«Ինքնաբուժումը ցանկալի չէ»․ Մաշկավեներաբան Սևակ Մկրտչյանը՝ թաքնված սեռավարակների մասին

https://eco.am/%d5%ab%d5%b6%d6%84%d5%b6%d5%a1%d5%a2%d5%b8%d6%82%d5%aa%d5%b8%d6%82%d5%b4%d5%a8-%d6%81%d5%a1%d5%b6%d5%af%d5%a1%d5%ac%d5%ab-%d5%b9%d5%a7%e2%80%a4-%d5%b4%d5%a1%d5%b7%d5%af%d5%a1%d5%be%d5%a5/

Առողջությունը մարդու կյանքում ամենակարևոր գրավականներից մեկն է։ Այդ իսկ պատճառով կարևոր է տարվա ընթացքում գոնե երկու անգամ այցելել բժշկի, քանի որ, երբեմն թաքնված հիվանդություններն ի հայտ գալուց հետո բժշկվելու հավանականությունը և՛ դժվարանում է և՛ անգամ դառնում անհնարին։

Սեռավարակները, կամ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների մեծ մասը սկզբնական շրջանում չեն արտահայտվում, ինչը մեծացնում է վարակը ուրիշներին փոխանցելու վտանգը։

«Թաքնված ենք անվանում այն սեռավարակները, որոնք ընթանում են անախտանիշ, այսինքն, որևէ կերպ չեն անհանգստացնում հիվանդին»,- Eco.am-ի հետ զրույցում ասաց մաշկաբան-վեներոլոգ Սևակ Մկրտչյանը։

Ըստ նրա, դրանք բոլորն էլ մեզ հայտնի սեռավարակներն են, որոնք կարող են սկսվել իրենց բնորոշ ախտանիշներով, իսկ որոշ դեպքերում՝ կարող են ունենալ անախտանիշ ընթացք, կամ գանգատներն այնքան չնչին են, որ չեն անհանգստացնում հիվանդին, իսկ հիվանդն էլ չի հետազոտվում և չի հայտնաբերվում սեռավարակը․ «Թաքնված դեպքերը հայտնաբերվում են պատահական հետազոտության արդյունքում, երբ հիվանդը ցանկանում է պարզապես հետազոտվել սեռավարակների նկատմամբ, կամ երբեմն կարող են դիմել այլ խնդիրներով, որը բժշկին կարող է հուշել առկա սեռավարակի մասին և անցկացնել հետազոտություն»։

Սեռավարակները փոխանցվում են սեռական, փոխներարկային, և ընկերքային ճանապարհով և մարդու վերարտադրողական ֆունկցիային իրենց բացասական ազդեցությունն են թողնում ․ «Թաքնված և ոչ միայն թաքնված սեռավարակները կարող են առաջացնել բարդություններ, որոնք կարող են բերել վերարտադրողական ֆունկցիայի խանգարման կամ անպտղության, օրինակ՝ մակամորձիների, ամորձիների, սերմնաբշտերի կամ շագանակագեղձի  բորբոքման»,- ասում է մաշկաբան-վեներոլոգն ու պնդում, որ սեռավարակները չունեն որէև սեզոնային կախվածություն․ «Հավասարապես կարող են արտահայտվել բոլոր սեռավարակները»:

Բանախոսի դիտարկմամբ, մեր տարածաշրջանում գրեթե բոլոր սեռվարակներն էլ տարածված են․ «Բացառությամբ էնդեմիկ բնույթ ունեցող սեռավարակների, ավելի հաճախ հանդիպում են սիֆիլիսը, գոնորեան, խլամիդիոզը, սեռական հերպեսը, ՄԻԱՎ վարակը»:

Ի դեպ, բժիշկը նաև ուշադրություն է հրավիրում հետևյալ փաստին․ «Կան հիվանդություններ, որոնք չեն համարվում սեռավարակներ, սակայն կարող են փոխանցվել նաև սեռական ճանապարհով՝ սերտ շփման, հագուստի կամ անկողնային պարագաների միջոցով։ Դրանք են՝ անոգենիտալ գորտնուկները, քոսը, ցայլքի ոջլոտությունը»:

Սեռավարակի ախտանիշները հայտնաբերելուց հետո երբեմն հիվանդը տուրք է տալիս ինքնաբուժությանը։ Մեզ հետ զրույցում բժիշկը պնդեց․ «Ինքնաբուժումը ցանկալի չէ, առանց հետազոտվելու հիվանդը չի կարող հասկանալ, թե իր մոտ կոնկրետ որ սեռավարակն է։ Յուրաքանչյուր սեռավարակ ունի իր համապատասխան բուժման սխեման և նախընտրելի պրեպարատը։ Երբեմն հիվանդները ինքնաբուժության հետևանքով կարող են հասնել ախտանիշների վերացմանը և համարել, որ բուժվել են, սակայն ոչ լիարժեք բուժման դեպքում հետագայում հնարավոր է բարդությունների առաջացում։ Բացի այդ, սեռավարակները հաճախ զուգակցված են լինում, որոնց մասին հիվանդները կարող են չիմանալ»:

Այնուամենայնիվ, տոկոսային հարաբերությամբ մաշկավեներաբանի աջակցությանը  գերազանցապես դիմում են տղամարդիկ․ «Կանայք հիմնականում դիմում են գինեկոլոգներին, այդ պատճառով նման խնդրով ինձ դիմողները հիմնականում տղամարդիկ են»,- ասաց մաշկաբան-վեներոլոգը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով