Իսահակյանական սիրոթերապիա՝ Հ․ Պարոնյան թատրոնի բեմում

https://eco.am/%d5%ab%d5%bd%d5%a1%d5%b0%d5%a1%d5%af%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%bd%d5%ab%d6%80%d5%b8%d5%a9%d5%a5%d6%80%d5%a1%d5%ba%d5%ab%d5%a1%d5%9d-%d5%b0%e2%80%a4-%d5%ba%d5%a1%d6%80%d5%b8%d5%b6/

Սերն էլ առողջ ապրելակերպի մի մասնիկ է, որը դրական լիցքերով է շրջապատում մարդուն ու երկարակյաց դարձնում։ Օրերս Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի «Երվանդ Ղազանչյան թատերասրահում» իսահակյանական յուրօրինակ սիրոթերապիա մատուցվեց՝ «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հանդիսատեսին։ Թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանի բեմադրությամբ կայացավ «Զրույց սիրո մասին Ավետիք Իսահակյանի տողերով» մոնոներկայացման ցուցադրությունը՝ Զարուհի Խաչատրյանի դերակատարմամբ։

Ներկայացման առաջնախաղը կայացել էր նախորդ տարի՝ առցանց տարբերակով՝ կորոնավիրուսային համավարակի պատճառով։ Իսկ այս անգամ բախտ վիճակվեց խաղալ դահլիճում՝ հանդիսականի առաջ․ «Դրանք տարբեր զգացողություններ են։ Առցանց ներկայացման ժամանակ, երբ չկա հանդիսատես, զուտ տեսախցիկի հետ ես շփվում, իսկ տեսախցիկից այն էներգիան չի փոխանցվում ինչպես հանդիսատեսի հետ կենդանի շփումից։ Իսկ հանդիսականի հետ կենդանի շփումից մեծ բավականություն երևի թե չկա»,Eco.am-ի հետ զրույցում երջանկությամբ լի աչքերով ասաց դերասանուհին ու որպես ապացույց հայացքն ուղղեց դեպի հանդիսատեսից ստացած ծաղիկեփնջերը․ «Անկեղծ, ինձ հուզեց հանդիսատեսն իր երկար ծափերով, սիրտս լցվեց։ Շնորհակալ եմ հանդիսատեսին այդ վերաբերմունքի համար»։

Զ․ Խաչատրյանը զարմանում է, թե ինչու մինչև այսօր ոչ ոք ուշադրություն չի դարձրել վարպետի՝ Ավ․ Իսահակյանի անսպառ սերը, որը նա ներարկել է իր գործերում․ «Անկեղծ, զարմանում եմ, հիմա կյանքում Ավետիք Իսահակյանի նման մեծ սեր կա՞, այսքան մեծ սեր, անկեղծ՝ չգիտեմ»,-ասում է դերասանուհին ու պնդում, որ հանդիսատեսն այսօր կարոտ է նման ներկայացումների։ Ըստ նրա,  պոեզիան կարող է մաքրել մարդու հոգին։

«Մարդ այնքան մեծ է, ինչքան որ նա ընդունակ է ուրիշներին սիրելու։ Երբ սիրում ես քո ընկերոջը, ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն քեզ՝ միայն քո ես-ը։ Երբ սիրում ես մի ամբողջ ժողովուրդ, ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն ընկերոջդ:  Մարդկությունը սիրիր – մարդկության չափ մեծ կլինես։ Տիեզերքը սիրիր – տիեզերքի

չափ մեծ կլինես»,- բեմից իսահակյանական իմաստուն խոսքերը դեպի դահլիճ նետեց դերասանուհին, ապա, մեկ այլ տողերով շարունակեց․«Սերը համբերող է, քաղցր է, սերը չի նախանձում, սերը չի գոռոզանում, չի հպարտանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, չի գրգռվում, չար բան չի մտածում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության համար, ամեն բան կրում է, ամեն բանի հավատում է, ամեն բանի հույս ունի, ամեն բանի համբերում է»:

Վերջին տարիներին Զարուհի Խաչատրյանը հաճախ է ներկայանում մոնո ժանրում, սակայն այս անգամ նա փորձել է  կենտրոնանալ հենց պոեզիայի վրա՝ լուսահոգի Երվանդ Ղազանչյանի խորհրդով ու դրդմամբ․«Մի քիչ երկար ճանապարհ է անցել այս մոնոներկայացում։ Որպես պոեզիա միտքն ինձ տվել է լուսահոգի Երվանդ Ղազանչյանը։ Նա շատ էր սիրում Ավ․Իսահակյան և անպայման ուզում էր որ իմ խաղացանկում Իսահակյան ունենամ։ Կոմպոզիցիան կազմելուց հետո, նա սևագիր  տարբերակը լսեց, հավանեց, սակայն ցավոք, չհաջողվեց միասին աշխատել։ Բայց,  գործը շարունակեց որդին՝ Հակոբ Ղազանչյանը, ինչի համար շնորհակալ եմ իրեն»։

Eco.am-ը հանդիսանում է Արմմոնո» 19-րդ» միջազգային թատերական փառատոնի ինֆորմացիոն աջակիցը, որը Երևանում, Գյումրիում և Արտաշատում կընթանա մինչև հունիսի 15-ը։

Իսկ Փառատոնի ներկայացումների ժամանակացույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով․  http://armmono.com/guests/321–2021.html

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով