների ու ջրամբարների լցվածության այս տարվա ցուցանիշները՝ Լևոն Ազիզյանը նշել է, որ մոտ 35 տոկոսով ցածր է եղել 2022 թվականի համեմատ։
Մանրամասները՝ տեսանյութում․





Թողնել մեկնաբանություն