Շոգ եղանակը նպաստում է աղիքային վարակիչ հիվանդությունների տարածմանը։ Բժիշկները հաճախ են փաստում, որ այս հիվանդությունը 3 անգամ ավելի շատ է գրանցվում ամռանը, քան թե՝ ձմռանը:
Ըստ վիճակագրության
2021 թվականի համեմատ այս տարի Հայաստանում աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերն աճել են 1.2 անգամ: Վերջին 4 ամիսների ընթացքում մոտ գրանցվել է աղիքային վարակիչ հիվանդությունների 2018 դեպք, իսկ 2021 թվականի նույն ժամանակաշրջանում դեպքերը եղել են 1442-ը:
Աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչներ են՝
1․ բակտերիաները (դիզենտերիա, սալմոնելոզ, որովայնային տիֆ, խոլերա),
2․ վիրուսներ (էնտերովիրուսներ, ռոտավիրուսներ և այլն):
Վարակի տարածման աղբյուր են հիվանդները և վարակակիրները, որոնց արտաթորանքի, փսխման զանգվածների, երբեմն նաև մեզի միջոցով հարուցիչները արտազատվում են արտաքին միջավայր:
Գրեթե բոլոր հարուցիչները բավականին կայուն են արտաքին միջավայրում․
1․ հողում,
2․ջրում
3․ տարբեր առարկաների վրա՝ խոհանոցային սպասք (ափսեներ, գդալներ, բաժակներ և այլն), կահույքի մակերես, դռների բռնակներ:
Սակայն այդ մանրէների համար ինչպես գոյատևման, այնպես էլ բազմացման համար խիստ նպաստավոր պայմաններ առկա են սննդամթերքի մեջ:
Սննդամթերքը բարենպաստ պայմաններում վարակիչ հիվանդությունների հարուցիչների համար հանդիսանում է սննդային միջավայր՝ նպաստելով դրանց աճմանը և բազմացմանը: Օրինակ՝ ավելի հաճախ աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկումների առաջացման պատճառ են դառնում․
1․ ամռանը լավ չլվացված մրգերը և բանջարեղենը,
2․ համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը,
3․ ոչ ճիշտ պատրաստված ուտեստները
Աղիքային վարակիչ հիվանդություններով առավել հաճախ հիվանդանում են
1․երեխաները,
2․ տարեցները,
3․ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, որոնց իմուն համակարգը թույլ է:
Ինչպե՞ս խուսափել աղիքային վարակիչ հիվանդություններից․
1․ Ծորակի ջուրն օգտագործե՛ք միայն 10-15 րոպե հոսելուց հետո։ Մ՛ի խմեք կասկածելի խմելու ջուր, կամ կասկածելու դեպքում ավելի լավ է խմեք միայն եռացրած-սառեցրած տարբերակով, կամ՝ շշալցված ջուր։
2․ Փոքր տարիքի երեխաներին երբեք մի տվեք ծորակի ջուր, ինչպես նաև հում կաթ։
3․ Մրգերը և բանջարեղենը մանրակրկիտ լվացե՛ք հոսող ջրի տակ, առնվազն 2-3 րոպե, իսկ կասկածելի ջրի դեպքում՝ եռացրած ջրով։
4․ Սննդամթերքը միշտ պահպանեք համապատասխան պայմաններում, փակ տարաներում՝ աղտոտումից խուսափելու համար, հետևե՛ք օգտագործման ժամկետներին։
5․Խուսափել ոչ համապատասխան պայմաններում՝ փողոցներում վաճառվող սննդամթերքից։
6․ Մշտապես պահպանեք անձնական հիգիենայի կանոնները. ձեռքերը լվանալ ուտելուց առաջ, զուգարանից հետո, տրանսպորտից օգտվելուց հետո՝ տուն վերադառնալուն պես։
7․ Մի՛ գնեք բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված և այլ սնունդ։
8․ Մի՛ լողացեք լողալու համար չնախատեսված ջրավազաններում՝ ջրամբարներ, ոռոգման ջրատարներ, դեկորատիվ ջրավազաններ, քանի որ դրանք կարող են պարունակել աղիքային վարակների հարուցիչներ,
Այնուամենայնիվ, աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշանների (ջերմության բարձրացում, սրտխառնոց, փսխում, ցավ որովայնի շրջանում, լուծ, ընդհանուր թուլություն և այլն) առկայության դեպքում անհապաղ դիմե՛ք բժշկի։





Թողնել մեկնաբանություն